Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՍ

Նոյեմբեր 02,2005 00:00

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրում են չբացահայտել իրենց այն կողմնակիցների անունները, որոնք հաղթանակ են տարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Հայտնի է, որ այդ ընտրություններին ընդդիմությունը գրեթե մասնակցություն չունեցավ՝ համայնքները ղեկավարելու համար մրցասպարեզը գերազանցապես թողնելով իշխանամետ ուժերին եւ անկուսակցականներին: Այսուհանդերձ՝ շատ տեղերում ընտրվել են ընդդիմության համակիրները: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հաստատեց, որ իրենց համակիրներն էլ են հաջողության հասել այս ընտրություններում. «Եվ թվով քիչ չեն: Սակայն դա գոհացնել չի կարող այն պարզ պատճառով, որ մեր կողմնակիցներն ասում են՝ եթե իրենք բացահայտ ասեին, որ «Ազգային միաբանության» թե՛ անդամներ են, թե՛ համակիրներ, ապա իրենց ընտրվելու հնարավորությունները կլինեին նվազագույնը: Սա խիստ մտահոգիչ փաստ է, որը թերեւս վկայում է այն մասին, թե սահմանադրական հիմնարար սկզբունքներից մեկը՝ ազատ կամարտահայտությունը, ոտնահարված է Հայաստանում: Իսկ երկրորդ հետեւությունը, որ պետք է անենք՝ այս է. ազգաբնակչության ավելի քան 55 տոկոսը փաստորեն բոյկոտեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ չմասնակցելով դրանց: Դա էլ այն պարագայում, երբ ՏԻՄ ընտրություններին մասնակցության համար չկային եւ ոչ մի անձնագրային կամ այլ խոչընդոտներ»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ թեեւ ԱԺՄ-ն իբրեւ կուսակցություն չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, սակայն մասնակցել են իրենց կողմնակիցները. «ԱԺՄ-ից ընտրվել են ավագանիներ, ասենք՝ Բյուրեղավանում 2 հոգի: Կան քաղաքապետեր, որոնց աջակցել ենք: Բայց ընտրությունները եղել են այնպիսին, ինչպիսին լինում են Հայաստանում, եւ իմաստ չուներ մեծ արդյունքներ սպասել: Ընդհանուր առմամբ՝ 10-15 ավագանի ունենք, մի 4-5 էլ գյուղապետ ու քաղաքապետ»: Վազգեն Մանուկյանը նույնպես ձեռնպահ մնաց նշել համայնքները, որոնք ղեկավարում են իրենց կողմնակիցները. «Չարժե ասել: Եթե պարզեն, որ ընդդիմադիրն է դարձել պաշտոնյա՝ այդ ամբողջ համայնքին կհալածեն եւ վերջում էլ կհանեն համայնքապետին: Դրա համար էլ ՏԻՄ ընտրություններում շատ բան արվում է ոչ բացահայտ ձեւով»: ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանին մի քանի օր էր հարկավոր ընտրությունների ամփոփ արդյունքներն ունենալու համար: Իսկ մինչ այդ՝ ներկայացրեց նախնական տվյալներ. «ՀԺԿ անդամ 3 գյուղապետեր ունենք, շուրջ 20 կողմնակիցներ, որոնք ընտրվել են»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պնդեց. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցություն չենք ունեցել, քանի որ Հայաստանում չեն գործում ընտրական ինստիտուտները: Մենք համարել ենք, որ Հայաստանում ընտրություններ, այդ թվում նաեւ՝ տեղական մակարդակի, կարող են տեղի ունենալ միայն երկրում որակական փոփոխություններից հետո: Ուստի չունենք թաղապետեր կամ ավագանիներ: Իհարկե, կան համակիրներ կամ կուսակցության անդամներ, որոնք առաջադրել են իրենց թեկնածությունը: Ասենք, Արարատ գյուղում ընտրվել է մեր կուսակցության անդամ Գրիշա Մելքոնյանը»: Այս վերընտրության մասին ավելի վաղ ենք հաղորդել՝ խոսքը Վազգեն Սարգսյանի քեռու մասին է, որին պաշտպանում էր նաեւ ՀՀԿ-ն: Ավելի վաղ հաղորդել էինք նաեւ, որ մի քանի համայնքներում ընտրվել են ՀՀՇ անդամները: Այս կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը, սակայն, նույնպես նշեց, թե տվյալները դեռ չեն ամփոփել, եւ անձնապես իրեն հայտնի են միայն 4 համայնքներ, որտեղ գյուղապետ են ընտրվել ՀՀՇ անդամները, ունեն նաեւ Հրազդանում եւ այլուր ընտրված ավագանիներ: ՏԻՄ ընտրություններում հաջողություն է գրանցել նաեւ «Հզոր Հայրենիքը»: Այս կուսակցության վարչության անդամ Շիրակ Թորոսյանը հայտնեց. «Հաղթել ենք Շիրակի մարզի 7 համայնքներում, Տավուշի մարզի 2 համայնքներում, Արմավիրի մարզի 5 համայնքներում եւ Կոտայքում էլ 1 տեղ է մեր թեկնածուն ընտրվել գյուղապետ: «Հզոր Հայրենիքի» 2 անդամներ ավագանի են ընտրվել Ավանում, 1-ը՝ Նուբարաշենում, 1-ը Նոր Նորքում: Իսկ այն գյուղերում, որոնց գյուղապետերը մեր կուսակցությունից են՝ ավագանիների գերակշիռ մասն էլ են «Հզոր Հայրենիքի» անդամներ»: ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նույնպես հայտնեց, թե չեն կատարել արդյունքների վերջնական ամփոփում, ուստի տվյալները մոտավոր են. «Մոտ 20 համայնքներում հաղթել են մեր կուսակցության առաջադրած թեկնածուները: Ես նշում եմ միայն այն համայնքները, որտեղ կան 500-ից ավելի ընտրողներ: Իսկ եթե նշեմ նաեւ մինչեւ 500 բնակիչ ունեցողները՝ նշածս թիվը կարող է եռապատկվել: Հավելեմ, որ 25 խոշոր համայնքներում հաղթել են ոչ կուսակցական այն թեկնածուները, որոնց մենք պաշտպանել ենք, եւ ՄԱԿ-ի տարածքային կառույցն ակտիվորեն մասնակցել է քարոզարշավին: Գտնում ենք, որ ՄԱԿ-ի կողմից ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքը գոհացուցիչ է: Այն խնդիրը, որ դրել էինք մեր առջեւ՝ լուծել ենք»: Այսուհանդերձ՝ գոհանալու առավել մեծ առիթ ունի կոալիցիան, եւ առաջին հերթին՝ ՀՀԿ-ն, որի կադրային բանկը հարուստ է համայնքապետերով: Այդպես կլինի այնքան, քանի դեռ այս կուսակցությունը իշխանության ղեկին է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել