Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՉ»-Ը՝

Նոյեմբեր 02,2005 00:00

«ՈՉ»-Ը՝ ՈՉ Է ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ» Ասում է համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը – Պարոն Աբրահամյան, ըստ շրջանառվող լուրերի, դուք եք սահմանադրական փոփոխությունների համակարգող շտաբի ստվերային ղեկավարը եւ իրականում դուք եք համակարգում հանրաքվեի ողջ գործընթացը: – Ես չգիտեմ, թե որտեղ են նման լուրեր շրջանառվում. կոալիցիան ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, եվրոպական փորձագիտական կառույցները նախագծին տվել են դրական գնահատական, եւ այդ նախագծում, ի դեպ, հաշվի են առնված ընդդիմության բոլոր սկզբունքային առաջարկները: Այժմ մնում է ճիշտ կազմակերպել նախագծի լայն հասարակական իրազեկումը, եւ բնական է, որ ես, որպես համակարգող նախարար, օրենքի շրջանակներում աջակցելու եմ հանրաքվեի կազմակերպման համակարգող շտաբին՝ անկախ նրանից, թե ով այդ աշխատանքին ինչ ձեւակերպում կտա: Առաջարկվող փոփոխությունները՝ իշխանության թեւերի տարանջատում, դատական իշխանության հստակ անկախացում, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեծացում, այս ամենն իսկապես լուրջ քայլ է դեպի ժողովրդավարություն: Եթե մենք խնդիր ենք դրել ինտեգրվել Եվրոպային, ապա պետք է ընդունենք եվրոչափանիշային խաղի կանոնները, որոնցից մեկն էլ լինելու է նոյեմբերյան հանրաքվեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր դեմ են նախագծին, ուզեն, թե չուզեն, հայտնվում են այն բանակում, ովքեր կողմ են, որ կոնսերվացվեն գործող Սահմանադրության թերությունները: Ու եթե ընդդիմությանը թվում է, որ հայտարարելով, թե ինքը զերծ է մնում նախագծի բովանդակային քննարկումից, դրանով իրեն ազատում է առաջընթաց ապահովող այս նախագիծը մերժողի անլուրջ կարգավիճակում հայտնվելուց, ապա ընդդիմության այդ հնարքը չի գործելու: Ընդդիմության «ոչ»-ը՝ ոչ է Հայաստանի առաջընթացին, եւ այլ գնահատական ընդդիմության գործողություններին չկա: – Ընդդիմության գնահատականն այն է նաեւ, որ այս իշխանությունը երկրի հիմնական օրենք փոխելու բարոյական իրավունք չունի: – Կարծեմ հենց այս իշխանության օրոք է, որ նույն ընդդիմության ներկայացուցիչները շարունակ նամակներ էին հղում ԵԽԽՎ-ին՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթում անելով իրենց առաջարկները: Եվ երբ նրանք ակտիվորեն մասնակցում էին այս գործընթացին՝ բարոյականության հարցեր առաջ չէին քաշում: Ընդհանրապես, ընդդիմության «ոչ»-ի մարտավարությունը չի դիմանում որեւէ քննադատության: Վաղը, եթե բանակցությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ստորագրի, ասենք, Ղարաբաղի իրավական անկախության փաստաթղթի տակ, ի՞նչ է, ընդդիմությունը ժողովրդին կոչ է անելու չընդունե՞լ Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ դա վավերացրել է նախագահը: Կա՞ արդյոք այստեղ տրամաբանություն: Եվ ընդդիմությունը չի էլ թաքցնում, որ հանրաքվեն իրենց համար ընդամենը հերթական առիթ է՝ ցանկացած գործընթաց իշխանափոխության վերածելու: Եթե ընդդիմությունն անպտուղ էքսպերիմենտների սիրահար է, թող փորձի, հետո կրկին փորձի եւ այսպես շարունակ: Նախապես արդեն որոշել են, որ հանրաքվեի արդյունքները կեղծվելու են եւ ժողովրդին հրավիրում են Երեւան՝ միասին իշխանափոխություն անելու: Չկա որեւէ երկիր, որտեղ հնարավոր է եղել իշխանափոխություն անել, եթե դրա համար չի եղել անհրաժեշտ հիմք: Հայաստանում իշխանափոխության համար որեւէ հիմք չկա, եւ ինչքան էլ ընդդիմությունը ծիրանագույն դրոշներ ծածանի, դրանից հաստատ իշխանափոխություն չի ծնվելու: – Ընդդիմության հաջորդ հակափաստարկն այն է, որ միասնության շուրջպարի ժամանակ իշխանությունը, կենտրոնացնելով իր ողջ ռեսուրսը, հավաքեց ընդամենը 200 հազար մարդ: Այսինքն՝ այսքան է լինելու նաեւ հանրաքվեի իրական մասնակցությունը, իսկ մնացածը իշխանությունները պատրաստվում են նկարել։ – Նախ՝ միասնության շուրջպարն իշխանությունները չէին կազմակերպել, այլ ընդամենը մեկ հայրենակցական միություն, եւ առնվազն անհեթեթություն է շուրջպարը եւ հանրաքվեն միմյանց հետ համեմատելը: Երկրորդ՝ համեմատությունը տեղին չէ, որովհետեւ շուրջպարի ժամանակ խնդիրը մարդկանց Արագած բերելն էր, իսկ հանրաքվեի դեպքում ընտրողը ընդամենը պետք է գնա իր բնակավայրի ընտրատեղամաս։ Եվ այստեղ մենք ընդամենը մեկ խնդիր ունենք. ժողովրդին ներկայացնել, թե ի՞նչ է շահելու իրենից յուրաքանչյուրը, եթե երկիրը սկսի գործել առավել ժողովրդավարական սահմանադրությամբ եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը չի գնա եւ չի ասի «ոչ» իր իսկ առաջընթացին։ Նույն ժողովուրդը հրաշալի հասկանում է, որ ընդդիմության ուզածն ընդամենը իշխանությունը վերցնելն է: – Վարչապետը եւ պաշտպանության նախարարը նշել են, որ եթե հանրաքվեն տապալվի՝ իշխանությունների համար քաղաքական հետեւանք ունենալ չի կարող: Դուք ե՞ւս այդ կարծիքին եք: – Այն քաղաքական հետեւանքը, որն ակնկալում է ընդդիմությունը, բնականաբար՝ չի կարող լինել, որովհետեւ, կրկնում եմ, հանրաքվեի չի դրված իշխանության վստահության հարցը։ Վստահ եմ, որ ոչ միայն հանրաքվեի մասնակցությունն է մեծ լինելու, այլ նաեւ դրական ելքի համար անհրաժեշտ կողմ ձայների շեմը կլինի այնպիսին, որ եթե ընդդիմությունը հարգի իր՝ արդեն իսկ տված խոստումը, ապա պետք է լրջորեն վերանայի իր ներկայությունը քաղաքական դաշտում։ Իսկ եթե ազատ եւ արդար ընտրության արդյունքում ժողովուրդը կգնա եւ «ոչ» կասի նախագծին, ի՞նչ է, մենք պետք է լցոնումնե՞ր անենք, որ արդյունքը դառնա «այո»։ Կմերժե՞ն, ի՞նչ է պատահել, ուրեմն դա է ժողովրդի ընտրությունը, կա գործող Սահմանադրություն, եւ մենք կշարունակենք աշխատել այդ Սահմանադրությամբ։ – Չնայած միջազգային կառույցների գնահատականն առաջարկվող փոփոխություններին դրական է, սակայն նրանք նաեւ զգուշացնում են, որ աչք չեն փակելու հնարավոր ընտրակեղծիքների վրա։ – Ես միանշանակ համաձայն եմ միջազգային կառույցների հետ եւ հայտարարում եմ, որ իշխանությունը նման խնդիր իր առջեւ չի դրել։ Բավականին զվարճալի մարտավարություն է ընտրել ընդդիմությունը, որը նա փորձարկեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ. նախապես հայտարարել, թե արդյունքները կեղծվելու են, հետո ասել, որ իրենց կանխատեսումները իրականացան: Հանրաքվեն անցնելու է ազատ ու արդար, եւ իշխանությունը երաշխավորելու է հանրաքվեի ազատ անցկացումը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել