Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիան

Նոյեմբեր 03,2005 00:00

Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ընդդեմ ՀՀ Սահմանադրության Պատմում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Շավարշ Քոչարյանը: Սահմանադրության անփոփոխ մնացած նախաբանում նշված է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ Սահմանադրության փոփոխությունների դեռ նախորդ նախագծի՝ 2001-ին ներկայացվածի առնչությամբ էր Ադրբեջանը դիմել ԵԽ Վենետիկի հանձնաժողով՝ պահանջելով, որ փոխվի կամ հանվի այս նախաբանը. «Հիմնավորումն էր, թե այս նախաբանում առկա է հղում հռչակագրին, իսկ այդ փաստաթղթում նշված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ իբրեւ հայկական»: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամի փոխանցմամբ, Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծին էլ արձագանքեցին թուրքերը. «Այս տարի ամռանը մեր Սահմանադրության նախաբանին անդրադարձավ արդեն Թուրքիայի պատվիրակությունը՝ ե՛ւ Եվրոպայի խորհրդի ամբիոնից, ե՛ւ ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովում, երբ քննարկվում էր Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Նույն պահանջն էր՝ փոխել: Այս անգամ այն պատճառաբանությամբ, թե նախաբանում հղում կա հռչակագրին, իսկ այդ փաստաթղթում նշված է Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության մասին»: Ըստ թուրքերի, այս հիշատակումը պարունակում է անուղղակի սպառնալիք: «Ավելին, թուրքերը փորձում էին նույնիսկ համապատասխան փոփոխություն կատարել Վեհաժողովի բանաձեւում. առաջարկել էին, որ այդ նախաբանը հանվի ընդհանրապես,- պատմեց պրն Քոչարյանը:- Բայց դա բավարար ձայներ չհավաքեց ու չանցավ ո՛չ ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովում, ո՛չ էլ արդեն Վեհաժողովում»: Վենետիկի հանձնաժողովը, ըստ Շավարշ Քոչարյանի, անպատասխան թողեց Ադրբեջանի եւ Թուրքիայի դիմումները. «Երկու դեպքում էլ նրանք արձագանք չստացան»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել