Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԻՏԱՆ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԱՆԱՊԱՏՈՒՄ

Նոյեմբեր 02,2005 00:00

Երեկ Իսրայելի Բեեր-Շեվա քաղաքում մեկնարկեց
շախմատի աշխարհի 6-րդ թիմային առաջնությունը, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ:
Առաջնության կազմակերպման կանոնակարգի համաձայն, Բեեր-Շեվայում
հանդես էին գալու աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվել են վերջին
օլիմպիադաների արդյունքներով: Եվրոպան ներկայացնելու էին Ուկրաինան, Ռուսաստանը,
Հայաստանը, Վրաստանը, Իսրայելը, Ասիան՝ Չինաստանը, Հարավային Ամերիկան՝ Կուբան, Հյուսիսային
Ամերիկան՝ ԱՄՆ-ը, Աֆրիկան՝ Եգիպտոսը եւ վերջին երկու համաշխարհային օլիմպիադաների
հաղթող Չինաստանի կանանց ընտրանին: Սակայն փարավոնների երկրի ներկայացուցիչներն ինչ-ինչ
պատճառներով հրաժարվեցին մրցավայր ժամանել: Այդ ժամանակ կազմկոմիտեի պաշտոնական կայքում
«նկարվեց» Եվրոպայի գործող չեմպիոն Նիդեռլանդների անունը: Դա, քաջատեղյակ աղբյուրների
պնդմամբ, ուշադրությունը շեղող քայլ էր, որն արվել է միայն այն պատճառով, որպեսզի
փակվի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու՝ Իսրայելի երիտասարդական հավաքականի
ճանապարհը, հարց, որը վերջին երկու շաբաթներին բուռն քննարկման թեմա է եղել: Եվ ՖԻԴԵ-ն
հասել է իր նպատակին՝ վերջնականապես որոշելով եգիպտացիներին ոչ մեկով չփոխարինել:
Այսպիսով, ասպարեզում մնացած ինը հավաքականները «Յադ Լե Բալիմ» մշակութային
կենտրոնի սրահում շրջանաձեւ մրցակարգով ինը տուրում որոշելու են շախմատի աշխարհի
թիմային հերթական չեմպիոնին: Հիշեցնենք, որ ուժեղների վերջին մրցապայքարը կայացել
է 2001 թվականին Երեւանում, որտեղ լավագույն եռյակը, ըստ հերթականության, կազմել
են Ուկրաինան, Ռուսաստանը եւ Հայաստանը: Կհաջողվի՞ այս թիմերին պահպանել չորս տարի
առաջ գրաված դիրքերը՝ հայտնի կդառնա նոյեմբերի 9-ին: Երեկ կայացավ առաջին
տուրի վիճակահանությունը: Հայաստանի մրցակիցը մեկնարկում լինելու էր Իսրայելի հավաքականը:
Մեր ընտրանու կազմը «Առավոտի» ընթերցողին ներկայացրել ենք թերթի նախորդ համարներում:
Ներկայացնենք իսրայելցիներին. գրոսմայստերներ Բորիս Գելֆանդ, Իլյա Սմիրին, Էմիլ Սուտովսկի,
Բորիս Ավրուխ, Մայքլ Ռոյզ, Սերգեյ Էրենբուրգ: Մյուս զույգերը կազմել են ԱՄՆ-ը եւ
Վրաստանը, Ռուսաստանը եւ Կուբան, Չինաստանի տղամարդիկ եւ կանայք: Ուկրաինան առաջին
տուրում ազատ էր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել