Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուրիշի քրտինքը չեմ ուտում»

Նոյեմբեր 02,2005 00:00

Խոսրով Հարությունյանը պատասխանում
է իր դեմ ուղղված մեղադրանքներին Թերեւս որեւէ մեկի սահմանադրական
«այո»-ն այդքան որակումների, նույնիսկ վիրավորանքների ու սպառնալիքների առիթ չդարձավ,
որքան ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանինը: Եվ ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը, եւ
«Արդարության» ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, եւ «Արմատ»-ական շրջանակները բավականին
անողոք գտնվեցին ՔԴՄ ղեկավարի նկատմամբ: Ինչպես է պրն Հարությունյանը վերաբերվում
հնչած քննադատություններին: «Միանգամայն առողջ եմ համարում, երբ որեւէ մեկին քննադատում
են իր որեւէ դիրքորոշման համար: Մեր կուսակցության դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների
վերաբերյալ կարող էր որոշ քաղաքական ուժերի կամ անհատների կողմից քննադատության ենթարկվել:
Մենք արել ենք հայտարարություն, որով փաստել ենք մեր դիրքորոշումը եւ հիմնավորել
ենք պատճառները: Բայց դա բացարձակ կապ չունի իշխանությունների նկատմամբ մեր վերաբերմունքի
հետ»,- «Առավոտին» ասաց ՔԴՄ նախագահը։ Նա չի ըմբոստանում, եթե իրենց մոտեցումը որեւէ
մեկին չի բավարարում, բայց «երբ սկսում են վիրավորել, անպատվել, սպառնալ, դա խոսում
է այն մասին, որ այդ ընկերներն ուղղակի հիմնավոր փաստարկ չունեն մեր խոսքի դեմ: Մենք
չենք քարոզում, հանրությանը ներկայացնում ենք մեր պատկերացումները հարցի վերաբերյալ,
փորձում ենք հանրությանն օգնել, որպեսզի կողմնորոշվի: Կհավատա՞ն մեզ, կընդունե՞ն
մեր փաստարկները՝ կասեն «այո»: Հակառակ պարագայում ոչ մի ողբերգական բան տեղի չի
ունենա: Միակ ողբերգությունը կլինի այն ժամանակ, որ առաջիկա հանրաքվեում կրկնվեն
կամ կատարելագործվեն կեղծարարությունները»: «Առավոտի» դիտարկմանը, որ պրն
Հարությունյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները այս կամ այն կերպ շոշափում էին այդ
գործչի՝ լցակայան ունենալու փաստը, Խ. Հարությունյանը արձագանքեց. «Ես չեմ գողանում,
կաշառք չեմ վերցնում: Ես իմ առօրյան փորձում եմ կազմակերպել լեգալ բիզնեսով: Գազալցակայանը
նույնպիսի մի բիզնես է, ինչպես տուրիզմով զբաղվելը կամ հազար ու մի այլ ծառայություններ
մատուցելը: Ես օրինակելի հարկատու եմ եւ բացարձակապես անհարմար չեմ զգում, որ բիզնես
ունեմ, եւ ոչ միայն այդ բիզնեսը: Եթե օրենքն արգելում է նման գործունեությունը, թող
բոլորին արգելի, ես էլ կենթարկվեմ դրան: Այնպես որ, եթե որեւէ մեկը փորձում է նախկին,
խորհրդային պատկերացումներով ներկայացնել հարցը, ապա դա իր խնդիրն է: Ես ուրիշի քրտինքը
չեմ ուտում, ուրիշի աշխատանքը չեմ գողանում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել