Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկ

Նոյեմբեր 01,2005 00:00

«Մեկ է՝ սարքելու եմ» Ազատամարտիկի մայրը համոզված է, որ վարչապետն էլ իրեն կպաշտպանի «Մեր շենքի բակը շատ խաղաղ էր: Մինչ այժմ ոչ մի խնդիր չենք ունեցել, բակում մեծերի համար հանգստի տեղ կա, երեխաների համար՝ խաղահրապարակ: Բայց մի շաբաթ առաջ հենց շենքի պատի տակ՝ խաղահրապարակի տեղում, սկսեցին փորել: Երբ հարցրինք՝ ասացին, թե թանգարան են սարքում, հետո էլ, թե՝ ջրավազան: Իսկ մեր տվյալներով՝ խանութ են սարքելու»,- «Առավոտի» ստացած հերթական բողոքը Երեւանի Շենգավիթ համայնքի Ֆուչիկի 10 հասցեի բնակիչներից է: Նրանք պարզել են նաեւ կառույցի հեղինակին. արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկ Գեւորգ Ղազարյանի մայրն է՝ Շենգավիթ համայնքի զոհված ազատամարտիկների միության նախագահ Լյուդմիլա Ղազարյանը: «Նա ապրում է հարակից՝ Ֆուչիկի 10/1 շենքում: Իրենց շենքի բակում մի քանի տարի առաջ ծառեր կտրեց, ավտոտնակ կառուցեց: Թող կառուցի, թող թանգարան կամ խանութ էլ կառուցի, բայց ոչ մեր հանգստի հաշվին: Ուրիշ տեղ կարող են հատկացնել, ոչ թե մեր շենքի բակն ու այն էլ՝ երեխաների խաղահրապարակը»,- բողոքել են բնակիչները: Նրանք անհանգստացած էին գլխավորապես այն հետեւանքներից, որ կարող է առաջացնել խանութի գոյությունը. «Մեր թաղամասը՝ Յոնջալախը, հայտնի է որպես աղքատ ու գործազուրկ թաղամաս: Ինչպես բակերում տեղավորված մյուս խանութներում, այստեղ էլ կհավաքվեն մի բաժակ գարեջուր կամ օղի խմելու, կաղմկեն ու կհայհոյեն: Իսկ շենքի ննջասենյակները բացվում են հենց նորակառույցի վրա: Մենք, ինչ է, ողջ գիշեր չե՞նք քնելու: Մեր դժգոհությանը ազատամարտիկի եղբայրը, որը պաշտպանության նախարարությունում է աշխատում, հեգնանքով պատասխանեց, թե՝ ում ուզում եք՝ դիմեք, մեկ է, սարքելու եմ»: Հիմքը փորելու օրվանից բնակիչներն անցել են ակտիվ բողոքի. նախ՝ Շենգավիթի թաղապետարան, որտեղից տեղեկացրել են, թե՝ «հողհատկացման հետ մենք գործ չունենք, քաղաքապետարան գնացեք», ապա՝ քաղաքապետարանի համապատասխան կառույցներին, որոնց միջամտությամբ հաջողվել է կասեցնել շինարարական աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչությունում նրանց հայտնել են, որ «քաղաքապետի որոշում դեռեւս չկա, բայց կարող է՝ ստանան»: Նամակ ուղարկվել է նաեւ վարչապետին: «Վերջին փոփոխություններից հետո թաղապետարանները հողհատկացման կամ շինթույլտվության հետ գործ չունեն՝ քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչությունն է տալիս, մեզ մի օրինակ են ուղարկում՝ դա էլ դեռ չենք ստացել»,- «Առավոտին» պարզաբանեց համայնքի գլխավոր ճարտարապետ Գագիկ Հարությունյանը: Իսկ հիշյալ վարչությունից տեղեկություն չհաջողվեց ստանալ: Սակայն կառույցի նախաձեռնող Լ. Ղազարյանը չհրաժարվեց պատասխանից. «Ես կառուցում եմ իմ տղայի՝ Արցախյան պատերազմի հերոս Գեւորգ Ղազարյանի տուն-թանգարանը: Կառույցը ոչ մեկին չի խանգարի՝ խաղահրապարակը պաշտպանվում է, ճանապարհը պահպանվում է, կանաչ տարածք չի վերանում, շենքից 10-11 մետր հեռու է: Ավելին, այդտեղ ամայի տարածք էր՝ ծառեր ու ծաղիկներ ենք տնկելու: Այնպես որ, թող իզուր չհակառակվեն, թե՝ կհավաքվեն ու կհայհոյեն, ամբողջ Յոնջալախը հայհոյում է՝ ո՞նց են դիմանում, դա էլ շանտաժի նո՞ր ձեւ է»: Ինչ վերաբերում է խանութի մասին իր տղայի ասածին՝ «դա սուտ է, հորինում են, կկառուցենք, բացումը կանենք՝ կհամոզվեք»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել