Արդեն
մի քանի դեպքեր կան, որ չի կատարվել ՍԴ որոշումը, եւ դրանցից մեկն առնչվում է սեփականության
օտարմանը, որն այսօր այդքան ցավոտ հարց է դարձել «իրացման տարածքների» բնակիչների
համար: 1998-ի փետրվարի 27-ին Սահմանադրական դատարանը որոշում
կայացրեց «Անշարժ գույքի մասին» օրենքի 22 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության
վերաբերյալ։ Գործի քննության առիթը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումն էր։
Նա նշել էր, որ Սահմանադրությամբ սահմանազատված են սեփականության իրավունքը դադարեցնելու
սկզբունքորեն տարբեր ձեւեր՝ սեփականությունից զրկում եւ սեփականության օտարում. «Մինչդեռ
«Անշարժ գույքի մասին» օրենքի 22 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանվում
են դրույթներ, որոնց Սահմանադրության 8 հոդվածի եւ 28 հոդվածի երկրորդ մասի հետ համապատասխանության
հարցի վերաբերյալ իրավակիրառական պրակտիկայում գոյություն ունեն իրարամերժ մոտեցումներ»։
ՀՀ նախագահի ներկայացուցիչը ՍԴ-ում մանրամասնել էր, թե հասարակության եւ պետության
կարիքների համար սեփականության օտարումը՝ որպես օրինական սեփականատիրոջից սեփականությունը
հարկադիր վերցնելու բացառիկ միջոց, պետք է կատարվի յուրաքանչյուր առանձին դեպքում
օրենքով, որով եւ կհիմնավորվի օտարման կոնկրետ դեպքի բացառիկությունը, եւ կսահմանվեն
սեփականության իրական շուկայական արժեքից բխող համարժեք փոխհատուցման չափը, կարգը
եւ այլն: Մինչդեռ «Անշարժ գույքի մասին» օրենքի 22 հոդվածում (այն կոչվում
է «Անշարժ գույքի օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար») ասվում
է. «Եթե անշարժ գույքի սեփականատերը համաձայն չէ ՀՀ կառավարության կողմից գույքի
օտարման կամ փոխհատուցման չափի հետ, ապա ՀՀ կառավարությունը անշարժ գույքի օտարումը
կարող է իրականացնել միայն դատական կարգով»։ Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության
8 հոդվածը սահմանում է սեփականատիրոջ՝ իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու,
օգտագործելու եւ տնօրինելու իրավունքը։ Իսկ Սահմանադրության 28 հոդվածը պաշտպանում
է անձի՝ որպես սեփականատիրոջ իրավունքները: Այդ հոդվածով նաեւ նախատեսվում է սեփականատիրոջ
իրավունքների դադարման երկու եղանակ։ Մի դեպքում սեփականատիրոջը սեփականությունից
կարող է զրկել միայն դատարանը։ Երկրորդ դեպքում սեփականության օտարումը հասարակության
եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի
հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Գործը քննելով՝ Սահմանադրական
դատարանը որոշել էր, որ «Անշարժ գույքի մասին» օրենքի 22 հոդվածի 3-րդ մասը չի համապատասխանում
Սահմանադրությանը. «Անձի սեփականությունը՝ ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասով
նախատեսված հիմքերով, կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում՝
պետության կողմից սեփականության իրավունքը դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի
վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվեն օտարման բացառիկ կարեւորությունն
ու նշանակությունը եւ կնշվի, թե օտարվող անշարժ գույքը հասարակության եւ պետության
որ կարիքների բավարարմանն է ուղղվելու։ Օրենքը միաժամանակ կառավարությանը կպարտավորեցնի,
համապատասխան ֆինանսատնտեսական հաշվարկի հիման վրա, շուկայական գների հաշվառմամբ,
կառավարության եւ օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատիրոջ միջեւ բանակցությունների
արդյունքի եւ վերջինիս գրավոր համաձայնության հիման վրա սահմանել փոխհատուցման չափը,
որը սեփականատիրոջ կողմից ենթակա է դատական վիճարկման»: ՍԴ-ն նաեւ որոշել
էր, որ «Անշարժ գույքի մասին» օրենքի 22 հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Մինչեւ
դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը հասարակության եւ պետության կարիքների
համար օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատերը պարտավոր է ձեռնպահ մնալ անշարժ
գույքին վնաս հասցնելուց», նույնպես չի համապատասխանում Սահմանադրության 8, 28 եւ
44 հոդվածներին: Հակասահմանադրական է նաեւ «Անշարժ գույքի մասին» օրենքի 22
հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ
գույքի օտարման ընթացակարգը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ ելնելով սույն հոդվածի
դրույթներից»։ ՍԴ որոշման մեջ նշված է. «Կառավարությունը չի կարող հասարակության
եւ պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել,
որը նրան կլիազորի նման անշարժ գույքի օտարման իրավունք»։ ՍԴ այս որոշումն
էլ էր եզրափակվում Սահմանադրության 102 հոդվածի վկայակոչմամբ, թե «որոշումը վերջնական
է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։ Հավելենք նաեւ «ՍԴ
մասին» օրենքի 54 հոդվածը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանի կողմից պետական մարմիններին,
պաշտոնատար անձանց, հիմնարկներին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին ներկայացվող
պահանջների կատարումը պարտադիր է։ Սահմանադրական դատարանի պահանջների կատարումից
հրաժարվելը կամ խուսափելը, կատարման ժամկետները խախտելը, չկատարելը կամ ոչ պատշաճ
կատարելն առաջ են բերում պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Այսուհանդերձ՝ ՍԴ այս որոշումը չկատարվեց, եւ ոչ ոք էլ չենթարկվեց պատասխանատվության:
«Անշարժ գույքի մասին» օրենքի հակասահմանադրական դրույթները շարունակում են մնալ
ուժի մեջ, եւ դրանով այսօր մարդիկ իրենց կամքին հակառակ զրկվում են սեփականությունից:
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը մի առիթով հիշատակեց Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի որոշումը, որ եթե դատական ակտը չի կատարվում՝ ուրեմն, քաղաքացին երկրում
չունի դատական պաշտպանության իրավունք: Ըստ այդմ, եթե Բուզանդի փողոցի բնակիչների
համբերությունը հերիքի ԵԴ-ում իրենց գործերի քննությանը սպասելու համար՝ Հայաստանի
կառավարությունը շա՜տ թանկ կվճարի հակասահմանադրական օրենքով մարդկանց տնազուրկ անելու
համար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ