Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճշտի

Նոյեմբեր 01,2005 00:00

Ճշտի ճանապարհին «Եթե այսպես շարունակվի՝ ապա հինգ տարուց դպրոցականները կմոռանան հայոց լեզուն, իսկ մայրենիին կփոխարինի ռուսերենը կամ անգլերենը»,- համոզված է թիվ 181 դպրոցի աշակերտուհի Անահիտ Մովսիսյանը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ծխական խորհրդի նախաձեռնությամբ համայնքի 20 հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ աշնանը անցկացվել է «Գրերի գյուտ-1600» թեմայով հայոց լեզվի շարադրության եւ նկարչության մրցույթ: Շաբաթ օրը Արարատյան հայրապետական թեմում վկայագրեր եւ շնորհակալագրեր հանձնվեցին լավագույն ստեղծագործությունների հեղինակներին: 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մովսիսյանի «Հայոց գիրը» վերնագրով արձակ բանաստեղծությունը զբաղեցրեց առաջին տեղը: Անահիտի ներկայացմամբ՝ ինքն իր ստեղծագործությամբ հորդորում է իր հասակակիցներին եւ մեծերին՝ ավելի ուշադիր լինել մեր լեզվի պահպանման հարցում: Նրա կարծիքով՝ մեր առօրյայում օտար լեզուն գերիշխում է մայրենիին: Երկրորդ տեղն էր զբաղեցրել Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցի աշակերտուհի Մարգարիտա Հովհաննիսյանի «Մայր հողի կանչը» շարադրությունը: Մարգարիտան այս շարադրությամբ իր հասակակիցներին ավետում է, որ հայրենիքը մեկն է. «Եթե ծնվել ենք այստեղ, պետք է հենց այստեղ էլ գոյատեւենք: Որտեղ էլ գնանք, միեւնույն է՝ մայր հողի կանչը միշտ մեզ ետ է բերելու»,- կարծում է Մ. Հովհաննիսյանը: Երրորդ տեղը զբաղեցրեց «Ծիծեռնակաբերդի ճանապարհին» վերնագրով շարադրության հեղինակը՝ թիվ 176 դպրոցի աշակերտուհի Սիրանուշ Գալստյանը: Իր աշխատանքը Սիրանուշը նվիրել էր եղեռնի 90-րդ տարելիցին եւ Գրերի գյուտի 1600-ամյակին. «Անցյալն ու ապագան միահյուսել եմ: Հայ ժողովրդին եւ իմ հասակակիցներին դրանով ուզում եմ ասել, որ անցյալը միշտ պետք է մեզ հետ լինի»,- ասաց Ս. Գալստյանը: Նկարչության մրցույթն անցկացվել էր հոկտեմբերի 10-ին Օշականում, սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝ բացօթյա: Լավագույն աշխատանքի հեղինակ ճանաչվեց թիվ 181 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Ասլանյանը: Ծխական խորհրդի անդամ, բարերարներ Սոխակ Զատիկյանը եւ Նունե Գեւորգյանը հաղթողներին ոսկե եւ արծաթե խաչեր նվիրելուց բացի, դրամով պարգեւատրեցին հաղթողների ուսուցիչներին: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ծխական խորհրդի ատենապետ Աշոտ Կիրակոսյանն ասաց, որ միջոցառման նպատակն էր նաեւ այս ձեւով պայքարել աղանդավորների դեմ. «Նրանք մարդաորսությամբ են զբաղվում նաեւ հանրակրթական դպրոցներում: Դրա համար էլ հենց այստեղից եւ այս կերպ ենք պայքարում աղանդների դեմ՝ երեխաներին սովորեցնելով, թե որն է ճիշտը»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել