Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ

Նոյեմբեր 01,2005 00:00

Ե՞ՐԲ Է ԼԱՎ ԱՊՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԸ Ըստ մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյանի՝ երբ վատ է աշխատում Մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյանը խմբագրություն էր եկել մեր թերթի վերջին համարներում տպագրված հոդվածաշարի հետքերով, որ վերաբերում էր մանկավարժական համալսարանում ատենախոսությունների անցկացման «կարգին»: Պրն Մանուկյանը վերջին 4-5 տարիներին եղել է մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ, եւ ատենախոսությունների «թխման» հետ կապված մեր հրապարակումներին ավելացնելու բան ուներ՝ իբրեւ կատարվածի կենդանի վկա: «Ինքս հաճախ եմ ելույթ ունեցել գիտխորհրդի նիստերին, երբ ատենախոսություններ էին պաշտպանվում, եւ հաճախ ցույց եմ տվել ներկայացված ատենախոսությունների թերությունները, որոնք, փաստորեն, արժեզրկում էին այդ աշխատանքները: Ապացուցել եմ փաստերով, սակայն վերջում, երբ գաղտնի քվեարկությունն ավարտվել է, պարզվել է, որ միայն ես եմ դեմ քվեարկել: Իսկ իրենք վեր են կացել, գնացել ուտել-խմելու: Եվ 3 տարի շարունակ այդ բանը կրկնվել է: Երկու անգամ հրաժարվել եմ խորհրդի անդամությունից՝ հաշվի առնելով նման վերաբերմունքը ատենախոսությունների նկատմամբ, նորից հրավիրել են, նորից մասնակցել եմ, բայց նորից նույն բանը կրկնվել է: Վերջապես սա շատ վտանգավոր է մեր երկրի ժողովրդական կրթության համար, չի կարելի մանկավարժագիտության մասնագետներ, թեկնածուներ պատրաստել այս մակարդակով: Ռեկտորի բարությունը շատ վատ է անդրադառնում, գալիս նրան խնդրում են, գործը գլուխ են բերում»: Պրն Մանուկյանը առաջարկում է վերցնել ասպիրանտուրայի հայցվորներին առաջարկվող գրականության ցանկը եւ տեսնել, թե ինչ պարզունակ հարցեր են առաջադրվում: «Պաշտպանության ժամանակ խորհրդի անդամներից մեկը մի անգամ գրպանից մի թուղթ հանեց՝ կարելի՞ է ձեզ այսպիսի մի հարց տալ. ու թղթին նայելով տվեց նախօրոք պայմանավորված հարցը»: Սերգեյ Մանուկյանն այսօր ոչ գիտխորհրդի անդամ է, ոչ էլ լեզվագիտական համալսարանի դասախոս, ուր աշխատել է երկար տարիներ եւ լքել բուհը՝ ղեկավարության հետ որոշակի անհամաձայնությունների պատճառով (դա այլ թեմա է): Պրն Մանուկյանի 2 տասնյակից ավելի գիտական աշխատություններն ու ուսումնասիրություններն այսօր իրացվում են Մոսկվայում: Եվ ոչ մի հետաքրքրություն՝ հայրենիքում: Ընդ որում՝ տպագրության ծախսերը հոգում է ինքը՝ հեղինակը: «Աշխատություններիցս նվիրեցի մանկավարժականի ռեկտոր Ղուկասյանին՝ խնդրելով, որ կազմակերպեն քննարկում, դրեցի մանկավարժության ամբիոնում, տվեցի դպրոցներին: Ոչ մի հետաքրքրություն»,- ափսոսանք է հայտնում Ս. Մանուկյանը եւ պատմում իր հաջողությունների մասին՝ իր երկրից դուրս: «Մեր գրախանութներում չվաճառվեց «Ժամանակակից մանկավարժության արդի հիմնախնդիրները» գրքիս եւ ոչ մի օրինակ: Իսկ Մոսկվայի Ուշինսկու անվան մանկավարժական գրադարանի տնօրենը իմ գիրքը մտցրեց ինտերնետի մեջ, եւ վաճառվեց միանգամից 30 օրինակ, եւս 30-ը դրել եմ վաճառքի: Հիմա էլի գրքեր եմ պատրաստել Մոսկվայի համար: Ակադեմիկոս Գերշունսկին մի առիթով ասաց՝ Մանուկյանը առաջին անգամ ցույց տվեց, որ ուսուցչի եւ աշակերտի նպատակները տարբեր են: Իսկ մեզ մոտ իմ գործընկերներն ասում էին՝ դու բոլորից խելացի ե՞ս, մենք մեր ընտրությամբ ենք դասախոսություն կարդում: Իսկ այսօր մանկավարժություն անցնում են Բաբանսկու գրքով, որ դեռ տարիներ առաջ բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել»: Պրն Մանուկյանը եկել է մի եզրակացության. «Դասախոսը որքան վատ է բացատրում, որքան վատ է աշխատում, այնքան լավ է ապրում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել