ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՎՈՒՄ Է «Արդարադատության վիճակը օրեցօր վատանում է Հայաստանում», «Վահե Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը շինծու է», «ՀՀ դատախազությունը խախտում է ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածը. դատախազությունը իրավասու է հարուցել քրեական հետապնդում, բայց իրավունք չունի այն իրականացնելու: Այսինքն՝ այդ քննչական վարչություն կոչվող կառույցը, որը գործում է դատախազության ենթակայության տակ, հակասահմանադրական լինելով, իրականացնում է նմանատիպ գործունեություն». այսպիսի համոզմունքներով «Երեւան» հյուրանոցում երեկ ասուլիս էին հրավիրել առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող փաստաբան Վահե Գրիգորյանի պաշտպանները: Մեղադրյալի պաշտպանությունը տարբեր ակցիաների, ասուլիսների, բողոքի ցույցերի եւ այլ ձեւերով իրականացնելու համար «Փաստաբաններ՝ փաստաբանների համար» կազմակերպության քրեական իրավունքի բաժանմունքի գործադիր տնօրինությունը 1500 եվրո է տրամադրել: Տնօրեններ Ռութ Քոքը եւ Ժարինդ Թեմմինք Թուինստրան Ամստերդամից նույնիսկ նամակ են հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որով խնդրում են Վահե Գրիգորյանին անհապաղ ազատել կալանքից: Դատախազության ՀԿԳ քննիչներին չի համոզել նույնիսկ «Կրեյն ԼՏԴ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Հակոբյանի (որը բնակվում է ԱՄՆ-ում եւ որի նկատմամբ խարդախություն անելու համար է կալանավորվել Վ. Գրիգորյանը) Կալիֆոռնիայից ուղարկած այն փաստաթուղթը, որով նա հավաստում է, որ Վ. Գրիգորյանի հետ կապված որեւէ իրավաբանական խնդիր չունի: «Առավոտի» այն հարցին, թե դատախազության նշյալ կասկածի մասին տեղյակ պահե՞լ են ԱՄՆ դեսպանին, պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ «ամոթ է»: Հետո ավելացրին, որ ոչինչ բացառված չէ: «Առավոտի» հաջորդ հարցին, թե չե՞ն պատրաստվում դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ դատարաններում՝ որպես բողոքի ակցիա, պաշտպան Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Քանի դեռ նրա գործով (Վ. Գ.-ի) վճիռ չկա եւ դեռ հույս կա, որ դրական ելք կլինի, շարունակելու ենք մեր գործունեությունը: Աստված մի արասցե, ծայրահեղ դեպքում ես կդադարեցնեմ իմ փաստաբանական գործունեությունը ՀՀ-ում»: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ