Տոհմածառերի վարպետը Նա, ով չգիտե իր անցյալը, չի կարող նայել ապագային Այսօր իրեն քիչ թե շատ հարգող յուրաքանչյուր մարդ փնտրում է իր արմատները: Նրանցից շատերը կազմում են իրենց տոհմածառը, որը երբեմն հպարտանալու, ոմանց մտածելու, մի մասին էլ տխրելու տեղիք է տալիս: Այս հետաքրքիր գործում որոշել է իր ավանդն ունենալ Գրիգոր Պետրոսյանը: «Հին, բարի ժամանակներում ազնվականներն իրենց նախնիների նկարներով զարդարում էին տները: Նրանք հպարտանում էին իրենց նախնիների ձեռք բերած երբեմնի փառքով: Նույն ժամանակ հասարակ մարդիկ պահում էին ընտանեկան ալբոմներ՝ իրենց տոհմի լուսանկարներով: Շատերը հպարտանալու ոչինչ չունեին, եւ նկարները փոշոտվում էին ժամանակի մեջ: Խորհրդային կարգերը մարդկանց մեջ դրեցին հավասարման նշան, եւ այժմ յուրաքանչյուրն ինքը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է գիտենալ իր տոհմածառը եւ ըստ այդմ էլ որոշվում է տոհմի արժեւորման աստիճանը»,- ասաց Գ. Պետրոսյանը: Նրա պատրաստած մետաղե ծառի յուրաքանչյուր ճյուղից կախվում է տերեւ-նկարը, իսկ արմատը խորհրդանշում է տվյալ երկիրը: Գ. Պետրոսյանի «Family Tree» ընկերությունը այսօր գրանցված է Հայաստանում եւ Ռուսաստանում: Ընկերության արտադրանքը ըստ պայմանագրի կարտահանվի աշխարհի 27 երկիր, այդ թվում՝ Շվեյցարիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ եւ այլուր: Յուրաքանչյուր երկրում ծառի արմատի վրա կլինեն տվյալ ժողովրդի խորհրդանիշները: Գաղափարը հետաքրքրել է Իոսիֆ Կոբզոնին, Վալերի Յուդաշկինին եւ այլ արվեստագետների: Մինչ այժմ Գ. Պետրոսյանը պատրաստել է 3, 5, 7 տերեւ-նկար պարունակող ծառեր, սակայն նա մտադիր է ընդլայնել իր պատրաստած տոհմածառի «հնարավորությունները», եւ այժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Մտահղացումները քիչ չեն՝ զարդարել ծառը կիսաթանկարժեք քարերով, տերեւ-նկարները դարձնել երկկողմանի, հետագայում նաեւ ծառի մեջ տեղադրել երաժշտություն, որի օգնությամբ այն «կհիշեցնի» տոհմածառում զետեղված ընտանիքի կամ անդամի ծննդյան տարելիցը, այլ տարեթվեր, ընդ որում՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: «Ընտանիքը հայերի համար միշտ եղել է սրբություն: Ծնող-զավակ հարաբերությունը հիմնված է եղել փոխադարձ մեծ սիրո եւ հարգանքի վրա: Վերջին ժամանակներս շատ բան է փոխվել աշխարհում: Փոխվել է նաեւ մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ: Սակայն բավական է մի պահ սթափվենք՝ անմիջապես ներքեւ ենք նայում, իսկ այնտեղ մեր արմատներն են: Հույս ունեմ, որ իմ այս մտահղացումը՝ տոհմածառը, յուրաքանչյուր տոհմի, ընտանիքի կբերի սեր, ջերմություն, խաղաղություն եւ հաջողություններ»,- «Առավոտին» ասաց Գրիգոր Պետրոսյանը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ