Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՇԱՀԱԳՈՐԾՎԵՑ

Նոյեմբեր 03,2005 00:00

Երեկ
երրորդ հերթի շահագործումով Ծաղկաձորի նոր ճոպանուղին ամբողջական տեսք ստացավ Ձմեռային
մարզաձեւերի եւ զբոսաշրջության զարգացման համար անգնահատելի նշանակություն ունեցող
այս մարզակառույցի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պատկառազդու
են կառույցի շինարարության համար հատկացված միջոցներն ու թվերը: Ուղիղ գծով այն ունի
4500 մետր երկարություն, ճոպանուղու տարածքում գործելու են 7200, 2500, 2200, 1600
մետր երկարությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող դահուկուղիներ, 2 մլրդ
682 մլն դրամ արժողությամբ ամբողջ սարքավորումները ձեռք են բերվել իտալական հանրահայտ
«Լայթներ» ֆիրմայից, կատարվել է 1 մլրդ 350մլն դրամի շինարարական աշխատանք, ամբողջ
շինարարությունն արժեցել է 4 մլրդ 172 մլն դրամ, որից 3 մլրդ 972 մլն-ը հատկացրել
է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, 140 մլն-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը,
60 մլն-ը՝ «Հայերկաթուղի» ընկերությունը: Հատուկ ճոպանուղու համար կառուցվել է 35
հազար կվտ հզորությամբ նոր ենթակայան: «Լայթների» տնօրեն Օսկար Թիրլինգը տեղեկացրեց,
որ ճոպանուղին ամբողջությամբ կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան եւ
որ շատ շուտով իրենք Ծաղկաձոր կբերեն նաեւ «Բրենոդ» ֆիրմայի արտադրության ձյուն մշակող
երեք հատուկ մեքենա: Այս ֆիրման է իրականացրել դահուկային սպորտի աշխարհի վերջին
երեք առաջնությունների դահուկուղիների մշակումը եւ նույն բանը նրան է վստահվել նաեւ
Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում: Իր շնորհավորական խոսքում նախագահ
Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց. «Նախապես էր որոշված. եթե Ծաղկաձորում նոր ճոպանուղի պետք
է կառուցել, ուրեմն պետք է կառուցվի լավը: Հիմա հարկավոր է լրջորեն մտածել այն ճիշտ
շահագործելու մասին: Պետք է անել այնպես, որպեսզի Ծաղկաձորում եւ մոտակա գյուղերում
համապատասխան ծառայությունները զարգանան, որպեսզի ճոպանուղին օգտագործվի ոչ միայն
սպորտի, այլեւ տուրիզմի զարգացման համար: Այս կառույցն օգնելու է լուրջ ազդեցություն
ունենալ երկրի տնտեսական քաղաքականության վրա: Պետք է մտածենք ընդհանրապես այս տարածքի
բնապահպանական խնդիրների՝ անտառապատման աշխատանքներ կատարելու մասին: Փորձելու ենք
ամեն տարի այս կառույցին ինչ-որ նոր բան ավելացնել, որակյալ ծառայություններ մատուցելով
ապացուցել, որ Հայաստանը ձմեռային տուրիզմի ճիշտ երկիր է»: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել