Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ

Նոյեմբեր 02,2005 00:00

Անդրանիկ Օզանյանը՝ տանը Գրեթե բոլոր աշտարակցիները տեղյակ են, թե ինչպես է Անդրանիկ Օզանյանի արձանը հայտնվել Աշտարակի բնակիչ Կորյուն Մելքոնյանի բակում: Անդրանիկի արձանի չորս կողմը Կորյուն Մելքոնյանն իր ձեռքով տնկել ու աճեցրել է համարյա ամեն գույնի վարդեր (աշտարակցիները հաճախ կատակում են, ասելով՝ Մելքոնյանը միայն սեւ գույնի վարդ չունի- Ա. Մ.) եւ կառուցել հուշահամալիր, սյուների վրա գրել է տվել գուսան Շերամի, Հովհ. Թումանյանի, Եղիշե Չարենցի խոսքերը՝ նվիրված Հայաստանին եւ զորավար Անդրանիկին: 1979 թվականին Կորյուն Մելքոնյանը Մուղնուն կից Աշտարակի ձորում տեսնում է քարերի վրա ընկած մի արձան, որը կոտրված եւ բաժանված է լինում երկու մասի (գլուխը՝ մարմնից անջատված): Նա առանց ժամանակ կորցնելու տեղափոխում է իր տնամերձն եւ զբաղվում արձանի վերականգնման հարցերով: Պարզվում է, որ արձանը Աշտարակի Ավան գյուղի բնակիչները բերել էին տեղացի քանդակագործ Վահան քեռու մոտից (տարածաշրջանում նրան այդպես են հիշում) իրենց գյուղի բլուրում տեղադրելու համար, բայց չստանալով մարզային ղեկավարության թույլտվությունը, այն գցել էին Քասախի ձորը: Քանդակագործի զավակները հետագայում Կորյուն Մելքոնյանին հրավիրում են Երեւան, ուր «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության նախագահ Նորիկ Մուշեղյանը նրան պարգեւատրում է հուշամեդալով, որի վրա գրառված է՝ «Առյուծի որդի՝ Կորյուն Մելքոնյանին»: Այնուհետեւ քանդակագործի ժառանգները փորձում են համոզել Կորյուն Մելքոնյանին, որպեսզի արձանը վերադարձնի իրենց, բայց վերջինս չի համաձայնում: «Զորավարի արձանին ես եմ շունչ ու հոգի տվել, չեմ տա, եթե նույնիսկ Քոչարյանը գա»,- ասել էր նա: Կորյուն Մելքոնյանը հավաքել է նաեւ Անդրանիկ Օզանյանի մասին բոլոր գրքերը, տպագիր նյութերն ու տեղեկությունները: Այժմ ով ցանկանում է այցելել Անդրանիկ փաշայի տուն-թանգարան, պետք է հյուրընկալվի Քասախի փողոցում գտնվող թիվ 7 տանը, որտեղ այդպես էլ չես հասկանում՝ փոքրամարմին ու աշխույժ Կորյո՞ւնն է ազգային հերոսին տիրություն անում, թե՞ Անդրանիկն է իր խրոխտ հայացքով (ձեռքը թրին) Կորյունի ընտանիքը պահում-պահպանում: Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930