Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ՉՏԵՍՆԵՄ՝ ՉԵՄ ԳՐԻ

Նոյեմբեր 02,2005 00:00

Այդպես է իր ստեղծագործական պրոցեսը նկարագրում
Վահրամ Մարտիրոսյանը Վերջերս «Հայաստան-2020» կազմակերպության
հայտարարած մրցանակաբաշխության ժամանակ «Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենար» անվանակարգում
գլխավոր մրցանակը ստացավ Վահրամ Մարտիրոսյանը՝ «Փախուստ ավետյաց երկրից» սցենարի
համար: Սա մի «անտիուտոպիա» է այն մասին, թե ինչ է սպասվում մեզ տասնհինգ տարի հետո,
եթե ամեն ինչ շարունակվի այսպես: Ճիշտ է, Վահրամն ինքը պնդում է, որ «դա Հայաստանն
է այսօր, ուղղակի անտիուտոպիայի ժանրը հնարավորություն է տալիս ավելի սրված ցույց
տալ եղածը: Եթե նեգատիվ զարգացումները շարունակվեն, 15-20 տարի հետո ավելի վատ կլինի:
Իմ գրածներում չափազանցություն չկա»: Մրցանակաբաշխության ժամանակ որոշ անհարթություններ
եղան. նախաձեռնող խումբը փոխել էր մրցույթի նախապես հայտարարված պայմանները: Արդյունքում
ոչ միայն մրցանակային ֆոնդն էր 10 անգամ կրճատվել, այլեւ նախաձեռնողները «փոշմանել»
էին եւ որոշել չկատարել նախատեսված մի դրույթը, ըստ որի՝ լավագույն սցենարով պիտի
ֆիլմ նկարահանվեր: Սակայն այս դեպքում սցենարի հեղինակային իրավունքները մնում են
սցենարիստին, այսինքն՝ նա իրավասու է հնարավորության դեպքում սցենարը ֆիլմի վերածելու
այլ տարբերակ գտնել: Հիշեցնենք, որ այս օրերին սկսվել են Վահրամ Մարտիրոսյանի
մեկ այլ սցենարի՝ իր իսկ վիպակի հիման վրա ստեղծված «Սողանքի» նկարահանման նախապատրաստական
աշխատանքները: «Ռեժիսոր Միքայել Դովլաթյանն («Սողանքը» նկարահանում է հենց նա- Մ.
Բ.) ասում է, որ իմ գործերը համարյա կինովիպակներ են՝ առաջ այդպիսի ժանր կար: Ես
համաձայն չեմ, որ կինովիպակներ են, բայց կինոյի համար շատ հարմար են՝ տեսանելի են:
Ես ինչ գրում եմ՝ անպայման պետք է տեսնեմ, մինչեւ չեմ տեսնում, մինչեւ տվյալ հերոսի
նախատիպը շոշափելի չի, տվյալ դիալոգի հիմքը զգալի չի՝ գործս առաջ չի գնում, – պատմում
է գրողը,- մեր ժամանակները շատ վիզուալ են՝ կինոն, հեռուստատեսությունը, համակարգիչն
են իշխում, ու էդ ընդհանուր վիզուալացման մեջ գրականությունն էլ էդպես պիտի լինի:
Ես իմ մտածողությունը վիզուալացրել եմ»: Վահրամ Մարտիրոսյանի այս պնդումների
հավաստիությունը ընդունելու համար բավական է կարդալ նրա վերջին ժողովածուն՝ «Բվերը»,
որում տեղ գտած չորս վիպակներից՝ «Եվրոպական պատմություն», «Բվերը», «Հիմար մարդը»
եւ «Շարժունությունը», յուրաքանչյուրը հաստատում է արձակագրի խոսքը: Հերոսներն այնքան
իրական են եւ տեսանելի՝ ասես ֆիլմ ես նայում: Հետաքրքրվեցինք՝ իսկ չի՞ ցանկանում
«Բվերը» ներկայացնել նախագահի մրցանակի: «Չէ, չեմ ուզում ներկայացնել պետականի, որովհետեւ
չեմ ուզում իշխանության հետ հարաբերութուններ ունենալ: Ճիշտն ասած, «Սողանքը» ժամանակին
գրքի հրատարակիչը՝ Նազարեթ Կարոյանը, ներկայացրել էր նախագահի մրցանակ կոչվող մրցանակին,
դա Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի, որովհետեւ, երբ նա չլինի էլ, մեկ է՝ այդ մրցանակը
մնալու է որպես նախագահի մրցանակ: Բավականին ձայներ էր հավաքել, բայց էդ ժամանակ
մշակույթի ոլորտում այդ մրցանակը չտվեցին: Դրանից հետո մտքովս չի էլ անցել մասնակցել,
իսկ «Հայաստան 2020»-ին մասնակցեցի, որովհետեւ ծրագրի բնույթը ինձ դուր եկավ. հեռանկարային
ինչ-որ բան կա՝ մտածել 15-20 տարվա կտրվածքով, որովհետեւ մենք ոնց որ ընտրությունից
ընտրություն ենք ապրում, եւ եթե ընտրությունները անհաջող են, սպասում ենք մինչեւ
հաջորդ ընտրություն՝ գուցե ինչ-որ բան փոխվի: Բայց ո՞նց փոխվի, եթե ոչ մեկը ոչինչ
չանի. կամ՝ միտինգ, կամ՝ ուրիշ ոչինչ»: Ոմանք ոչինչ չեն անում, ոմանք միտինգ
են անում, իսկ մարդ կա՝ Նոբելյան մրցանակի ախորժակ ունի: Հասարակությանն անհայտ մի
գրողի՝ Նոբելյան մրցանակ ստանալու ցանկության մասին այս ակնարկին ի պատասխան, Վահրամ
Մարտիրոսյանը պատասխանեց, որ ի տարբերություն վերոնշյալ գրողի (որի անունը ոչ ես,
ոչ էլ ինքը հարցազրույցի ընթացքում այդպես էլ չհիշեցինք – Մ.Բ.), ինքը իրատես է.
«Նոբելյան մրցանակ ստանում են գրողները, որոնք աշխարհի գրականության վրա որոշակի
ազդեցություն ունեն, եւ եթե արդեն համաշխարհային լեզուներից մեկով են գրում, կամ
թարգմանված են: Քո ասած դեպքը հայկական «բրեդովի» վիճակ է: Եվ հետո՝ ներկայացված
լինելը ոչինչ չի նշանակում: Նոբելյան մրցանակի հանձնաժողովը ինստիտուտ չի, որ նայի
ո՞վ է դիլետանտ, ով՝ հանճարեղ գրող: Էդպես ողջ աշխարհից միլիոն գիրք կուղարկեին,
եւ ոչ մի հանձնաժողով դրա տակից չէր դուրս գա: Սելեկցիա կա, բան կա: Էնպես չի, որ
ամեն բառադի տեղից վերկացող գնա «Օսկար» կամ Նոբելյան մրցանակ ստանա»: Վերադառնալով
Վ. Մարտիրոսյանի գործերին, նկատեցինք, որ «Բվերը» ժողովածուի մեջ տեղ գտած չորս վիպակներից
երեքը՝ «Բվերը», «Հիմար մարդը» եւ «Շարժությունը» գրված են՝ չասենք ֆանտաստիկային
մոտ, սակայն այնպիսի ժանրերում, որոնցում հեղինակն անկեղծորեն խոստովանում է, որ
դրանք հորինվածք են, իր երեւակայության արգասիքը: Եվ միայն «Եվրոպական պատմությունն»
է իրականությանը շատ մոտ ներկայացված: «Ընդհանրապես «Եվրոպական պատմությունն» ավելի
շատ օրագրության ձեւով է, օրագրությունից մի բան էլ այն կողմ է: Իրադարձությունների
արագ արձանագրման ձեւով է գրված, այնպես որ, առաջին ռեակցիաները չկորչեն, որովհետեւ
հետո մենք մեզ սրբագրում ենք: Հորինում ենք ըստ այն կերպարի, որը մեր մտապատկերում
կա: Ասենք՝ ես մտածում եմ, որ ես այսպիսին եմ, հասարակությունը մի երկրորդ պատկերացում
ունի իմ մասին եւ մի երրորդը՝ ես էն եմ, ինչ որ իրականում կամ: «Եվրոպական պատմության»
մեջ ես այն արագությամբ, ինչ որ ապրում եմ իրադարձությունները, դրանք գրառում եմ,
դա մեծ շանս է, որ ես ինձ հիշեմ այնպես, ինչպես կամ: Կարծում եմ, որ մարդկանց մեջ
ընդհանրությունները շատ են եւ ընթերցողն ինքն իրեն էլ է տեսնում այդտեղ: Էդ իմաստով
«Սողանքի» փորձն է հետաքրքիր, որ ընթերցողների մի կեսը համոզված է, որ հերոսը ես
եմ, եւ ինձ նույնացնում է հերոսի հետ, եւ մի ուրիշ կեսը շատ լավ հասկանում է, որ
հերոսը ոչ պակաս չափով ինքն է: Իսկ այստեղ հերոսը ես եմ, բայց ինչքան շատ եմ ես,
այնքան մոտենում եմ ընթերցողին»,- բացատրեց հեղինակը: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել