Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻՏԱՆ

Նոյեմբեր 02,2005 00:00

ԷԼԻՏԱՆ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԱՆԱՊԱՏՈՒՄ Երեկ Իսրայելի Բեեր-Շեվա քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի 6-րդ թիմային առաջնությունը, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Առաջնության կազմակերպման կանոնակարգի համաձայն, Բեեր-Շեվայում հանդես էին գալու աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվել են վերջին օլիմպիադաների արդյունքներով: Եվրոպան ներկայացնելու էին Ուկրաինան, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իսրայելը, Ասիան՝ Չինաստանը, Հարավային Ամերիկան՝ Կուբան, Հյուսիսային Ամերիկան՝ ԱՄՆ-ը, Աֆրիկան՝ Եգիպտոսը եւ վերջին երկու համաշխարհային օլիմպիադաների հաղթող Չինաստանի կանանց ընտրանին: Սակայն փարավոնների երկրի ներկայացուցիչներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին մրցավայր ժամանել: Այդ ժամանակ կազմկոմիտեի պաշտոնական կայքում «նկարվեց» Եվրոպայի գործող չեմպիոն Նիդեռլանդների անունը: Դա, քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ, ուշադրությունը շեղող քայլ էր, որն արվել է միայն այն պատճառով, որպեսզի փակվի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու՝ Իսրայելի երիտասարդական հավաքականի ճանապարհը, հարց, որը վերջին երկու շաբաթներին բուռն քննարկման թեմա է եղել: Եվ ՖԻԴԵ-ն հասել է իր նպատակին՝ վերջնականապես որոշելով եգիպտացիներին ոչ մեկով չփոխարինել: Այսպիսով, ասպարեզում մնացած ինը հավաքականները «Յադ Լե Բալիմ» մշակութային կենտրոնի սրահում շրջանաձեւ մրցակարգով ինը տուրում որոշելու են շախմատի աշխարհի թիմային հերթական չեմպիոնին: Հիշեցնենք, որ ուժեղների վերջին մրցապայքարը կայացել է 2001 թվականին Երեւանում, որտեղ լավագույն եռյակը, ըստ հերթականության, կազմել են Ուկրաինան, Ռուսաստանը եւ Հայաստանը: Կհաջողվի՞ այս թիմերին պահպանել չորս տարի առաջ գրաված դիրքերը՝ հայտնի կդառնա նոյեմբերի 9-ին: Երեկ կայացավ առաջին տուրի վիճակահանությունը: Հայաստանի մրցակիցը մեկնարկում լինելու էր Իսրայելի հավաքականը: Մեր ընտրանու կազմը «Առավոտի» ընթերցողին ներկայացրել ենք թերթի նախորդ համարներում: Ներկայացնենք իսրայելցիներին. գրոսմայստերներ Բորիս Գելֆանդ, Իլյա Սմիրին, Էմիլ Սուտովսկի, Բորիս Ավրուխ, Մայքլ Ռոյզ, Սերգեյ Էրենբուրգ: Մյուս զույգերը կազմել են ԱՄՆ-ը եւ Վրաստանը, Ռուսաստանը եւ Կուբան, Չինաստանի տղամարդիկ եւ կանայք: Ուկրաինան առաջին տուրում ազատ էր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել