ԱՄԿ-ն շուտով 40 տարեկան է Այսօր
լրանում է Աշոտ Նավասարդյանի մահվան 8 տարին: 8 տարի է՝ Աշոտը ֆիզիկապես մեզ հետ
չէ: Նրան ճանաչողները հիշում, շարունակում են նրա կիսատ գործը: Յուրաքանչյուրը՝ յուրովի:
1960-ականներին՝ ազգային-ազատագրական զարթոնքի տարիներին հիմնադիր կուսակցություններից
մեկն ԱՄԿ-ն էր: 2006թ. լրանում է այդ կազմակերպության ստեղծման 40 տարին: Կազմակերպության
գործունեության հիմնական խնդիրը մի խումբ անհատների պայքարն էր ամբողջատիրության
դեմ, Հայաստանում անկախ պետականություն ունենալը ազգի դարավոր երազանքն էր: Շատ ու
շատ ընտանիքներ շուրջ 40 եւ ավելի տարիներ ապրել եւ այժմ էլ ապրում են՝ շրթունքներից
չիջեցնելով Ծիծեռնակաբերդում իրենց իսկ կողմից հնչեցրած երդման այս տողերը՝ «Երդվում
եմ՝ երկրի վրա, երկնի մի կտոր, երկնային դրախտ, իմ սուրբ հայրենիք»: Յուրաքանչյուրիս
պարտքն է անգիր իմանալ այս տողերը եւ հատկապես նրանց, ովքեր եղել են այս կուսակցության
երդվյալ անդամներ, որոնք ընդունել են այս կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը:
Էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք չգիտեն երդումը, բայց խոսում են ԱՄԿ-ի անունից:
1967թ. ապրիլի 24-ին ընդունել եմ այս կազմակերպությանն առնչվող ծիսակատարությունների
պատմությունը, սկսած մանկավարժականում ուսումնառության տարիներից, իսկ 1973թ. ապրիլի
24-ին Ա. Նավասարդյանի հետ միասին նույն գործարանում աշխատածս տարիներին, իսկ հետո
պարզ հիմնավորմամբ նրա համակիրն ու հետագայում մեկ միասնական ընտանիք կազմելու մեր
սիրո հարատեւ պատմությունը: Երեխաներիս հետ առանց վարանելու սերտել ենք «Երդումը»
եւ մինչեւ օրս շարունակում ենք հիշել այն բոլոր ծեսերն ու ծիսակատարությունները,
որոնց հետագայում ծանոթացրեց մեզ Աշոտ Նավասարդյանը: Բնականորեն եւ իրավաբանորեն
1967-ից հարում եմ ԱՄԿ կուսակցության ծրագրին եւ կանոնադրությանը: Այս ամենը նշում
եմ իմ ընթերցողին, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ բարոյական հիմնավորում ունեմ՝ ԱՄԿ-ի
ստեղծման մասին խոսելու եւ գրելու, քանզի շատ շատերը ավելի մոտ կանգնած լինելով կուսակցությանը,
նրա ծրագրին եւ կանոնադրությանը, տարիներ շարունակ մեռյալ լռություն են պահպանում
40 տարիների պատմությունը գրելու համար: Ուզում եմ ասել՝ ինձ համար շատ ու շատ թանկ
են եղել ոչ միայն այդ տարիները, այլեւ անհատները: Չէի ցանկանա այս 40 տարիները
իր հայրենանվեր որդիների հետ չհիշվեին պատմության էջերում: Քանզի ոչ բոլորը կարող
են զոհաբերության գնալ այնպես, ինչպես իմ ընտանիքն իր իսկ Տանտիրոջ՝ Աշոտ Նավասարդյանի
գլխավորությամբ: Եթե կենդանի լիներ Աշոտ Նավասարդյանը, առանց կասկածելու կարող եմ
ասել, այսօրվանից կսկսեր իր նախապատրաստական աշխատանքները ԱՄԿ-ի 40-ամյակը շուքով
նշելու համար: Քարոզարշավը անհրաժեշտ է սկսել հենց այսօրվանից, այն պարզ պատճառով,
որ ԱՄԿ-ականները ոչ բոլորն են իրար ճանաչել (նկատի չունենանք կազմակերպիչներին):
Աշոտ Նավասարդյանի անվան բարեգործական հիմնադրամը կոչ է անում. շուքով տոնենք
ԱՄԿ-ի 40 տարին: ՀԱՍՄԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Հիմնադրամի նախագահ