Ոսկու
շուկայի մոտ մարդ ու մեքենա խառնվել են իրար Երեւանի կենտրոնում՝
Խորենացու եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչեւ Անգլիական զբոսայգու մուտքը
ընկած հատվածում, վերջին մի քանի տարիներին անանցանելի վիճակ է ստեղծվել: Պատճառը
ոսկու շուկան է եւ նրա՝ գնալով աշխուժացող բիզնեսը: Նեղլիկ եւ միակողմանի երթեւեկությանը
հազիվ բավարարող փողոցի երկու մայթերին հարակից երկուական շարքով կայանվում են շուկայի
վաճառողների եւ ոսկեղեն գնելու եկածների ավտոմեքենաները: Դրան գումարած՝ վերջին տարիներին
փողոցը դարձել է երթեւեկության համար երկկողմանի՝ ուղեւորատար եւ մարդատար ավտոմեքենաների
համար: Տեղ չգտնելու պատճառով վարորդները սկսել են մեքենապատել նաեւ դիմացի շենքերի
բակերը: «Երբեմն մուտքի մոտ մի մարդաչափ արահետ են թողնում ու կանգնում մինչեւ օրվա
վերջ: Այստեղ 6 շենք կա, անընդհատ բնակիչներ են դուրսուներս անում, երեխաներ են խաղում:
Մեքենաներն էլ նրանցից շատ են ներսուդուրս անում: Բացի այդ, բակերում ազատ տարածք
չի մնացել, որ շտապօգնության մեքենա մոտենա, արտակարգ իրավիճակների մասին էլ դեռ
չենք խոսում: Ու գնալով վիճակն անկառավարելի է դառնում, որովհետեւ ոչ մի օղակի կողմից
վերահսկողություն չկա: Մի խոսքով՝ դեռեւս հրաշքով ենք պրծել մարդկային զոհերից, բայց
տան մեջ նստած՝ անընդհատ լարված ու անհանգիստ ենք»,- «Առավոտին» դժգոհել են հիշյալ
շենքերի բնակիչները: Ոսկու շուկան գնալով ընդլայնվում է՝ այժմ հիմնական շենքին
կից կառուցվում է եւս երկու բարձրահարկ: Դրանց շահագործումից հետո արդեն առկա վիճակի
գույներն ավելի կխտանան: Ընդամենը 50 մետր տարածքն այժմ մեքենաները հաղթահարում են
հազիվ 10 րոպեում, իսկ մայթից մայթ անցնելու համար «հավերժ» պիտի սպասես: Փողոցը
բեռնաթափվում է միայն ուշ երեկոյան, երբ հատուկենտ անցորդներ են շրջում: Նկատենք,
որ ոսկու շուկայի հետնամասում է գտնվում Դավիթ Համբարձումյանի անվան լողի մարզադպրոցը,
ուր հաճախում են հազարավոր երեխաներ՝ քաղաքի բոլոր ծայրերից: Մի հանգամանք եւս՝ ոսկու
շուկան եւ նոր մասնաշենքերը կառուցելիս մեքենաների կայանման համար տեղ չի նախատեսվել:
Ինչը նշանակում է, որ ստեղծված խցանումները ժամանակավոր բնույթ չեն կրում: Այլեւս
համբերել չկարողանալով՝ բնակիչները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետին ու պետավտոտեսչության
պետին, Կենտրոնի թաղապետին: «Մեքենաների միակողմանի եւ երկկողմանի երթեւեկությունը
արգելող կամ թույլատրող նշանները պատվիրում է քաղաքապետարանը, մենք միայն անվտանգությունն
ենք ապահովում: Ինչքան ես գիտեմ, նախկինում էլ է այդ փողոցը երկկողմանի եղել, բայց
միայն ներքաղաքային տրանսպորտի համար, ոչ՝ մարդատարների»,- Երեւանի պետավտոտեսչության
անելիքն այսքանով եզրափակեց աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Քաղաքապետարանից էլ խոստացան
պատասխանել առաջիկայում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ