Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐՈ ԵՐԳ՝ ԻՏԱԼԱՑՈՒ ՄՇԱԿՄԱՄԲ, ՀԱՅԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ

Նոյեմբեր 01,2005 00:00

Լուչիանո
Բերիոյի երգաշարի հայաստանյան պրեմիերա Երեւանում շարունակվում
է հոկտեմբերի 2-ից մեկնարկած հայ-իտալական բարեկամության միամսյակը, որը կավարտվի
նոյեմբերի 5-ին: Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն
իտալացի կոմպոզիտորների կամերային երկեր, այդ թվում՝ 20-րդ դարի կոմպոզիտոր Լուչիանո
Բերիոյի 11 երգից բաղկացած շարքը, որում ընդգրկված են նաեւ հայկական ու ադրբեջանական
երգեր: «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, երգաշարի հայ կատարողները՝
երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Գեղամյանը եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը,
ինչպես նաեւ այս համերգի կազմակերպիչ, խորհրդատու, Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոս,
արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը հայտնվել են երկընտրանքի առաջ՝
հնչեցնե՞լ ադրբեջանական երգը, թե՞ ոչ: Պարզաբանման համար հյուրընկալեցինք
երգչուհի Գայանե Գեղամյանին: Զրույցի սկզբում նա տեղեկացրեց, որ Լուչիանո Բերիոն
աշխարհահռչակ սփյուռքահայ երգչուհի Քեթի Բերբերյանի ամուսինն էր. «Երգաշարում ընդգրկված
երգերը կոմպոզիտորը վերցրել է տարբեր ազգերի քաղաքային ֆոլկլորից: Կան ֆրանսիական,
իտալական, ամերիկյան եւ արեւելյան երգեր՝ մեկ հայկական եւ մեկ ադրբեջանական»: Ըստ
երգչուհու, 20-րդ դարի իտալացի կոմպոզիտորի մշակած երգերում առկա է ժամանակի շունչը.
«Շարքը իմաստային տեսակետից այնպես է կառուցված, որ իրար հաջորդող երգերը կարծես
մեկը մյուսի շարունակությունը լինեն եւ այն եզրափակվում է ադրբեջանական «Սիրո երգով»:
Գ. Գեղամյանը հաստատեց նաեւ մեզ հասած տեղեկությունը: «Փորձերի սկզբում մտածում
էինք չհնչեցնել ադրբեջանական երգը: Հետո դիմեցինք մասնագետների: Ըստ նրանց, այդ երգը
զուտ ադրբեջանական լինել չի կարող՝ գոնե բառերի իմաստով: Վերջիններիս մեծ մասը կամ
թուրքերեն է կամ պարսկերեն: Ի վերջո, եկանք այն եզրակացության, որ եթե երաժշտությունը
համամարդկային է, մշակման հեղինակը՝ իտալացի, պետք չէ երգաշարը անդամահատել: Մանավանդ
որ, սա հայաստանյան պրեմիերա է: Անխոս՝ համերգից հետո ակնկալում ենք ոչ միայն երաժիշտների,
այլեւ լեզվագետների խոսքը»,- ասաց երգչուհին: Գ. Գեղամյանը այդ երգի մասին
հայտնեց նաեւ այսպիսի կարծիք. «Շատ հնարավոր է, որ երբ կոմպոզիտորը հանձն է առել
տարբեր ազգերի երգեր մշակել, արեւելքի անվան տակ նա պարզապես չի ուզեցել, որ զուտ
թուրքերեն երգ հնչի: Ինչո՞ւ. որովհետեւ, ինչպես նշեցի, նրա կինը հայուհի էր եւ կասկած
չկա, որ Քեթի Բերբերյանը ամուսնուն պատմել է թուրքերի իրականացրած Ցեղասպանության
մասին: Եվ քանի որ այդ տարիներին Ադրբեջանն էլ ԽՍՀՄ ընտանիքում էր ու կոմպոզիտորը
համակրանք է ունեցել արեւելյան երաժշտության հանդեպ, պարզապես թուրքականը ներկայացրել
է որպես ադրբեջանական»: Երգաշարը մատուցելիս երգչուհուն կընկերակցի փոքր կամերային
կազմով նվագախումբը, ինչպես բնօրինակում է, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել