Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ «ՊԱՊԱՅԻ»

Նոյեմբեր 03,2005 00:00

Երվանդ
Ղազանչյանը իշխանությունների համար նախընտրելի է Սոս Սարգսյանից ԹԳՄ
գործող նախագահ Երվանդ Ղազանչյանը երեկ ներկայացնելով 2000-2005թթ. միության կատարած
աշխատանքների հաշվետվությունը՝ թատրոնների ու թատրոնի մարդկանց այսօրվա վիճակը գնահատեց
բավարար: Թվարկելով թատրոնների հաջողությունները, միջազգային ու հանրապետական փառատոների
(անգամ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Հայֆեստ», «Արմմոնո» եւ այլն) անցկացումը, չգիտես
ինչու, նա այդ ամենը վերագրեց ԹԳՄ-ին: ԹԳՄ անդամ Մուսայել Գալոյանն ասաց,
որ հազիվ են գտել կարգին նախագահ, եւ կոչ արեց քվեարկել Ղազանչյանի օգտին: Նույն
կարծիքին էր նաեւ Սյունիքի մարզային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կամո Արզումանյանը.
«Եթե 70-ամյա պետական թատրոնը կա՝ Երվանդ Ղազանչյանի շնորհիվ է… մենք ոչ թե պիտի
ընտրենք, այլ պիտի խնդրենք, որ նման մարդը դառնա միության ղեկավար»: Ընդհանրապես
մարզերից ժամանած թատերական գործիչները գովաբանում էին Երվանդ Ղազանչյանին, իսկ մայրաքաղաքային
թատրոնների ղեկավարները՝ ընդհակառակը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին
համագումարի մթնոլորտը ստիպել էր հիշել ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինի խոսքերը.
ինչ կուսակցություն ստեղծում ենք՝ կոմունիստական է դուրս գալիս: «Հայաստանում վերջերս
չի ստեղծվել ոչ մի նոր թատրոն, իսկ եթե չեն ստեղծվում նոր թատրոններ, ուրեմն թատերական
կյանքը դոփում է տեղում: Խոստովանենք, որ Հայաստանի թատերական կյանքը դուրս է մղված
համաշխարհային թատերական պրոցեսներից, պետությունը չի հասկանում մեր կարեւորությունը
ու ճիշտ էլ անում է, որովհետեւ էնտեղ նստած են մարդիկ, ովքեր ոչ համապատասխան կրթություն
ունեն, ոչ էլ նման միջավայրում են դաստիարակվել: Իսկ ո՞վ պիտի իրենց հասկացնի, եթե
ոչ ԹԳՄ-ն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե վիճակը առաջիկայում էլ չփոխվի՝ ինքը կհեռանա
միությունից: Նույն կարծիքին էր նաեւ «Գոյ» փորձարարական թատրոն-ստուդիայի
ղեկավար Արմեն Մազմանյանը, որը գործընկերներին կոչ արեց «բաց խոսել, որովհետեւ չենք
եկել ինչ-որ մեկին մեծարելու կամ քցելու»: Նա եւս ԹԳՄ գործունեությունը գնահատեց
անբավարար. «Մեր թատերական պրոցեսը 21-րդ դարին ադեկվատ չէ, արվեստի տեղն ու դերը
հասարակության մեջ փչացած է, եւ դրա մեղավորն էլ ԹԳՄ-ն է, որն իր գործը լավ չի անում»:
«Ագուլիս» թատրոնի ղեկավար Երվանդ Մանարյանին որոշ առումով բավարարել էր Ղազանչյանի
զեկուցումը. «բայց ավելի կարեւոր է, որ ճիշտ գնահատվի թատրոնի տեղն ու դերը մեր հասարակության
մեջ… Թատրոնը պետության համար պետք է լինի նույնքան կարեւոր, որքան բանակը, առողջապահությունը,
կրթության համակարգը»: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական
ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը օրինակներ բերեց, թե ինչպես է Ղազանչյանը չարաշահել
իր պաշտոնեական դիրքը, պետական մրցանակի ներկայացրել իր նախընտրած ներկայացումները,
միանձնյա որոշել, թե ովքեր պետք է դառնան միության անդամներ եւ այլն: «Հայֆեստ»
փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանն ասաց, որ Սոս Սարգսյանի օգտին 2 ձեռքով «կողմ»
կքվեարկի, որովհետեւ «ինքը մեր պապան ա, իմաստուն ա»: «Մետրո» թատրոնի ղեկավար
Վիգեն Ստեփանյանը չուզեց ԹԳՄ նախագահի պաշտոնը անձնավորել, բայց միեւնույն ժամանակ
այն կարծիքին է, որ միության ղեկավարը պետք է լինի հեղինակություն, ում հետ «վերեւները»
հաշվի կնստեն. «Շատերն ասում են, որ Սոս Սարգսյանը մեծացել է, բայց ինձ համար նա
այն մարդն է, ով պայքարում է»,- ասաց պրն Ստեփանյանը: Պատանի հանդիսատեսի
թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանը հիասթափված էր. «Համագումարն ասես մի տխուր ներկայացում
լինի, արդեն լուրջ մտածում եմ՝ իմաստ ունի՞ այս միությունում մնալս: 4 ամիս առաջ
ամեն ինչ լավ էր, բոլորը գոհ էին Երվանդ Ղազանչյանից, հիմա հայտարարում են, թե 10
տարի վատ է աշխատել… Կատարյալ ծաղր է՝ թեկնածուն (նկատի ունի Ս. Սարգսյանին- Գ.
Հ.), որը պատրաստվում է առաջադրվել, ներկա չէ համագումարին, բայց նամակ է գրել: Այդ
թեկնածուին չենք կարող հարցեր տալ, թե ինչպես է տեսնում միությունը, ով է իր թիմը:
Իսկ ինչ-որ մարդիկ, ինստիտուտի լծակների ազդեցության տակ, գործում են հօգուտ Սոս
Սարգսյանի: Երեւի մեկն ուզում է դոցենտ դառնալ, մեկը՝ պրոֆեսոր»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. ԹԳՄ նախագահի 3 թեկնածուներից Վիգեն Ստեփանյանը
ինքնաբացարկ հայտարարեց, նույնկերպ փորձեց վարվել նաեւ Երվանդ Ղազանչյանը, սակայն
կողմնակիցների ճնշման տակ տեղի տվեց: Թատերական գործիչներին գազազեցրել էր այն փաստը,
որ Սոս Սարգսյանը Մոսկվայում գտնվելով՝ համարձակվել է նամակով իր առաջադրվելու համաձայնությունը
հայտնել: Մերժվեց անգամ նրան՝ ԹԳՄ պատվավոր նախագահ դարձնելու առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել