Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչիկյանը «շահագրգռում» է

Նոյեմբեր 02,2005 00:00

Ասեք՝ ինչքան աշխատավարձ եք ստանում, կասեմ՝
ինչքան կենսաթոշակ կստանաք: Սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամը, ի դեմս իր նախագահ Վազգեն Խաչիկյանի, սոցիալական քարտերի ընդունումը
քարոզելուց ու դրա անպիտանելիության մասին խոստովանություն անելուց հետո որոշել է
կենսաթոշակառուների համար մի նոր տիպի «լուրջ բարեփոխում» իրականացնել՝ այս անգամ
ներդնելով անհատական հաշվառման համակարգ: Երեկ համակարգի առավելությունների մասին
խոշոր գործատուներին ու հարկ վճարողներին ներկայացնելիս պարոն Խաչիկյանը նշեց, որ
նոր համակարգը հնարավորություն կտա կապ ստեղծել մարդու աշխատավարձի, կատարած սոցիալական
ապահովագրության վճարի եւ հետագայում ստանալիք նպաստի կամ կենսաթոշակի միջեւ, եւ
յուրաքանչյուր քաղաքացու կենսաթոշակի չափը պայմանավորել հաշվառված աշխատավարձով:
Պարոն Խաչիկյանը հույս ունի, որ այս համակարգով իրեն կհաջողվի մեծ բացահայտումներ
անել մարդկանց իրական աշխատավարձերի մասին՝ նրանց շահագրգռելով 60 տարեկանից հետո
ստանալիք մի քանի հազար դրամ ավելի կենսաթոշակով: «Օրինակ՝ վերջերս գործատուները
մոտ 150 հազար աշխատողների համար ցույց են տվել, թե իբր նրանք ստացել են մինչեւ 20
հազար դրամ աշխատավարձ: Ընդ որում՝ նրանց գերակշիռ մասն առեւտրի ու սպասարկման ոլորտի
աշխատողներ էին եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որտեղ վստահաբար աշխատավարձն
այդքան չի կազմում»,- լրագրողներին նախկին համակարգի անարդյունավետությունը ներկայացրեց
Վ. Խաչիկյանը: Նրա խոսքերով՝ «այսուհետեւ մարդն ավելի շահագրգռված կլինի ոչ թե թաքցնել
իր աշխատավարձի իրական չափը, այլ՝ բարձր եկամուտներ ցույց տալ, որ հետո ավելի բարձր
թոշակ ստանա»: Բայց նկատենք, որ սա ստվերային շուկան բացահայտելու համար «շահագրգռման»
այնքան էլ լավ ձեւերից չէ, քանի որ, այսպես թե այնպես, սովորական աշխատողների համար
ըստ աշխատավարձի չափի սոցիալական վճարումներ պետք է անեն գործատուները, որոնք, բնականաբար,
քիչ վճարելու համար շահագրգռված կլինեն ցածր աշխատավարձեր ներկայացնել՝ «թքած ունենալով»՝
իր աշխատողը 60 տարեկանից հետո բա՞րձր կենսաթոշակ կստանա, թե՞ ոչ: Իսկ այն հարցին,
թե ի՞նչ պետք է անեն, որ գործատուն էլ շահագրգիռ լինի իրական աշխատավարձերի չափը
ցույց տալ, պարոն Խաչիկյանը պատասխանեց. «Աշխարհը գործատուին շահագրգռելու տարբերակը
չունի»: Եթե տարիներ առաջ Խաչիկյանը սոցիալական քարտի առաջատար քարոզողներից
էր, հիմա էլ դարձել է, իր խոսքերով՝ «այս համակարգի ամենաջերմեռանդ ջատագովներից
մեկը», քանի որ, ըստ նրա՝ «իմ տարիքն էնպիսին է, որ սա առաջին հերթին ազդելու է մեր
սերնդի վրա, մենք հետագայում ավելի քիչ խնդիրներ կունենանք, քան թե այսօրվա մեր կենսաթոշակառուները,
որոնք ստիպված են լինելու գոյատեւել ավելի ցածր կենսաթոշակներով»: Դժվար է ասել՝
երեկվա քննարկումը լավ լուսաբանելո՞ւ, թե՞ ընդհանրապես լրագրողներին էլ համակարգի
ջատագովներ դարձնելու համար պարոն Խաչիկյանը նկատեց, որ համակարգից կօգտվեն նաեւ
լրագրողները, ովքեր սովորաբար մի լրատվամիջոցում են աշխատում, բայց մի քանի տեղ թղթակցում
են. «Նախկինում ձեր աշխատանքային ստաժը միայն մի աշխատավայր էր ներկայացնում, հիմա
բոլոր գործատուները պարտավոր են ձեր համար առանձին հաշիվ բացել ու կենսաթոշակի գումարը
բարձրացնել»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել