Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասադը «խառնա»

Նոյեմբեր 02,2005 00:00

Ասադը
«խառնա» Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի վերաբերյալ
ընդունեց մի բանաձեւ, որը թեեւ Դամասկոսի նկատմամբ անմիջականորեն պատժամիջոցների
գործադրում չի նախատեսում, այնուամենայնիվ, դժվար է այդ բանաձեւը մեղմ որակել: Հիշեցնենք,
որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ԱԽ ներկայացված նախագծում սկզբնապես
տնտեսական կոշտ պատժամիջոցներ էին նախատեսված Սիրիայի նկատմամբ, որը, ըստ փաստաթղթի
հեղինակների, հրաժարվում է համագործակցել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի
սպանության հանգամանքներն ուսումնասիրող միջազգային հետաքննական խմբի հետ: Այդ նախագծին,
միանգամայն սպասելիորեն, կտրուկ դեմ էր արտահայտվել Ռուսաստանը՝ իր դիրքորոշումը
հիմնավորելով կատարյալ անհեթեթ մի փաստարկով: Ըստ այդմ, Մոսկվան դժգոհել է, որ ԱԽ-ն
դատական լիազորություններով օժտված մարմին չէ, որպեսզի պատիժներ սահմանի ինչ-որ երկրների,
տվյալ դեպքում՝ Սիրիայի նկատմամբ, հատկապես հաշվի առնելով, որ Հարիրիի սպանության
միջազգային հետաքննությունը դեռ չի ավարտվել: Այլ խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է
սպասել հետաքննության վերջնական եզրակացությանը: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ
հիշյալ հետաքննությունը, փաստորեն, չունի ավարտվելու, հետեւաբար եւ՝ վերջնական եզրակացության
հանգելու հնարավորություն, քանի որ Սիրիան հրաժարվում է հիմնական կասկածյալներին
միջազգային հետաքննիչներին հանձնելուց: Մինչդեռ նախատեսվող տնտեսական պատժամիջոցները
նպատակ են ունեցել Սիրիային հարկադրել անել այդ բանը: Հենց այս աբսուրդի մեջ է ռուսական
դիրքորոշման ողջ հմայքը: Ինչպես արդեն վերեւում նշել ենք, Անվտանգության խորհուրդը,
այնուամենայնիվ, կայացրեց իր որոշումը, ու թերեւս Ռուսաստանի հետ կապված ավելորդ
գլխացավանքները շրջանցելու նպատակով, իբրեւ փոխզիջում, համաձայնեց առայժմ չշտապել
պատժամիջոցների հարցում: ԱԽ-ի այդ որոշումը, այդուհանդերձ, Սիրիային ոչ մի թեթեւություն
չբերեց, քանզի Սիրիայի ղեկավար Բաշար Ասադն այժմ կանգնած է գրեթե անլուծելի մի երկընտրանքի
առջեւ: Ըստ այդմ, նրանից պահանջվում է միջազգային արդարադատության ձեռքը հանձնել
Հարիրիի սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող մի քանի բարձրաստիճան անձանց, որոնցից
մեկը հենց վերջինիս եղբայրն է՝ նախագահական գվարդիայի հրամանատար Մահեր Ասադը, իսկ
մյուսը՝ աներորդին, ռազմական հետախուզության պետ Ասեֆ Շաուքաթը: Ընթացիկ տարվա ապրիլին,
երբ Բաշար Ասադը որոշում կայացրեց առանց այլեւայլությունների Լիբանանից հանել իր
զորքերը, վերջինս հավանաբար մտածում էր, թե այդպիսով փրկեց իր ռեժիմը: Սակայն, ինչպես
տեսնում ենք, ամեն ինչ դեռ առջեւում է: Իսկ մինչ այդ, ճարահատյալ Ասադն արաբական
պետությունների լիգային արտակարգ գագաթաժողով հրավիրելու կոչ է արել: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել