Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանյան պատմությունը կսկսվի՞ մզկիթից

Նոյեմբեր 02,2005 00:00

Երեկ Ամիրյան 4/16 հասցեում 19-րդ
դարի մեծահարուստ Միրզոյանցների տանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը
կազմակերպել էր քննարկում: Այն նվիրված էր մշակութային իրավունքներին
եւ բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցերին: Ըստ կազմակերպիչների,
կլոր սեղանի հրավիրման առիթ են հանդիսացել վերջերս Կամերային երաժշտության տան հարակից
տարածքում իրականացվող շինարարությունը, Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տարածքում
արդեն իրականացված կառուցապատումները, որոնք վկայում են այն մասին, որ պետությունն
իր պարտականությունների իրականացման հարցում հետեւողական չէ: Թեեւ Միրզոյանցներին
պատկանող տունը պահպանվում է պետության կողմից, սակայն ինչպես նշեց Լարիսա Ալավերդյանը,
այն հայտնվել է վտանգվածների ցուցակում: ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը
նշեց, որ այս շենքը Երեւանի կենտրոնում գտնվող ամենահին շենքերից մեկն է, եւ եթե
այն վերացվի՝ մայրաքաղաքի այս հատվածում միակ հին շենքը մզկիթը կլինի. «Փաստորեն՝
այն վերացնելու դեպքում երեւանյան պատմությունը կսկսվի մզկիթից»: Նա տեղեկացրեց,
որ երբ կոմունիստները բարեկարգել են մայրաքաղաքը, կենտրոնում չեն քանդել երկու շենք՝
Միրզոյանցների տունը եւ կողքի բակում գտնվող եւս մի շենք (այն նույնպես ենթակա է
քանդման): ՀՀ օմբուդսմանը հիշեցրեց, որ Հայաստանը 1993-ին միացել է «Սոցիալական,
տնտեսական ու մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրին եւ վավերացրել
է նաեւ «Մշակութային եւ բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին»
կոնվենցիան՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
փոքրամասնությունների եւ կրոնական հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանն այս
ցուցակը հավելեց. «Անցյալ տարի ՀՀ-ն միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստած «Ոչ նյութական
մշակութային ժառանգության մասին» կոնվենցիային, որի մասին պետք է ասենք՝ ինչ լավ
է, որ կա: Այն ստիպում է պահպանել էթնիկական, ժողովրդական արժեքները»: Նա ավելացրեց,
որ եթե առաջ ասում էինք, թե մեր պատմամշակութային արժեքները ոչնչացվել են օտար բարբարոսների
կողմից, այժմ մենք մեր ձեռքով կտրում ենք պատմական անցյալի հետ ունեցած մեր կապը՝
«Անկախ Հայաստանի միջամտությունը կտրել է այդ շղթան»: Լ. Ալավերդյանը նշեց,
որ կանաչի նկատմամբ բարբարոսությունը ոչ միայն մայրաքաղաքում է ծավալվում, այլ նաեւ
գյուղերում, նույնիսկ անմարդաբնակ վայրերում: Նա հավելեց, որ վերջերս, այցելելով
Աշտարակի մոտ գտնվող երեք եկեղեցիներ, որոնք ժամանակին թթենիներով էին շրջապատված,
տեսել է, որ դրանց շրջակայքում որեւէ ծառ չկա: Այս առիթով Երեւանի կամերային նվագախմբի
գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը փաստեց, որ Կամերային տան շրջակայքում նկատել
է մի մեքենա, որը բեռնված է եղել բազմաթիվ ծառերով: Ա. Ղարաբեկյանը եւս մեկ
անգամ ներկայացրեց կառույցի առջեւ ծառացած խնդիրը: Նա նշեց, որ արդեն քաղաքապետը
կասեցրել է նոր զվարճանքի կենտրոնի շինարարությունը, սակայն փոխհամաձայնության եզրեր
չեն գտնում շենքի ետնամասում գտնվող «9-րդ ալիք» սրճարանի տնօրինության հետ. «Այն
ասես քաղցկեղ լինի՝ օր օրի ընդլայնվում է»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել