Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշտի ճանապարհին

Նոյեմբեր 01,2005 00:00

«Եթե այսպես շարունակվի՝ ապա հինգ տարուց դպրոցականները
կմոռանան հայոց լեզուն, իսկ մայրենիին կփոխարինի ռուսերենը
կամ անգլերենը»,- համոզված է թիվ 181 դպրոցի աշակերտուհի Անահիտ Մովսիսյանը: Մալաթիա-Սեբաստիա
համայնքի ծխական խորհրդի նախաձեռնությամբ համայնքի 20 հանրակրթական դպրոցների աշակերտների
մասնակցությամբ աշնանը անցկացվել է «Գրերի գյուտ-1600» թեմայով հայոց լեզվի շարադրության
եւ նկարչության մրցույթ: Շաբաթ օրը Արարատյան հայրապետական թեմում վկայագրեր եւ շնորհակալագրեր
հանձնվեցին լավագույն ստեղծագործությունների հեղինակներին: 10-րդ դասարանի
աշակերտուհի Անահիտ Մովսիսյանի «Հայոց գիրը» վերնագրով արձակ բանաստեղծությունը զբաղեցրեց
առաջին տեղը: Անահիտի ներկայացմամբ՝ ինքն իր ստեղծագործությամբ հորդորում է իր հասակակիցներին
եւ մեծերին՝ ավելի ուշադիր լինել մեր լեզվի պահպանման հարցում: Նրա կարծիքով՝ մեր
առօրյայում օտար լեզուն գերիշխում է մայրենիին: Երկրորդ տեղն էր զբաղեցրել
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցի աշակերտուհի Մարգարիտա Հովհաննիսյանի «Մայր
հողի կանչը» շարադրությունը: Մարգարիտան այս շարադրությամբ իր հասակակիցներին ավետում
է, որ հայրենիքը մեկն է. «Եթե ծնվել ենք այստեղ, պետք է հենց այստեղ էլ գոյատեւենք:
Որտեղ էլ գնանք, միեւնույն է՝ մայր հողի կանչը միշտ մեզ ետ է բերելու»,- կարծում
է Մ. Հովհաննիսյանը: Երրորդ տեղը զբաղեցրեց «Ծիծեռնակաբերդի ճանապարհին» վերնագրով
շարադրության հեղինակը՝ թիվ 176 դպրոցի աշակերտուհի Սիրանուշ Գալստյանը: Իր աշխատանքը
Սիրանուշը նվիրել էր եղեռնի 90-րդ տարելիցին եւ Գրերի գյուտի 1600-ամյակին. «Անցյալն
ու ապագան միահյուսել եմ: Հայ ժողովրդին եւ իմ հասակակիցներին դրանով ուզում եմ ասել,
որ անցյալը միշտ պետք է մեզ հետ լինի»,- ասաց Ս. Գալստյանը: Նկարչության մրցույթն
անցկացվել էր հոկտեմբերի 10-ին Օշականում, սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝
բացօթյա: Լավագույն աշխատանքի հեղինակ ճանաչվեց թիվ 181 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի
Լուսինե Ասլանյանը: Ծխական խորհրդի անդամ, բարերարներ Սոխակ Զատիկյանը եւ Նունե Գեւորգյանը
հաղթողներին ոսկե եւ արծաթե խաչեր նվիրելուց բացի, դրամով պարգեւատրեցին հաղթողների
ուսուցիչներին: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ծխական խորհրդի ատենապետ Աշոտ Կիրակոսյանն
ասաց, որ միջոցառման նպատակն էր նաեւ այս ձեւով պայքարել աղանդավորների դեմ. «Նրանք
մարդաորսությամբ են զբաղվում նաեւ հանրակրթական դպրոցներում: Դրա համար էլ հենց այստեղից
եւ այս կերպ ենք պայքարում աղանդների դեմ՝ երեխաներին սովորեցնելով, թե որն է ճիշտը»:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել