Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎԽՏՈՒՄ ԵՆ ՍԱՐԴԵՐԻ ՊԵՍ

Նոյեմբեր 02,2005 00:00

Իսկ
նրանց դեմ պայքարող կազմակերպություն կամ ծրագիր չկա Այս աշուն
Երեւանում «հայրենական» կարիճներն իրենց շատ տարօրինակ են պահում՝ քնելու փոխարեն
լցվել են մարդկանց բնակարանները: Ում հետ փորձում ես խոսել այդ թեմայի շուրջ, պարզվում
է, որ զարմանալու բան չկա՝ «մենք էլ էն օրը մեր տանը սպանեցինք»: Նշենք մի քանի՝
բոլորովին թարմ դեպք: Երկու օր առաջ Գր. Լուսավորչի 17 շենքի 3-րդ հարկում տիկին
Ալվինան նկատել է պատից իջնող կարիճին, զանգել հարեւանին եւ համատեղ ուժերով սպանել:
Հինգ օր առաջ Քաջազնունի 8/1 շենքի բնակչուհի տիկին Անահիտը տան հատակին է նկատել
եւ՝ պատմությունը նույնն է: Տարբերությունն այն է, որ այդ օրվանից Անահիտը սթրեսի
մեջ է՝ ամեն անկյունում նրա աչքին կարիճներ են երեւում: Վերջին օրերին միայն մեր
ծանոթ-բարեկամների շրջանում 10-12 բնակարան ենթարկվել է «կարիճային գրոհի»: Իսկ Նոր
Արեշի, Նոր Նորքի, Նուբարաշենի խճուղու եւ մի շարք այլ տարածքներում կարիճները տան
անդամի պես պարտադիր են ու մշտական: «Կարիճաշատ» են հատկապես բազմահարկ շենքերը՝
«Տաշիր» առեւտրի կենտրոնի հետնամասն ամբողջությամբ, ժամացույցի գործարանի հարեւան
շենքերը եւ այլն: Մասնագետների հետ խորհրդակցելով պարզեցինք, որ կարիճների
աշխուժացումը նրանց կենսակերպի մուտացիայի՝ ձեւափոխության հետ այնքան էլ կապ չունի.
մի քանի օր առաջ՝ մինչեւ անձրեւները, եղանակը տաքացել է ու քնից արթնացրել նրանց:
Միայն թե բազմանալու շրջան չէ, այդ պատճառով էլ բոլոր հանդիպածները «չափահասներ»
են, մեծ են: Ինչ վերաբերում է վերջին տարիներին մայրաքաղաքում ակնառու դարձած կարիճների
առատությանը, ապա նույն «կարիճագետների» վստահ կարծիքով՝ «քանի տարի է՝ Երեւանը տակնուվրա
են անում, բուռն շինարարություն է գնում, քանդում են հողն ու արեւերես հանում նրանց՝
հերիք չէ, նաեւ դրսից ավազ են բերում, իսկ ընդերքի փափուկ շերտը կարիճների բնակավայրն
է, էդ խեղճերը մի տեղ պիտի՞ ապրեն»: Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Մարգարիտա
Մարջանյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց մի շարք հարցեր, որոնք կհետաքրքրեն
կարիճների հետ «համատեղ» բնակվող մեր համաքաղաքացիներին: Օրինակ, որ մեր երկրում
բնակվող կարիճի բոլոր 3 տեսակների խայթոցները՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ, մահացու
չեն, եթե խայթվողը ալերգիկ չէ: Անհրաժեշտ է խայթած տեղին յոդ քսել եւ վրան պահել
տաք օդի շիթ, օրինակ՝ ֆենով, որպեսզի թույնը արագ տարածվի եւ մարմնամասը չայտուցվի,
շատ հեղուկ օգտագործել: Նաեւ հերքեց տարածված կարծիքն այն մասին, որ պետք է անպայման
վառել կարիճին՝ նրա ընտանիքի մյուս անդամների «գալուստը» կանխելու նպատակով: Բանն
այն է, որ կարիճները միայնակ, ոչ թե՝ խմբակային ապրող տեսակ են: Պարզվում
է նաեւ, որ այս մանր ողնաշարավորները իրենք հակված չեն խայթելու: Ընդհակառակը՝ խուսափում
են դրանից, որովհետեւ թույնի քանակից է կախված իրենց կյանքի տեւողությունը, իսկ կարիճի
թույնը, ի տարբերություն օձերի՝ չի վերականգնվում: Իսկ որ խայթում են՝ ինքնապաշտպանական
բնազդից է: Բայց դե մարդն էլ հակված չէ դիտմամբ նստել կամ պառկել անկողնում տեղավորված
կարիճի վրա: Մ. Մարջանյանը խորհուրդ տվեց տներից վերացնել զանազան միջատներին՝ այս
զեռունը մեզ այցելում է հենց միջատներ գտնելու եւ ուտելու նպատակով: Դրա միջոցները
շատ են: Հատկապես անհրաժեշտ է դեղերով լավ մշակել տան անցքերը, պատուհանագոգերն ու
դռան շեմը: Շտապօգնության ծառայությունից մեզ տեղեկացրին, որ 2004 թվականին
կարիճի խայթոցի 49 դեպք է գրանցվել, այս տարի՝ դեռեւս 32: Բժիշկների օգնությունը
հիմնականում ավարտվում է հակաալերգիկ դեղամիջոց ներարկելով: Իսկ կարիճի հակաթույնի
մասին պատկերացում անգամ չունեն, որովհետեւ նման միջոց Հայաստանում չկա: Ընդհանրապես,
կարիճի դեմ պայքարող կազմակերպություն գոյություն չունի եւ ուսումնասիրություն էլ
չի տարվում, թե ի՞նչը կազդի նրա վրա: Տեսե՞լ ես՝ ինքդ էլ սպանիր, խայթե՞լ է՝ զանգիր
1-03: Մեզ պատմեցին դեպքեր, երբ բնակարան են վաճառել կարիճի պատճառով՝ խնամքով
թաքցնելով գաղտնիքը, որ «տան գինը չընկնի»: Անտարբերության մատնված խայթոցից նաեւ
մարդիկ են մահացել, հատկապես՝ երեխաներ: Ինչպես արդեն ասվեց, տան մեջ կամ շենքում
կարիճի գոյությունը նաեւ լուրջ սթրեսների աղբյուր է: Ինչպե՞ս չանհանգստանաս, երբ
պահարանից հանած շորն անգամ պետք է ուշի-ուշով տնտղես՝ նոր հագնես: Իսկ վախից առաջացած
սթրեսների հետեւանքները անբուժելի են: Դրանից է առաջանում, օրինակ՝ շաքարային դիաբետը:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել