Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԱՆԳԱՄ 2003 ԹԻՎԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Նոյեմբեր 01,2005 00:00

Վստահ
է Արամ Կարապետյանը 16 ընդդիմադիր կուսակցությունների համատեղ
ավտոարշավը դեպի Շիրակի մարզ շաբաթ օրն ուղեկցվել է ցուրտ ու ձյունոտ եղանակով, սակայն
դա չի խանգարել ավտոշքերթի մասնակիցներին հասնել տրամաբանական ավարտին՝ Արթիկ եւ
Մարալիկ քաղաքներում հանրահավաքներից հետո Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի
հրապարակում տեղի է ունեցել ավելի մեծ հանրահավաք, որի մասնակիցներին ողջունել են
ավտոարշավին մասնակցող քաղաքական կուսակցությունների ղեկավարները, ընդդիմադիր քաղաքական
գործիչներ: Դրոշներով, ցուցապաստառներով զարդարված շուրջ 150 ավտոմեքենայից կազմված
ավտոարշավի նպատակն էր Շիրակի մարզի բնակիչներին տեղեկացնել, որ այս իշխանությունների
կազմակերպած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հարկավոր է արհամարհել, բոյկոտել
եւ այն վերածել իշխանությունների վստահության հանրաքվեի: Թեպետ, դատելով հասարակության
հիմնական շերտի տրամադրություններից, առանձնապես համոզելու կարիք էլ չկա, քանի որ
մարդիկ ինքնուրույն էլ տրամադրված են «ոչ»-ի եւ բոյկոտի: «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը գյումրեցիներին բացատրեց, որ նոյեմբերի
27-ին տեղի ունենալիք հանրաքվեն ոչ մի կապ չունի Սահմանադրության հետ. «Սա Քոչարյանի
եւ իշխանության վստահության հանրաքվեն է: Մենք «ոչ» ենք ասում այս իշխանություններին,
որովհետեւ մարդիկ, ովքեր օրինախախտության բացառիկ օրինակներ են՝ օրենք ներկայացնելու
իրավունք չունեն: Այս հանրաքվեն դարձել է Քոչարյանի համար սրած բիզ, որից ոչ մի տեղ
փախչել այլեւս չի կարող»: Արամ Սարգսյանը բոլոր երեք քաղաքներում ելույթ ունենալով՝
նոյեմբերի 27-ին մարդկանց հրավիրեց Երեւան. «Մինչեւ ժամը 12-ը արեք ձեր քվեարկությունը,
ուզում եք «ոչ» ասեք, ուզում եք՝ խաչ ու փաչ դրեք, ուզում եք այս իշխանություններին
նամակ գրեք, ուզում եք բոյկոտեք, եւ եկեք Երեւան: Մենք այնտեղ ենք ապահովելու ձեր
քվեների արդարությունը: Մենք ձեր ներկայությամբ թույլ չենք տա, որ կեղծեն ձեր քվեները»:
Արամ Սարգսյանը խոստացավ, որ սահմանադրական հանրաքվեն հասարակության հետ միասին ընդդիմությունը
կվերածի իշխանությունների վստահության հանրաքվեի. «Սահմանադրությունը ոչ մի կապ չունի,
«ոչ» ասելով այս սահմանադրությանը, մենք «ոչ» ենք ասում այս իշխանություններին, «ոչ»
ենք ասում տեցի-կրուգներին, «ոչ» ասելով մենք «ոչ» ենք ասում «Հոկտեմբերի 27»-ի նման
գործողություններին»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը իր հերթին նկատեց. «Մարդկանց
մի փոքր խումբ ողջ իշխանությունը վերցրել է իր ձեռքը եւ կործանում է երկիրը: Այս
վիճակից կկարողանա՞նք դուրս գալ, թե՞ ոչ: Մի հարց ունենք՝ մեր երկրում ո՞ւմ է պատկանում
իշխանությունը, ժողովրդի՞ն, թե՞ տզրուկների մի խմբի: Այսօր իշխանությունը ժողովրդին
չի պատկանում»: Եզրակացությունը հետեւյալն էր. «Փոքր տզրուկներից ազատվենք եւ գնանք
առաջ, դա պետք է լինի մեր գործը, եւ ես խոստանում եմ, որ այդ հարցը կլուծենք»: «Նոր
ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւս խոստացավ, որ այս անգամ
ամեն ինչ այլ կերպ է լինելու, եւ հաղթանակն անառարկելի է. «Բոլորի մոտ կարծիք կա,
որ այդ մարդիկ (իշխանության մեջ գտնվողները- Մ. Ե.) մնալու են, հո կաշչեյ բեզսմերտնին
չե՞ն: Բոլորին թվում է, թե «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը միշտ գործելու է: Այս անգամ
2003 թիվը չի լինելու, եւ այս անգամ որ կանգնենք՝ անցնելու ենք»: Արամ Կարապետյանը
եւս հաստատեց, որ իրենց «ոչ»-ը լինելու է ոչ թե սահմանադրությանը, այլ՝ «Մեր «ոչ»-ը
լինելու է Ռոբերտ Քոչարյանին, մեր «ոչ»-ը լինելու է Սերժ Սարգսյանին, մեր «ոչ»-ը
լինելու է ընդդեմ այն մարդկանց, ովքեր գնդակահարում են, հետո քաղաքապետ են ընտրվում,
ովքեր դատարաններում նստած՝ փողերով դատեր են անում, մեր «ոչ»-ը լինելու է ընդդեմ
այն մարդկանց, ովքեր «ջիպ»-երով մարդկանց գցում են մեքենայի տակ, հետո փող են տալիս
եւ ազատվում: Մեր «ոչ»-ը լինելու է բոլոր նրանց, ովքեր մեկուկես միլիոն մարդ հանեցին
Հայաստանից եւ «բոմժ» դարձրին»: Դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը Դերենիկ
Դեմիրճյանին ցիտելով՝ հայտարարեց. «Չէիր լինի ստրուկ, եթե ստրուկ չլինեիր: Ամեն անգամ
Տիգրան Թորոսյանին լսելով չեմ հասկանում, թե որտե՞ղ եմ գտնվում եւ ինչի՞ մասին է
խոսքը: Իրենց ուզածն այն է, որ այդ անտեր շալվարը աթոռից չպոկվի, միեւնույն է՝ պոկելու
ենք եւ այդ կոստյումն իրենք չեն հագնելու»: «Հանրապետություն» կուսակցության
նախագահ Արամ Սարգսյանը իր հերթին հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Մեր երկրի
ճակատագիրը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դուք եք, այդպես է ասել իմ եղբայրը:
Նոյեմբերի 27-ը լինելու է այս իշխանությունների վերջին օրը»: Նմանատիպ ավտոարշավներ
կկազմակերպվեն նաեւ դեպի հանրապետության այլ մարզեր, վերջնական հանրահավաքը նախատեսվում
է անցկացնել նոյեմբերի 27-ին՝ Երեւանում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել