Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈԼՈՐԵՑՆՈՂՆԵՐՆ

Նոյեմբեր 03,2005 00:00

ՄՈԼՈՐԵՑՆՈՂՆԵՐՆ ՈՒ ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ «Շատերը ստում են, որպեսզի խաբեն, մյուսներն էլ՝ որովհետեւ խաբված են»՝ ասում էր Սենեկա Կրտսերը Ինչպես հայտնի է, իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի համար մի «գայթակղիչ» կարգախոս են պեղել. «Այո»՝ եվրոպական սահմանադրությանը, «Ոչ»՝ ՀՀՇ-ական սահմանադրությանը: Փաստորեն, «Այո»-ի կողմնակիցների համար արդեն այնքան անվիճելի է սեփական պարտության փաստը, որ նրանց ոչինչ չի մնացել՝ ժողովրդին «ՀՀՇ-ական սահմանադրությամբ» վախեցնելուց բացի: «Ոչ»-ը քարոզող մի շարք կուսակցություններ օրերս Երեւան-Գյումրի մայրուղով ավտոշարասյունային երթ էին անցկացրել, եւ հասարակության հետ հանդիպումներից ակնհայտ էր, որ մարդիկ հակված են «Ոչ» ասել հանրաքվեին միայն այն պատճառով, որ «Այո»-ն քարոզում են գործող իշխանությունները: Մարդկանց ուշադրությունից չէր վրիպել օրինակ այն, որ այդ օրը ընդդիմության հետ չէին Արտաշես Գեղամյանը կամ Շավարշ Քոչարյանը: Վերջինս, ասում են, զբաղված է «Արդարություն» դաշինքի որոշումների հակաքարոզչությամբ, եւ դաշինքի օրակարգում ԵԽԽՎ պատվիրակության կազմից նրան ետ կանչելու հարցն է: Ինչ վերաբերում է Ա. Գեղամյանին, ապա նա մշտապես սպասողական վիճակում է: Այն բանից հետո, երբ իր կուսակցության համագումարում, որին, ի դեպ, ընդդիմադիր դաշտից որեւէ քաղաքական ուժ չէր մասնակցում, Գեղամյանը հռչակվեց «ընդդիմության միասնական լիդեր», նա անմիջապես իշխանություններին ուղղեց կոմպրոմիսային մի տարբերակ՝ հանրաքվեին «Այո» կասեն այն դեպքում, եթե Քոչարյանը լուծարի ԱԺ-ն, անցկացվեն նոր ընտրություններ, ձեւավորվի նոր կառավարություն: Մի՞թե Գեղամյանն այնքան միամիտ է, որ հավատում է, թե իշխանությունները օրինական ընտրություններ կանցկացնեն, ԱՄ-ն նոր ԱԺ-ում մեծամասնություն կկազմի, ինքն էլ որեւէ պաշտոն կստանա: Իհարկե, չի հավատում, պարզապես ինքնասիրահարվածները երբեք մրցակիցներ չեն ունենում, բացի այդ՝ նա այլ խնդիր է լուծում: Ակնհայտ է, որ Գեղամյանը ո՛չ պատրաստվում էր միանալ «Ոչ»-ը քարոզողներին, ո՛չ էլ երբեւէ մտադրություն է ունեցել աջակցել կամ միանալ նրանց այլ դեպքերում, լինի դա թե՛ միասնական հանրահավաք անցկացնելու (բացառությամբ 2002թ. հոկտեմբերի 26-ի ՀԺԿ-ԱՄ-«Հանրապետություն» հանրահավաքի), թե՛ միասնական հայտարարություն ընդունելու նախաձեռնություն: Քաղաքական ամենավճռական պահերին Գեղամյանը պաթետիկ ձայնով Ռոբերտ Սեդրակիչին եւ Սերժ Ազատիչին հերթական կոչ-դիմումն է հղում. որպես կանոն, դրանք անպատասխան են մնում, իսկ արդյունքում ընդդիմությունից անջատվելու խնդիրն է լուծվում: Այո՛, Գեղամյանը իշխանական թեւից իրեն ուղղված որեւէ քննադատություն անպատասխան չի թողնում, ինչն էլ թյուրիմացության մեջ է գցում միամիտներին: Սակայն համաձայնեք, որ նրան հունից հանում է հատկապես «կեղծ ընդդիմություն» որակումը, այն պարզ պատճառով, որ դա է ճշմարտությունը, եւ այս գնահատականին ի պատասխան Գեղամյանը հակադարձում է. «սաղ աշխարհի առաջ ասում եմ՝ գող-ավազակ են, էլի՞ կեղծ ընդդիմություն ենք» թեզը: Այս առիթով տեղին է վկայակոչել պաշտպանության նախարար Ս. Սարգսյանին. անդրդառնալով Գեղամյանի մի ելույթին, նա բավական խոսուն եւ ուշագրավ բացահայտում արեց. «Խուճապի մեջ է: Չգիտեմ՝ այս անգամ պատճառն ինչն է: Երեւի համագործակցելու առաջարկը մերժվել է: Եվ մարդը չգիտի՝ ինչ անի: Նրան թվում է, թե աշխարհը պտտվում է իր շուրջը: Նա չի հասկանում, որ եթե իր հախուռն ելույթները չլինեն, հարյուր տարի մենք նրան չենք հիշի» (2.09.05թ. «Առավոտ»): Ակնհայտ է, որ խոսքը իշխանություն-Գեղամյան համագործակցության մասին է, եւ որը ամենեւին էլ Գեղամյանի կողմից չէ, որ մերժվել է: Ոչ վաղ անցյալին առնչվող գեղամյանական մեկ-երկու նախաձեռնություն էլ վերհիշենք: «Գեղամյանը հայտարարել էր, թե իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել կոալիցիա կազմած ուժերի հետ, եւ պատրաստակամություն էր հայտնել մեղմացնել քննադատությունը նրանց նկատմամբ, լինել ավելի հանդուրժողական» (23.10.2003թ. «Առավոտ»), կամ՝ «Գեղամյանը դարձյալ կոչ է հղում Քոչարյանին», «անհապաղ լուծարեք այս ապիկար ԱԺ-ն, ինքներդ երաշխավորը դարձեք ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների: Ժողովուրդն այդ պարագայում ԱԺ կձեւավորի, վերջինս կձեւավորի կառավարություն, եւ հավատացնում եմ բոլորին եւ ձեզ, պարոն Քոչարյան, որ դա նախկինում գործած ձեր մեղքերի քավությունը կլինի» (11.09.2004թ. «Ազգ») եւ այլն: 1998թ. իշխանափոխությունից սկսած՝ տարբեր քաղաքական գործիչներ՝ Ա. Գեղամյան, Պ. Հայրիկյան, Խ. Հարությունյան, Դ. Վարդանյան, Ս. Ավագյան, Ա. Գ. Սարգսյան, Հ. Խաչատրյան, Ռ. Միրզախանյան, Գ. Իսագուլյան, սատարել են Քոչարյանին: Նրանք կոնկրետ սպասելիքներ ունեին, եւ դրանք ոմանց դեպքում իրականացան, իսկ որոշների դեպքում՝ առայժմ ոչ: ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Բնականաբար, պատրաստակամ ենք տպագրել նաեւ պրն Գեղամյանի հակափաստարկները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել