Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու

Հոկտեմբեր 29,2005 00:00

Երկու հոբելյան՝ Իսահակյանի «պատճառով» «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 4-ին կկայանա երեկո՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 130 եւ նրա անվան գրադարանի հիմնադրման 70-ամյա հոբելյաններին: «Առավոտը» հանդիպեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին: Նա պատմեց, որ կարճ ժամանակահատվածում քաղաքային գրադարանը (սկզբնական շրջանում ընդամենը երկու բաժնով եւ մեկ փոքրիկ ընթերցասրահով) դարձավ գրքի սիրահարների հավաքատեղի: «Ազգային գրադարանից այն ժամանակ նվիրատվություն ստացած 8000 կտոր գրականությունը դարձավ հանրապետության այն տարիների հանրային բնույթի երկրորդ խոշոր գրադարանի հարստության հիմնաքարը: Այժմ գրադարանն իր պահոցներում ունի մոտ 800.000 կտոր բազմալեզու գրականություն»,- նշեց տիկին Կարապետյանը: Նա փաստեց, որ տարիների ընթացքում ընդարձակվեցին գրադարանի զբաղեցրած տարածքներն ու բաժինները, ավելացավ ընթերցողների թիվն ու գրաֆոնդը: Նշեց նաեւ, որ գրադարանն այսօր Երեւանի քաղաքապետարանի եւ համայնքային ենթակայության գրադարանների համար հանդիսանում է մեթոդ-մատենագիտական համակարգող կենտրոն եւ մտահոգ է Երեւանի գրադարանային քաղաքականության ձեւավորմամբ: «Մեր գրադարանը «Հայաստանի գրադարանային ասոցիացիայի» եւ «Գրադարանային կոնսորցիումի» հիմնադիրներից է, Հայաստանի գրադարանների ավտոմատացման ցանցի կազմակերպիչներից մեկը, համագործակցում է Հայաստանի եւ օտարերկրյա կրթական, մշակութային, տեղեկատվական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանատների հետ: Օրինակ՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեր գրադարանում գործում է «Ամերիկյան անկյունը»՝ հագեցած ժամանակակից տեխնիկական տեղեկատվական սարքավորումներով, անվճար ինտերնետ կապով ու բազմաթիվ գրադարանային ծառայություններով»,- հայտնեց տնօրենը: Մեր դիտարկմանը՝ մի խոսքով հասել եք աշխատանքային գործունեության կատարելության, տիկին Կարապետյանը հակադարձեց. «Հեռու ենք այդ մտայնությունից: Այս պահին մեզ սպասում են նորանոր խնդիրներ ընթերցողների բարձրակարգ սպասարկման, գրականության ձեռքբերման, շենքային ու աշխատանքային պայմանների բարելավման, նոր տեխնոլոգիաների ներդրման գործում եւ ամեն օր՝ նորից ու նորից»: Տնօրենին հարցրինք՝ երկու հոբելյանի համար քաղաքապետարանի հատկացրած 1 մլն դրամը կբավարարի՞: Հ. Կարապետյանը պատասխանեց. «Այդ գումարով կատարած աշխատանքները, կարող եմ թվարկել՝ երկու ծավալուն ստենդ, որտեղ ներկայացված է գրադարանի պատմությունը, բուկլետներ, օրացույցներ: Տպագրել ենք մեր «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների երկերով երկրորդ գիրքը, «Համազգային» թատրոնի դահլիճում գրադարանի «Մարգարտահատիկներ» մանկապատանեկան թատրոնը կներկայացնի «Խաղում ենք Իսահակյան» ներկայացումը, նկարահանված է տեսաֆիլմ՝ գրադարանի 70-ամյա պատմության մասին եւ այլն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել