Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեքսպիրով

Հոկտեմբեր 29,2005 00:00

«Շեքսպիրով էլ չես զարմացնի» Համոզված է թատրոնում առաջին քայլերն անող լոնդոնցի ուսանողուհին Լոնդոնի արվեստների համալսարանի ուսանողուհի Պաուլա Սաբինա Պերեսը վերջերս Տիկնիկային թատրոնի բեմում հանդես եկավ «Նոր սցենոգրաֆիա» (Quo modo Deus) ներկայացմամբ: «Նոր սցենոգրաֆիայի» առանցքում հետեւյալ միտքն էր՝ ինչ-որ մեկը վերեւից դիտում է մարդկանց՝ հսկելով նրանց բոլոր արարքները: Որոշ ժողովուրդների հավատալիքներում կա այն տեսակետը, թե ամենատես աչքը հատկապես արեւի խավարման ժամանակ է գործում: Պաուլա Սաբինա Պերեսը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Դուք յուրօրինակ ձեւով եք մարմնավորել ամենատես աչքի գաղափարը… – Այո, դա արել եմ իմ կարճ բեմադրության մեջ, որը կամերային մթնոլորտում դերասանի եւ վիդիոպրոյեկցիոն մանրապատկերների միջոցով մարմնավորում է ամենատես աչքի գաղափարը: Ես խաղում եմ մանրապատկերների հետ՝ չափերի հակասության հիման վրա ստեղծելով յուրօրինակ բախում: – Ներկայացումն այն մասին է, որ Աստված վերեւից կառավարում է մեր բոլոր գործողությունները, հետաքրքիր է, դուք հավատո՞ւմ եք Աստծուն: – Ոչ չեմ հավատում… կարծում եմ՝ վերեւից հսկող ուժը պարտադիր չէ, որ Աստված կոչվի: – Ուրիշ ի՞նչ թեմատիկայով ներկայացումներում եք խաղացել: – Սա իմ առաջին աշխատանքն է, բայց վերադառնալուն պես կաշխատեմ իրականացնել մտահղացումներս, որոնց մասին առայժմ չեմ ուզում բարձրաձայնել: Ասեմ, որ Լոնդոնի արվեստների համալսարանում լավ պայմաններ են ստեղծված հատկապես ժամանակակից ուղղությունների համար, ես էլ այդ ոճում եմ ստեղծագործում: Ես չեմ սիրում պահպանողականություն, փորձում եմ նոր լուծումներ փնտրել ժամանակակից արվեստի բնագավառում, մանավանդ թատերարվեստում Շեքսպիրով էլ չես զարմացնի, երիտասարդության շրջանում նա այլեւս մոդայիկ չէ: – Ծանո՞թ եք հայկական մշակույթին: – Քիչ եմ լսել Հայաստանի մասին, բայց գիտեմ, որ հին երկիր է եւ հարուստ մշակութային ավանդույթներ ունի: Եթե հնարավորություն ունենայի, ավելի երկար կմնայի ձեր երկրում ու կուզենայի շփվել հատկապես կինոյի ու թատրոնի ուսանողների հետ: Երիտասարդներս միշտ իրար ասելու բան ունենում ենք: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել