Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՔԵՐՆԵՐՆ

Հոկտեմբեր 29,2005 00:00

ՌՈՔԵՐՆԵՐՆ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՉԵՆ Բողոքում են «Բամբիռի» տղաները «Ռոքը Հայաստանում ե՞րբ ներկա ունի, որ ապագա էլ ունենա»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նման հարց հնչեցրեց «Բամբիռ» խմբի անդամ Նարեկ Բարսեղյանը: Խմբի մյուս անդամը՝ Արման Քոչարյանն էլ ավելացրեց. «Ռոք-շարժմանը հայ հասարակությունը չգիտես ինչու բացասաբար է վերաբերվում, ռոքը համարում են ոչ հայեցի: Երբեմն այլմոլորակայինների տեղ են դնում ռոք երաժիշտներին ու ռոք սիրողներին: Միեւնույն ժամանակ՝ մարդիկ լսում են ռաբիս ու ասում՝ ախպերս, էսի հայկական ա: Դրա ի՞նչն ա հայկական՝ բոշայական-ժողովրդական ժանր ա: Բայց պատկերացրեք, ասենք մի տեղ քեֆ ա, Թաթա են լսում, մեկը միջամտում ու ասում ա՝ էս երաժշտությունը փոխեք ու Բեթհովեն լսեք: Սեղանակիցները հաստատ կասեն՝ էդ մարդը խելառ ա»: «Առավոտի» հարցին՝ իրավիճակը ուղղելու հույս կա՞, Նարեկը պատասխանեց. «Երբ ինձ նման հարց են տալիս, ես միշտ կատակում եմ: Հույս չկա, անհույս վիճակում ենք»: Տղաները բողոքեցին, որ այսօր ռոք խմբերը նվագում են միայն մեկ-երկու ակումբներում, որտեղ ամենաշատը 80 մարդ է տեղավորվում: «Մի քանի տարին մեկ էլ փառատոներ են կազմակերպվում ու դրանք պարզապես քաղցր հիշողություններ են դառնում ռոքի սիրահարների համար: Լավ կլիներ, որ նման համերգներ այնքան հաճախ կազմակերպվեին, որ մեր երաժշտասերների կյանքը միշտ նորություններով լցված լիներ»,- ասաց Արմանը: Նա փաստեց, որ աշխարհի տարբեր երկրների ռադիոկայանները, հեռուստատեսությունները ռոք երաժշտության պրոպագանդման շնորհիվ մեծ գումարներ են աշխատում, մինչդեռ Հայաստանում ռոքին խեթ են նայում: Նա հիշեցրեց «Բիթլզի» առաջին հեռուստաելույթը, որը ամբողջ աշխարհի ուշադրությունն էր գրավել: «Հիմա մեր հեռուստաեթերներում հանդես են գալիս կիսամերկ աղջիկներ, որոնք անիմաստ երգեր են երգում: Նայում ես՝ արտաքինից սիրուն աղջիկ է, բայց իր երգը ոչ մի ասելիք չունի»,- նկատեցին տղաները: Նրանք հիշեցին, որ տարիներ առաջ ռոք լսելու հետ կապված բազմաթիվ արգելքներ են ունեցել իրենց ծնողները: «Չնայած այդ ժամանակ ռոքով հետաքրքրվող մարդիկ ամեն կերպ գտել են իրենց հետաքրքրող նյութերը, ձայներիզները: Այսօր, երբ նման արգելքներ կարծես թե չկան, ռոքի մասին ավելի քիչ են խոսում ու այն չեն պրոպագանդում: Ես առաջարկում եմ, որ Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող «զիբիլ» փոփ տեսահոլովակների կողքին ցուցադրվեն նաեւ «զիբիլ» ռոք տեսահոլովակներ, համոզված եմ՝ վերջիններս ավելի լավը կլինեն»,- ասաց Արմանը: Նա պատմեց, որ երբ իրենք մասնակցում էին ազգային մրցանակաբաշխությանը, շատերն են զարմացած հարցրել, թե ինչպես են համաձայնել հանդես գալ փոփ երգիչների մրցույթին. «Երկու տարի շարունակ լավագույն ռոք խումբ ընտրվեցինք: Անձամբ ես ուրախ էի, որ հաղթեց ռոքը, մեր երկրում դա նրա առաջին հաղթանակն էր: Լավ էր, որ գոնե ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում սահմանված էր նաեւ ռոքին վերաբերող անվանակարգ»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել