15-18
տարեկանները կարծես թե մեծահասակներ չեն, բայց ըստ կառավարության որոշման՝ ոչ էլ
երեխաներ են: Երեկ «Հելոուինի» տոնն էր. սովորաբար այս տոնին
երեխաները վախենալու դիմակներ են կրում, սարսափելի կերպարանքներ ընդունում, դառնում
ուրվականներ ու խաղալիքներով կամ այլ հնարանքներով վախեցնում մարդկանց՝ որեւէ քաղցրավենիք
պահանջելով: Իրականում, անկախ այս տոնից, հայկական շուկայից գնված խաղալիքներն արդեն
իսկ բավականին «վախենալու» փաստ են իրենց՝ երեխաների համար: Դրանցից պաշտպանվելու
ողջ պատասխանատվությունն ընկած է ծնողների վրա, որովհետեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման
նախարարության որակի տեսչությունը, ստանդարտացման վարչությունը, առողջապահության
նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը, Մաքսային պետական կոմիտեն
ի վիճակի չեն վերահսկել այս շուկան: Սա «Առավոտի» հետ զրույցում որոշ ենթատեքստով
խոստովանեց նաեւ ստանդարտացման վարչության պետ Ռոբերտ Դայանը՝ «հիմա մեր շուկայում
ամեն ինչ էլ կա» արտահայտությամբ համաձայնելով մեր այն դիտարկման հետ, որ անկախ կառավարության
որոշումներից՝ խանութներում շրջելիս փաստացիորեն կարող ես հանդիպել կեղտոտ, վատ պատրաստանյութերով
վտանգավոր խաղալիքների: Ինչ վերաբերում է օրենքներին՝ դրանք մեզ մոտ գրեթե կատարյալ
են: Հաշվի առնելով խաղալիքների բազմազանությունն ու շուկայական ծավալները՝ անցյալ
տարի նոյեմբերին կառավարությունը հաստատեց խաղալիքների տեխնիկական կանոնակարգ, որը
մանրամասնորեն սահմանում է դրանց անվտանգության, հիգիենիկ պահանջները, մակնշումը
եւ շուկա մտնելու պահանջները: Կանոնակարգին չհամապատասխանող խաղալիքների ներմուծումը
պետք է արգելի մաքսայինը, սակայն փոքր խմբաքանակներով ներմուծման դեպքում մաքսային
սահմանի արգելքները նույնպես հեշտությամբ հաղթահարվում են ու մաս-մաս լցվում շուկա:
Մայրաքաղաքի մի քանի մանկական խանութ-սրահների վաճառողների շրջանում արված մեր հարցումները
ցույց տվեցին, որ այսօր մանուկներին հետաքրքրում են վախեցնող, պարկի մեջ տեղավորված
գանգերը, խաղալիք համակարգիչները, բջջային հեռախոսները, «note book»-երն ու էլեկտրական,
տարբեր ձայնային ազդանշաններ արձակող խաղալիքները, պոկերները, մոնոպոլիաները, բանկիրներն
ու լեգոները: Սակայն ամենից շատ տղա երեխաների համար գնում են իսկականին նմանեցրած,
ծուխ ու կրակ արձակող փամփուշտներով հրացաններ ու ատրճանակներ, իսկ աղջիկների համար՝
մանկական շպարման պարագաներ, որոնք քիչ են տարբերվում իսկականից: Մի ուշագրավ
հանգամանք. կառավարության հաստատած կանոնակարգին հետեւելով ստացվում է՝ հայ երեխաներն
ընդհանրապես խաղալիքներով չեն խաղում, որովհետեւ կանոնակարգի շրջանակներում հրազենի
ընդօրինակումները, որոնք իրական օրինակին մոտ են, ինքնանետիչները, շոգեշարժիչներով
խաղալիքային մեքենաները, լեգոները, պոկերներն ու էլի մի շարք արտադրատեսակներ խաղալիքներ
չեն համարվում, հետեւաբար՝ ոչ մի կերպ չեն վերահսկվում: Կանոնակարգում մի ամբողջ
գլուխ նվիրված է խաղալիքների դյուրավառության հետ կապված անվտանգության պահանջներին,
բայց խոսքը ոչ թե խաղալիքի կրակ արձակելու վտանգի մասին է, այլ՝ քիմիական հատկության,
թե ինչքան արագ կարող է խաղալիքը բռնկվել ու բոց տարածել: Մինչդեռ իրականում երեխաների
ու շրջապատի համար ամենամեծ վտանգը ներկայացնում են հրացանները, որոնք նախ երեխաներին
սովորեցնում են «հարցերը զենքով լուծելու» կենսակերպը, հետո՝ արձակելով ծուխ կամ
կրակ, առնվազն վախեցնում են դիմացինին՝ շատ հաճախ նույնիսկ դառնում դժբախտ պատահարների
պատճառ: Բացի այդ, պոկեր, բանկիր կամ մոնոպոլիա կոչված խաղերն էլ պակաս վտանգավոր
չեն՝ զուտ հոգեբանական առումով: Դրանք երեխայի մեջ ձեւավորում են որքան հնարավոր
է շատ փող վաստակելու, ազարտի մեջ ընկնելու, կազինո գնալու, շուկայում գերիշխող դիրք
ունենալու, եւ, ինչու չէ՝ փոքրիկ Տիգրան Սարգսյաններ դառնալու նպատակներ՝ մոռացնել
տալով հին ու բարի ժամանակների անշառ «քարկտիկը», «7 քարը», «դոմինոն», «էշ միլիցիան»
ու «չլիկ դաստան»: Պարոն Դայանի մեկնաբանությամբ՝ կանոնակարգը տարածվում է միայն
այն խաղալիքների վրա, որոնք նախատեսված են մինչեւ 14 տարեկան երեխաների համար: Այստեղից
2 բան է հետեւում՝ կա՛մ 15 տարեկանները երեխաներ չեն, անձնագիր չունեցող անչափահաս
մեծահասակներ են, կա՛մ երեխաներ են, որոնց անվտանգության մասին կառավարությունը չի
ուզում հոգ տանել: Տոնավաճառներում բավականին շատ են մի քանի ամսական երեխաների
համար նախատեսված, ատամ հանելու ժամանակաշրջանում լնդային քորը հանգստացնող ռետինե
առյուծներ, արջեր ու մրգային խաղալիքներ՝ վրան 2 սանտիմետրանոց մուր ու կեղտ: Սա
արդեն հակահամաճարակային տեսչության «մեղքն» է, սակայն տեսչության հեռախոսները՝ օրվա
երկրորդ կեսից մինչեւ երեկո անընդհատ զբաղված լինելու պատճառով պարզաբանում ստանալ
չհաջողվեց: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ