Ըստ
մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյանի՝ երբ վատ է աշխատում Մանկավարժագիտության
դոկտոր Սերգեյ Մանուկյանը խմբագրություն էր եկել մեր թերթի վերջին համարներում տպագրված
հոդվածաշարի հետքերով, որ վերաբերում էր մանկավարժական համալսարանում ատենախոսությունների
անցկացման «կարգին»: Պրն Մանուկյանը վերջին 4-5 տարիներին եղել է մանկավարժական համալսարանի
գիտական խորհրդի անդամ, եւ ատենախոսությունների «թխման» հետ կապված մեր հրապարակումներին
ավելացնելու բան ուներ՝ իբրեւ կատարվածի կենդանի վկա: «Ինքս հաճախ եմ ելույթ ունեցել
գիտխորհրդի նիստերին, երբ ատենախոսություններ էին պաշտպանվում, եւ հաճախ ցույց եմ
տվել ներկայացված ատենախոսությունների թերությունները, որոնք, փաստորեն, արժեզրկում
էին այդ աշխատանքները: Ապացուցել եմ փաստերով, սակայն վերջում, երբ գաղտնի քվեարկությունն
ավարտվել է, պարզվել է, որ միայն ես եմ դեմ քվեարկել: Իսկ իրենք վեր են կացել, գնացել
ուտել-խմելու: Եվ 3 տարի շարունակ այդ բանը կրկնվել է: Երկու անգամ հրաժարվել եմ
խորհրդի անդամությունից՝ հաշվի առնելով նման վերաբերմունքը ատենախոսությունների նկատմամբ,
նորից հրավիրել են, նորից մասնակցել եմ, բայց նորից նույն բանը կրկնվել է: Վերջապես
սա շատ վտանգավոր է մեր երկրի ժողովրդական կրթության համար, չի կարելի մանկավարժագիտության
մասնագետներ, թեկնածուներ պատրաստել այս մակարդակով: Ռեկտորի բարությունը շատ վատ
է անդրադառնում, գալիս նրան խնդրում են, գործը գլուխ են բերում»: Պրն Մանուկյանը
առաջարկում է վերցնել ասպիրանտուրայի հայցվորներին առաջարկվող գրականության ցանկը
եւ տեսնել, թե ինչ պարզունակ հարցեր են առաջադրվում: «Պաշտպանության ժամանակ խորհրդի
անդամներից մեկը մի անգամ գրպանից մի թուղթ հանեց՝ կարելի՞ է ձեզ այսպիսի մի հարց
տալ. ու թղթին նայելով տվեց նախօրոք պայմանավորված հարցը»: Սերգեյ Մանուկյանն
այսօր ոչ գիտխորհրդի անդամ է, ոչ էլ լեզվագիտական համալսարանի դասախոս, ուր աշխատել
է երկար տարիներ եւ լքել բուհը՝ ղեկավարության հետ որոշակի անհամաձայնությունների
պատճառով (դա այլ թեմա է): Պրն Մանուկյանի 2 տասնյակից ավելի գիտական աշխատություններն
ու ուսումնասիրություններն այսօր իրացվում են Մոսկվայում: Եվ ոչ մի հետաքրքրություն՝
հայրենիքում: Ընդ որում՝ տպագրության ծախսերը հոգում է ինքը՝ հեղինակը: «Աշխատություններիցս
նվիրեցի մանկավարժականի ռեկտոր Ղուկասյանին՝ խնդրելով, որ կազմակերպեն քննարկում,
դրեցի մանկավարժության ամբիոնում, տվեցի դպրոցներին: Ոչ մի հետաքրքրություն»,- ափսոսանք
է հայտնում Ս. Մանուկյանը եւ պատմում իր հաջողությունների մասին՝ իր երկրից դուրս:
«Մեր գրախանութներում չվաճառվեց «Ժամանակակից մանկավարժության արդի հիմնախնդիրները»
գրքիս եւ ոչ մի օրինակ: Իսկ Մոսկվայի Ուշինսկու անվան մանկավարժական գրադարանի տնօրենը
իմ գիրքը մտցրեց ինտերնետի մեջ, եւ վաճառվեց միանգամից 30 օրինակ, եւս 30-ը դրել
եմ վաճառքի: Հիմա էլի գրքեր եմ պատրաստել Մոսկվայի համար: Ակադեմիկոս Գերշունսկին
մի առիթով ասաց՝ Մանուկյանը առաջին անգամ ցույց տվեց, որ ուսուցչի եւ աշակերտի նպատակները
տարբեր են: Իսկ մեզ մոտ իմ գործընկերներն ասում էին՝ դու բոլորից խելացի ե՞ս, մենք
մեր ընտրությամբ ենք դասախոսություն կարդում: Իսկ այսօր մանկավարժություն անցնում
են Բաբանսկու գրքով, որ դեռ տարիներ առաջ բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել»:
Պրն Մանուկյանը եկել է մի եզրակացության. «Դասախոսը որքան վատ է բացատրում,
որքան վատ է աշխատում, այնքան լավ է ապրում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ