Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱԶԳՈՒՏԱԿԻ ԶՈՀՆ Է»

Նոյեմբեր 01,2005 00:00

2006
թ. բյուջեի քննարկման ժամանակ բացահայտեց Հմայակ Հովհաննիսյանը Երեկ
խորհրդարանում ավարտեցին 2006 թվականի պետական բյուջեի քննարկումները: Կոալիցիոն
ուժերը հասկանալի պատճառներով գովերգեցին եւ փառաբանեցին բյուջեն, իսկ «Արդարություն»
խմբակցությունը եւ Հմայակ Հովհաննիսյանը նույն բյուջեի մասին միայն վատ բաներ ասացին:
«Ազգային միաբանությունը» եւ ՄԱԿ-ը քննարկումներին երեկ չէին մասնակցում: Հմայակ
Հովհաննիսյանը բյուջեի ծախսային մասի ուռճացումը բացատրեց կոալիցիոն կառավարության
գոյությամբ. «Նախարարությունները կոալիցիոն կուսակցությունների համար դարձել են իրենց
կուսակցական քսակների համալրման աղբյուր, եւ որպեսզի տեղավորեն իրենց կուսակցական
վերնախավի ազգուտակին տարբեր պաշտոններում, ստիպում են, որ վարչապետը գնա կառավարման
ապարատի ուռճացման ճանապարհով, եւ վարչապետը ուղղակի ողբերգական դեմք է, որովհետեւ
նա ի վիճակի չէ հակադրվել: Նա իսկապես այս իրավիճակի զոհն ու գերին է, պատանդն է,
որովհետեւ կոալիցիոն կառավարության մեխանիզմը կոռուպցիոն է, որովհետեւ հակասում է
գործող Սահմանադրությանը»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, բյուջեն պարզապես
ծիծաղելի է նախ այն պատճառով, որ խոսվում է նպաստների, աշխատավարձերի եւ այլնի բարձրացման
մասին, մինչդեռ դա ընդամենը խորհրդանշական բարձրացում է. «Բայց փաստացի ի՞նչ է բարձրացել,
մենք էլ ասում ենք, դուք բարի եղեք ասել՝ ինչո՞ւ կենսաթոշակների բարձրացմանը տրամադրում
եք 16 միլիարդ, նույն ժողովրդից հավաքում եք 18 միլիարդի կարգի տուրք»: Դաշնակցության
տեսակետը ներկայացնող Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ ՀՅԴ-ն կարեւորում է կենսապահովման
նվազագույն զամբյուղի մասին օրենքի ընդունումը եւ առաջիկայում պատրաստվում է հարցը
կրկին թարմացնել. «Այս դահլիճում մենք ունեցել ենք պայմանավորվածություն, որ կառավարությունը
երեք տարի ժամանակ կունենա եւ կներկայացնի յուրաքանչյուր տարվա համար նվազագույն
զամբյուղի կազմը եւ կառուցվածքը: Ցավոք, արդեն երկրորդ անգամ մենք չենք տեսնում կառավարության
կողմից այս քայլը: Մենք խնդրում ենք, որ կառավարությունը սա հաշվի առնի. եթե 2006-ին
նույնպես չի ներկայացվելու այս նախագիծը, ապա մենք արդեն 2006-ի գարնանը համապատասխան
օրենքի նախագիծը կդնենք քննարկման»: «Հանրապետական» խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանը միակն էր կոալիցիայից, որ բյուջեի մասին խոսելիս չվարանեց քաղաքական
գնահատականներից եւ հայտարարեց, որ կոալիցիայի նպատակը երկրի կայունության ապահովումն
է. «Եվ էլի եթե հնարավոր լինի երկիրը կայուն պահել, կարծում եմ, 4-5 տարի հետո ոչ
թե ավանդներից ենք խոսելու, այլ՝ համակարգային փոփոխություններից: Ո՞վ ասեց, որ դատական
համակարգը բարվոք է, ո՞վ ասեց, որ կառավարման համակարգը բարվոք է, դրա համար էլ ասում
ենք համակարգային փոփոխություն, դրա համար էլ ասում ենք՝ տնտեսությունը առաջ է գնացել,
քաղաքական համակարգը ետ է մնացել, եկեք միասին փոխենք նաեւ քաղաքական համակարգը»:
Պարոն Սահակյանը զուգահեռ անցկացնելով` հասավ մինչեւ 2000 թվականի բյուջեն եւ նկատեց,
որ դրա համեմատ այսօր շատ մեծ առաջընթաց կա. «Այսօր գիտության մասին խոսեցիք, դա
լայն քննարկման թեմա է, իրոք, գիտությանը պետք է մեծ փողեր տրվի, բայց ես մասնակցել
եմ 2000 թվականի բյուջեի քննարկմանը, երբ որոշվում էր՝ գիտությանը 500 միլիո՞ն ենք
տալու, թե՞ 700, այսօր արդեն 5 միլիարդ է տրվում»: Գալուստ Սահակյանն ասաց նաեւ,
որ «Հանրապետականի» մոտեցումը երբեք չի փոխվել, որ ՀՀԿ-ն համագործակցել է այն բոլոր
քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը երկրի կայունությունն է. «Համագործակցել ենք
99 թվականից, լծակներ ենք տվել նաեւ ընդդիմադիրներին, չեն կարողացել իրացնել, որովհետեւ
հավատի պակաս կա»: Այժմ կառավարությունը սպասելու է պատգամավորների առաջարկություններին:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել