Լրահոս
Օրվա լրահոսը

Պեղումներ

Հոկտեմբեր 29,2005 00:00

Պեղումներ Ազատ գետի հովտում Մասնագետների համոզմամբ՝ կիկլոպյան ամրոցներն ու դամբարանադաշտերը կարող են գրավել զբոսաշրջիկներին: Հայաստանում արդեն երեք տարի Հռոմի պատմագիտական կամ հայագիտական Լեչչեի համալսարանի ֆինանսավորմամբ իրականացվում են Ազատ գետի հովտի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրություններ, որոնք ավարտվել են վերջերս: Հնագիտական արշավախմբի անդամներն են հայազգի հնագետներ Համլետ Պետրոսյանը, Ժորես Խաչատրյանը, Լեչչեի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրայանան ու նրա ասպիրանտը՝ Ջան Ֆրանկո Լեպոն: «Այս աշխատանքի նպատակը ոչ միայն հնագիտական է, այլեւ ազգագրական»,- ասաց Ջուստո Տրայանան: Մասնագետները չափագրում են հուշարձանները, լուսանկարում, մակերեսից հավաքում նյութական մշակույթի մնացորդները: Որոշում են հուշարձանի չափերը, նրա թվագրությունը: Այս աշխատանքներից հետո նորագույն մեթոդներով ճշգրտվում է հուշարձանի տեղը քարտեզի վրա, ներկայացվում գոնե այն, ինչ տեսանելի է այսօր: Կազմվել է կատալոգ, որտեղ տեղեկություններ կան այս տարածքի յուրաքանչյուր հուշարձանի մասին: «Ոչ թե խնդիր է գնում միայն հայտնաբերման, այլ վաղուց հայտնիները վավերացնելու մասին: Կարեւոր է հուշարձանների հետազոտության միջոցով մի ամբողջ շրջանի պատմամշակութային բնութագիր ստեղծելը»,- տեղեկացրեց արշավախմբի հնագետ Համլետ Պետրոսյանը: Ուսումնասիրություններն ընդգրկում են Ազատ գետի եւ Ազատին կից Գետառի հովիտների ամբողջ տարածքը: «Այս տարածքում շատ հետաքրքիր հուշարձաններ կան, հատկապես՝ ժայռապատկերներ, որոնք կոչվում են այծագրեր: Կան ժայռապատկերներ, որոնք ամբողջ մի տեսարան են ներկայացնում, օրինակ՝ որսի, աշխատանքի: Դրանց շնորհիվ տեղեկություն ենք ստանում մեր նախնիների աշխարհընկալման ու ապրելակերպի մասին»,- ասաց Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի հնագիտության ամբիոնի վարիչ Ժորես Խաչատրյանը: Շուտով լույս կտեսնի մի հատոր, որտեղ կամփոփվեն գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները: Դրանց մասին ամռանը զեկուցումներ են եղել նաեւ Իսպանիայում կայացած միջազգային կոնֆերանսում, ԳԱԱ հնագիտության ինստիտուտում պարբերաբար կազմակերպվող գիտական նստաշրջաններում: «Քանի որ պետությունը չի կարող միջոցներ տրամադրել մասնագետներին արտասահմանյան կոնֆերանսներին մասնակցելու համար, պիտի սպասենք, թե ով մեզ կհովանավորի»,- նեղսրտեց Ժորես Խաչատրյանը: «Ազատ գետի հովիտը հարուստ է հետաքրքիր պատմական հուշարձաններով՝ սկսած ուշ անտիկ շրջանից մինչեւ մերօրյա հուշարձանները: Սակայն այս հովիտը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար էլ են հսկայական գումարներ անհրաժեշտ: Հուշարձանների խումբ են կազմում կիկլոպյան ամրոցները, դամբարաններն ու դամբարանադաշտերը: Դրանք երկրորդ հազարամյակի կեսերի հուշարձաններ են: Ավելի ուշ շրջանի հուշարձաններ են Վիշապ կոթողները: Վավերացվել են նաեւ ուրարտական, վաղ հայկական, հելլենական, միջնադարյան, նույնիսկ 19-րդ կամ 20-րդ դարի երեւույթներ»,- փաստեց հնագետ Հ. Պետրոսյանը եւ տեղեկացրեց, որ ֆինանսավորման դեպքում ուսումնասիրությունները կշարունակվեն նաեւ հնագույն Դվին, Արտաշատ մայրաքաղաքներում: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31