ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍԹՐԵՍ ԴԵՌ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ Հարցազրույց էթնոսոցիոլոգ Ռուբեն Օհանջանյանի հետ Այսօր հասկանալի պատճառներով շատ տարածված են սթրեսային իրավիճակները, սակայն, էթնոսոցիոլոգ Ռուբեն Օհանջանյանի համոզմամբ, համազգային սթրեսի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ չկան համապատասխան հետազոտություններ, թե ազգաբնակչության ո՞ր հատվածին է տվյալ երեւույթը բնորոշ: «Եթե որեւէ երեւույթ ասում ենք ազգային է, ապա պիտի տեսնենք դրա բովանդակային ասպեկտը եւ տարածվածության աստիճանը: Այսօր քիչ երեւույթներ կարելի է գտնել, որոնք տարածված են ամբողջ ժողովրդի մեջ: Կան շատ երեւույթներ, որ սոցիալական են եւ դրանց ազգային նկարագիր տալը սխալ է»,- կարծում է պրն Օհանջանյանը: Ըստ նրա՝ դեռ չկան չափանիշներ, որ մեզ իրավունք տան ասելու՝ կա՞ այդ երեւույթը, թե՞ ոչ: Արդյո՞ք զանգվածային սթրեսի պատճառով կա օտարման երեւույթ, սա պարզելու համար մասնագետը անդրադարձավ մի քանի կարեւոր չափանիշների, օրինակ՝ միգրացիոն դիրքորոշումներին, որոնք ամենացայտուն ինդիկատորն են: Էթնոսոցիոլոգը վկայակոչեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ամենավերջին արդյունքները: Հարցին՝ կցանկանա՞ն Հայաստանից հեռանալ՝ «ոչ» է պատասխանել երեւանցիների 52, 5%-ը, «այո» է ասել 37,9 %-ը, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներից «այո» է ասել 44,7%-ը, ոչ՝ 43,7%-ը: Հարցին դժվարացել է պատասխանել երեւանցիների 9,6%-ը, մարզաբնակների՝ 11,6%-ը: «Փաստորեն, Հայաստանի ազգաբնակչության շուրջ 40%-ը ցանկություն է հայտնել դուրս գալ երկրից… Երբ առկա է նպատակների ու սպասելիքների անհամապատասխանություն՝ սոցիալական ինստիտուտների կողմից տրամադրվող հնարավորությանը, դա բերում է օտարում ամեն ինչից, որը ծանր հոգեբանական երեւույթների պատճառ կարող է լինել»,- պարզաբանեց մասնագետը: Ռ. Օհանջանյանը փաստեց նաեւ, որ ըստ «Ակունք» էկոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի վերջերս անցկացրած մի հետազոտության համաձայն, հետաքրքիր պատկեր են ստացել: Հարցին՝ օրենքներով պաշտպանված զգո՞ւմ եք, թե՞ ոչ, ճնշող մեծամասնությունը՝ 90%-ը բացասական պատասխան է տվել: Պարադոքսալ մի երեւույթ է նկատվել՝ անգամ ամենախոշոր մասշտաբի օրենք խախտողները իրենց պաշտպանված չեն զգում: Ուսանողների շրջանում անցկացված «Հասարակական խնդիրների կարեւորության գնահատականները» հետազոտությունը, որ իրականացվել է Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության ծրագրի շրջանակներում՝ «Ահաբեկչության դեմ պայքարի աջակցության» կենտրոնի կողմից, նույնպես հետաքրքրականներից է Օհանջանյանի կարծիքով: Պարզվում է՝ կաշառակերության դեմ պայքարը առաջնային խնդիրներից մեկն է համարել ուսանողության՝ 17,3%-ը, աղքատությունն եւ անհավասարությունը՝ 16,9%-ը, ՀՀ զարգացման հեռանկարի բացակայությունը՝ 16%-ը, բնապահպանական խնդիրները՝ 14,7%-ը, վստահության եւ համագործակցության պակասը՝ 13%-ը, նոր պատերազմի վտանգը՝ 12,1 %-ը, մարդու իրավունքների անպաշտպանությունը՝ 8,4%-ը, երիտասարդության համար բարձր վճարովի աշխատատեղերի ստեղծումը՝ 7,9%-ը, Հայաստանի գավառականացումը՝ 5,7%-ը, ԼՂՀ-ի ճանաչումը՝ 5,5%-ը եւ փոքր բիզնեսի անպաշտպանությունը՝ 5,7%-ը: Իսկ ի՞նչ գնահատական են տվել ուսանողները հասարակական խնդիրների կարեւորությանը: Ըստ նույն հետազոտության՝ երիտասարդները համոզված են, որ Հայաստանում խոշոր գործարարները, բանկիրները եւ օլիգարխները ավելի մեծ ազդեցություն եւ իշխանություն են ձեռք բերում՝ 87,4%, ինչ էլ ասեն ու խոսեն, ամեն ինչ վճռում է փողը՝ 74,2 %, Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը առավել լուսավոր հեռանկարներ է ստեղծում Հայաստանի համար՝ 64,8 %, դեմոկրատիան պարտադիր պայման է Հայաստանը ժամանակակից բարեկեցիկ երկիր դարձնելու համար՝ 58,1%, 5-10 տարի հետո Հայաստանը կլինի անհամեմատ զարգացած եւ բարգավաճ երկիր՝ 57,4%, այսօր Հայաստանին անհրաժեշտ են կենտրոնացված եւ ավտորիտար կառավարում՝ 50%: Կամ ուսանողության 48,8 %,-ը մտածում է, որ Հայաստանում արդար ընտրություններ այլես հնարավոր չեն: Այսօր ոչ ոք օրենքներով չի շարժվում, այդ պատճառով օրինապաշտ լինելը միամտություն է եւ հիմարություն՝ 47,5%, Եվրոպական արժեքների ներթափանցումը Հայաստան խարխլում է մեր ազգային նկարագիրը՝ 44,6%: Երիտասարդները հետաքրքիր կարծիք ունեն նաեւ ԶԼՄ-ների մասին: Ըստ՝ ուսանողության 31,2%-ի՝ Հայաստանում արդեն կայացել են ազատ մամուլն ու խոսքի ազատությունը, իսկ ըստ 58,6%-ի՝ ԶԼՄ-ները օգտվելով խոսքի ազատությունից՝ ավելի շատ բամբասանքներ են տարածում, քան տալիս հավաստի ինֆորմացիա: Այսպիսով, ըստ Ռուբեն Օհանջանյանի՝ վերոնշյալ խոշոր սթրեսորների՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ այլն, ազդեցության տակ, մարդը կամաց-կամաց իր սոցիալական տարածքը փոքրացնում է՝ օտարվում է պետությունից, աշխատանքային կոլեկտիվից, ինչը գնալով վտանգավոր է դառնում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ