Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Հոկտեմբեր 29,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդԳլուխ վեցերորդ ԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ «Սկվազնյակի» իմ շրջապատը հիմնականում աշխատանք չունեցող սկսնակ բանաստեղծներն ու նկարիչներն էին, բայց մենք արդեն բավական մեծամիտ տղերք էինք, ու արդեն կայացած բանաստեղծներից ու նկարիչներից քչերն էին համարձակվում ձախ անկյան մեր սեղանի մոտ նստել, որովհետեւ բմբուլները «Սկվազնյակի» քամուն կտայինք: Չկայացածներիս միջի համեմատաբար կայացածը, կարելի է ասել, ես էի, որովհետեւ բանաստեղծություններիս շարքն արդեն «Գարունում» լուսանկարով տպվել էր, ու բանաստեղծություններիս էդ շարքի շնորհիվ ես, փաստորեն, հաջողացնում էի պլստալ ոստիկանության սիստեմատիկ հետապնդումներից, եւ եթե ընթերցողներիցս տարեցները վերջնականապես չեն մրափել կոմունիստական նոստալջիի երանավետ թմբիրներում, չեն դժվարանա հիշել, որ էն ժամանակ էլ աշխատանք ճարելն առանձնապես հեշտ գործ չէր, իսկ մասնագիտությանդ կամ սրտիդ ցանկությանը համապատասխան աշխատանք պարզապես անհնար էր ճարել, ավելի ճիշտ՝ էդ տեսակ աշխատանք կարող էիր ձեռք գցել միայն ու միայն գերհզոր հովանավորի առկայության դեպքում, իսկ իմ գերհզորն, ինչպես արդեն ասել եմ, ոչ մի կերպ չէր արձագանքում աշխատանքիս հետ կապված նամյոկներիս, ու էդ թվերին ամենատարօրինակն էն էր, որ ոչ միայն քեզ աշխատանքով չէին ապահովում, այլեւ չէին հանդուրժում աշխատանքով ապահովված չլինելդ, եւ հայրենի միլիցիան էլ միանգամայն հետեւողականորեն հաշվառում էր քեզ՝ անարգել տունդ ներխուժելով ու աշխատանք չունենալուդ համար քեզ խստիվ մեղադրելով, եւ ամենից խիստ հենց բանակից կամ բանտից վերադարձածներին էին հետեւում, եւ բանակից վերադառնալուցս հետո հայրենի միլիցիան շաբաթը մեկ այցելում ու վերահաշվառում էր ինձ, եւ իր էդ կանոնավոր այցելություններն անձամբ իմ միլիցիոները վերջնականապես դադարեցրեց «Գարունում» տպագրված շարքիցս հետո, եւ երբ իրեն ցույց տվի «Գարունի» բանաստեղծություններս ու լուսանկարս եւ ասացի, որ ազատ ստեղծագործող եմ, ինքը զարմացած ինձ նայեց ու ասաց. «Խի ըտենց բան էլ կա՞»: «Հա,- ասացի ես,- օրինակ՝ Սերո Խանզադյանը կամ, ասենք, Շիրազը ոչ մի տեղ չեն աշխատում. իրանք էլ են ազատ ստեղծագործող»: «Ճիշտն ասած, ախպե՛ր, չէի իմանում, որ ըտենց բան կա,- մեղավոր տոնով ասաց ինձ անընդհատ հաշվառողը.- որ ըտենց ա՝ սրանից հետո կարաս արխային ստեղծագործես»: Ես առանց իր թույլտվության էլ վաղուց արխային ստեղծագործում էի: Առավոտվա տասին զարթնում էի, սուրճս էի եփում ու սկսում էի արխային ստեղծագործել, ու ինձ խանգարող չկար, որովհետեւ էդ ժամին մշտապես ծնողներս աշխատանքի էին, ու քույրս՝ դասի, ու բանակիցս հետո ազատությանս չափ ու սահման չկար, ու ազատությունս էնքան անսահման ու գերակշռող էր, որ արդեն սկսում էր ճնշել ինձ, եւ յոթանասունվեցի էդ ամառվա ճռճռան հուլիսից սկսած՝ ես սկսեցի հասկանալ, որ ազատությունն ու գործազրկությունը միանգամայն տարբեր բաներ են: Յոթանասունվեցի էդ ամառվա շոգերն առանձնապես էին խաշում եւ առանձնապես ու հատկապես ի՛նձ էին խաշում, ու չնայած «Սկվազնյակում» մշտապես հով էր, բայց ես շարունակ քրտնում էի, ու էդ քրտնելս հիմնականում հոգեվիճակիցս էր, որովհետեւ իմ շրջապատում գործազուրկները հետզհետե պակասում էին՝ տղերքն ամեն մեկն արդեն մի գործ ճարել ու արդեն աշխատանքից հետո էին «Սկվազնյակ» գալիս, ու ես էդ ամառ ի խորոց սրտի էի նախանձում աշխատանքից հետո «Սկվազնյակ» եկողներին, ու չնայած «Սկվազնյակի» հիմնական կոնտինգենտը գործազուրկներն ու ազատ ստեղծագործողներն էին, բայց ձախ անկյան մեր նեղ կռուգում գործազուրկներ արդեն գրեթե չկային, եւ մեջներիս չաշխատողները, ինձանից բացի, Ֆիլյան Ռուբոն ու Սերգեյն էին, եւ եթե ունեւոր ծնողների զավակ Ֆիլյան Ռուբոն իր իսկ կամքով որեւէ տեղ չէր աշխատում, եւ եթե Սերգեյն էլ իր ասպիրանտական քննություններին էր նախապատրաստվում, ապա ես միանգամայն դասական իմաստով էի գործազուրկ, որովհետեւ արդեն շատ էի ուզում աշխատանք ունենալ, բայց չէի ունենում: Ինչ վերաբերում է բանասիրականի մեր դասընկերներին, Մաքսիմը, Լյովան ու Հրաչն Ապարանի բարձրլեռնային գյուղերից երեքում լեզու ու գրականություն դասավանդելով՝ իրենց բանակային տարիքի ավարտին էին անհամբեր սպասում, իսկ Սաքոն ու Ժիրոն, էդ ամառվա դրությամբ, դեռեւս բանակում էին, որովհետեւ ինձանից մի տարի ուշ էին գլխի ընկել, որ մի տարվա զինվորությունը նախընտրելի է վեց տարվա գյուղական մանկավարժությունից: Ես, ուրեմն, առավոտվա տասի կողմերը զարթնում էի, սուրճս էի սարքում, Վիսոցկու ձայնասկավառակն էի մի քանի թափ ֆռռացնում՝ մինչեւ մուսաս գար: Ես, փաստորեն, պրոֆեսիոնալ գրողին վայել բոլոր պայմաններն ունեի եւ, ի տարբերություն Ֆիլյան Ռուբոյի, ընդամենը գրողական խալաթ չունեի ու երբեք էլ չունեցա, չնայած միշտ էլ երազել եմ ունենալ, որովհետեւ հեռուստացույցով ու կինոներում տեսել էի, որ գրեթե բոլոր լուրջ գրողները խալաթով են ստեղծագործում, ու Ֆիլյան Ռուբոյին էլ էի արդեն տեսել Մոնումենտի իրենց շքեղ առանձնատան իր աշխատասենյակում խալաթով գրելիս, ու սեփական խալաթ ունենալու իմ էդ գրողական ու նվիրական երազանքը երբեւէ իրականություն չդարձավ, որովհետեւ սկզբում մտածում էի, որ նախ աշխատանք պիտի ունենամ ու հետո նոր միայն՝ գրողական խալաթ, բայց հետո, երբ արդեն աշխատանք ունեի, մտածում էի՝ իսկական գրողին վայել աշխատանք կունենամ ու հետո նոր՝ խալաթ, իսկ դրանից էլ հետո՝ երբ արդեն «Ծիծեռնակում» գրողական աշխատանք ունեի ու ի՛նքս էի մանկագիրների ճակատագիրը որոշում, էլի խալաթ չունեի ու արդեն մտածում էի, որ գրողական խալաթ ունենալուց առաջ նախ պետք է Գրողների միության անդամատոմս ունենալ, ու հետո էլ, երբ արդեն Գրողների միության անդամ էի, մտածում էի՝ քանի դեռ անվանի գրող չես, ծիծաղելի է գրողական էդ, ուրեմն, խալաթի մեջ մտնելը, ու չնայած Ֆիլյան Ռուբոն ո՛չ գրողական աշխատանք ուներ, ո՛չ գրողական անդամատոմս եւ ո՛չ էլ գրողական համբավ, բայց ոչ մեկիս մտքով չէր անցնում ծաղրել Ռուբոյին ու իր գրողական խալաթը, որովհետեւ Ռուբոն արդեն իսկ ուներ այն ամենը, ինչ մարդիկ ունենում են գրողական աշխատանք, գրողական անդամատոմս ու գրողական փառք ունենալուց հետո: Ես, փաստորեն, իսկական գրողին վայել բոլոր պայմաններն ունեի, բացի, ուրեմն, խալաթից, եւ արդեն գիտեի՝ ինչ ասել է մուսա, եւ մուսայի ինքնությունն ինձ մանրակրկիտ բացատրել էր Խաչիկ Հրաչյանը եւ էդ բանն ինքն արել էր հենց էն իրիկուն, երբ մեր տանն ահագին մարդիկ էին հավաքվել ու ինձ բանակ էին ճամփում, այսինքն՝ ես մուսայի ինքնության մասին իմացա էն ժամանակ միայն, երբ արդեն, փաստորեն, մի քանի տարվա բանաստեղծ էի, իսկ մինչ այդ մուսայի մասին միանգամայն թյուր պատկերացում ունեի, ու իմ էդ թյուր պատկերացումն էլ էր կապված Խաչիկ Հրաչյանի հետ, որովհետեւ Խաչիկ Հրաչյանը, որ մորս աշխատանքային ընկերուհի Խերանյան Հասմիկի ամուսինն էր, կյանքում մոտիկից տեսածս առաջին իսկական գրողն էր, ու մենք ընտանյոք հաճախ էինք Բութանիայի իրենց տուն հյուր գնում հատկապես էն տարի, երբ Բութանիայի Թորամանյան փողոցում վարձով էինք ապրում, եւ ճանաչածս առաջին գրող Խաչիկ Հրաչյանի երկհարկանի տունն իր աներոջ՝ ճանաչածս երկրորդ գրող Մկրտիչ Խերանյանի տան դեմդիմաց էր եւ, մյուս կողմից, Հրաչյանի երկհարկանի տունը Ճենտերեճյանների տներին էր նայում, իսկ մեր վարձով տունը մի քանի քայլ այն կողմ՝ Ճենտերեճյանների ու Չալիկյանների տների դեմդիմաց էր, եւ եթե ձեր հիշողությունը ձեզ չի դավաճանում, ու եթե դեռ հիշում եք, մի տարի մեր վարձով ապրելը Կրիվոյի մեր կոոպերատիվ բնակարանն ստանալու իմաստով պարտադիր էր, եւ եթե իմ հիշողությունն էլ ի՛նձ չի դավաճանում, կարծեմ հենց մորս ընկերուհի Խերանյան Հասմիկն էր մեր էդ վարձով տունը ճարել, ու մեր էդ վարձով տարվա ամեն իրիկուն մենք կամ Հրաչյաններին էինք հյուր գնում, կամ էլ՝ Խերանյաններին, որովհետեւ մորս գերդաստանը՝ Փարվանյանները, Խերանյանների հետ էին Վանից գաղթել: Այդուհանդերձ, մենք ավելի հաճախ Հրաչյաններին էինք հյուր գնում, քան՝ Խերանյաններին, որովհետեւ Խաչիկ Հրաչյանի կողակից ու մորս ընկերուհի Խերանյան Հասմիկն իր տանն անհամեմատ շատ էր լինում, քան՝ հորանց տանը, եւ երբ մենք մտնում էինք իրենց տուն եւ հայրս հարցնում էր՝ «Խաչիկը տանը չի՞», Խերանյան Հասմիկն իր բարեհունչ ու գեղեցկագույն հայերենով ասում էր. «Խաչիկը երկրորդ հարկի իր աշխատասենյակում է. Մուսա՛ն եկել»: Ես մինչեւ յոթանասունչորս թվականի բանակիս քեֆի էդ իրիկուն համոզված էի, որ Մուսան իրենց բազում ազգականներից մեկնումեկն է, եւ բանակիս քեֆի ժամանակ միայն իմացա՝ ինչ ասել է մուսա, եւ եթե ասեմ, որ վերջնականապես իմացա ու հասկացա, չափազանցրած կլինեմ, ու չնայած Խաչիկ Հրաչյանն ինձ հնարավորինս մանրակրկիտ ու հանգամանալից բացատրեց, բայց առ էսօր էլ ինձ համար գաղտնիք է էդ մուսա կոչեցյալի սեռն ու էությունը, ու իր մասին կոնկրետ ու հաստատ միայն մի բան գիտեմ. Մուսան Խերանյանների ու Հրաչյանների ազգականը չէր: Խաչիկ Հրաչյանն իսկապես տեսածս ու ճանաչածս առաջին գրողն էր, իսկ երկրորդն իր աներ Մկրտիչ Խերանյանն էր, եւ մինչեւ մեր մեծերի լույս դառնալը մենք ընտանիքներով բարեկամություն էինք անում, եւ երբ ես սկսեցի բանաստեղծություններ գրել, Խերանյանն արդեն չկար, իսկ Հրաչյանը ոչ միայն կար ու Արշակյանի պես հրատարակչությունում էլ աշխատում էր, այլեւ Արշակյանի պես արդեն կարդացել ու հավանել էր գրածներս, բայց իմ ու մերոնց մտքերի ծերով անգամ չէր անցնում գրքիս կամ աշխատանքիս հարցերով Խաչիկ Հրաչյանին դիմել, որովհետեւ Հրաչյանն, ի տարբերություն Արշակյանի, ոչ միայն գրական մաֆիայի հետ որեւէ առնչություն չուներ, այլեւ ընդհանրապես գործնական մարդ չէր եւ շատ հաճախ ինքն էլ էր իր գրքերի տպագրության հետ կապված խնդիրներ ունենում, այնպես որ՝ իմ ու մերոնց մտքով երբեւէ չանցավ գրքիս կամ աշխատանքիս հարցերով Խաչիկ Հրաչյանին դիմել, ու հիմա որ հիշում ու մտածում եմ, մանրամասն հիշելով սկսում եմ նաեւ հասկանալ, որ գրքիս հաշվով էն ժամանակ մենք նույնիսկ Արշակյանին չէինք խնդրել, եւ, փաստորեն, ամեն ինչ սկսվեց մեր սանիկ ու Արշակյանի բանակի ընկեր Մինասյան Գրիգորից, ու էդ առթիվ մեր սանիկ ու ճանաչված ատամնաբույժ Մինասյան Գրիգորի ամենից հաճախ հնչեցրած նախադասությունը հետեւյալն էր. «Դուք ինձ եք քավոր կանգնել, ես էլ ձեր գրքին քավոր կկանգնեմ»: Ինչ վերաբերում է մոտիկից ճանաչածս առաջին գրող Խաչիկ Հրաչյանի կարծիքին, բանաստեղծություններիս մասին իր հիացական կարծիքն ինձ ու մերոնց համար շատ անսպասելի ու շատ ուրախալի էր, որովհետեւ Հրաչյանը չափազանց նրբաճաշակ մարդ էր եւ գովեստներ չէր շռայլում անգամ ամենաճանաչված բանաստեղծների ու գրողների հասցեին, եւ եթե մեզ համար իր գովեստը չափազանց անսպասելի էր, ապա իր համար առավել անսպասելի էին «Գարունում» հայտնված բանաստեղծություններս, որովհետեւ, չնայած ընտանիքներով շատ մոտիկ էինք, Հրաչյանը ոչ միայն գրածներս չէր կարդացել, այլեւ չգիտեր էլ, որ բանաստեղծություններ եմ գրում, եւ Հրաչյանը հետո՝ «Գարունից» էր իմացել բանաստեղծ լինելս եւ տեսնելով ու կարդալով՝ իսկապե՛ս էր հավանել, եւ կարդալուց ու հավանելուց հետո ինքը մշտապես շեշտում էր, որ ինձ տալու որեւէ խորհուրդ չունի, որովհետեւ «Գարունում» տպագրված բանաստեղծական իմ էդ երեք կտորներն արդեն իսկ վկայում են, որ ես միանգամայն կայացած բանաստեղծ եմ: Իրականում հայրս ու մայրս էլ առաջին անգամ «Գարունի» նույն էդ համարի միջոցով հաղորդակցվեցին բանաստեղծական տվայտանքներիս, որովհետեւ, էլի եմ ասում, ես ձեռագրերս ոչ ոքի կարդալու չէի տալիս, ու էդ իմաստով իմ բանակի ընկեր ազատանցի Վալոդն առ էսօր էլ բացառություն է, ու չնայած լեզվի ու գրականության ուսուցչուհի մայրս միշտ էլ ձգտում էր իմ էդ ձեռագրերն աչքի անցկացնել, բայց ոչ մի կերպ չէր հաջողացնում, որովհետեւ ես շատ խորն էի պահում իմ էդ գրոտած թղթերը, ու եթե մայրս դարակներիս ամենախորքերում հայտնաբերում էլ էր էդ գրոտածս թղթերից մեկնումեկը, միեւնույն է, ոչինչ չէր կարողանում վերծանել ու հասկանալ, որովհետեւ ես դիտմամբ անընթեռնելի ձեռագրով էի գրում, որ ինձանից բացի ուրիշ մեկն էդ թղթերից որեւէ բան չհասկանար, իսկ եթե ամենաճիշտը կուզեք իմանալ, ես ամենասկզբում նախ նորմալ ու ընթեռնելի ձեռագրով գրում էի բանաստեղծությունս եւ հետո նոր՝ միայն ինձ հասկանալի խզբզոցներով արտագրում էի դրանք ու պահում դարակներիս ամենախորքերում, իսկ նորմալ ձեռագրով գրածս օրինակները տալիս էի հրատարակչության մեքենագրուհի Հռիփսիկին, ու Հռիփսիկի մեքենագրած երկու օրինակներից առաջինը դնում էի Ումառյանի դարակում մշտապես ծվարած թղթապանակիս մեջ, ու էդ թղթապանակը, փաստորեն, ապագա գիրքս էր ու էդ թղթապանակն օրեցօր նորանոր բանաստեղծություններով էր լցոնվում ու հարստանում, ու գնալով ավելի ու ավելի էր բարդանում իմ ու Ումառյանի գործը, եւ եթե հրատարակչական պլան սողոսկած իմ էդ առաջին գրքույկն ընդամենը քսան-քսանհինգ բանաստեղծությունից պիտի բաղկացած լիներ, Ումառյանի դարակի իմ թղթապանակում վաղուց արդեն հարյուրից ավելի բանաստեղծություն կար, եւ երբ էդ թղթապանակի բանաստեղծությունների թիվը մոտավորապես հարյուր հիսունի հասավ, իմ ու Ումառյանի գլուխներում գրեթե միաժամանակ ծագեց երկրորդ թղթապանակի գաղափարը, այսինքն՝ երբ ամեն օր մի նոր բանաստեղծություն էի բերում ու ավելացնում, Ումառյանի խորհրդով էդ նորի փոխարեն հներից մեկը հանում ու դնում էի մեր էդ նոր՝ երկրորդ թղթապանակի մեջ, ու մեր առաջին ու հիմնական թղթապանակում վաղուց արդեն գրքիս նախնական՝ գրախոսված ու պլանավորված տարբերակից որեւէ բանաստեղծություն չէր մնացել, եւ միայն ծրագրային ու պարտադիր երկու բանաստեղծություններս էին առաջին թղթապանակիս մեջ անշարժ ու անփոփոխ մնում, ու դրանցից մեկը Բախվային նվիրված բանաստեղծությունս էր, իսկ մյուսը՝ «Զոհված զինվորի երգը», եւ բանաստեղծական ժողովածուների հենց առաջին էջերում պարտադիր տեղադրվող էդ բանաստեղծություններն էն թվերին «պառավոզ» էին կոչվում, եւ ինչպես գնացքի վագոններն իր հետեւից քարշ տվող շոգեքարշն է էդ վագոնների համար պարտադիր ու անհրաժեշտ, էդպես էլ, ուրեմն, «պառավոզ» կոչված ու բանաստեղծությունների ժողովածուների առաջին իսկ էջերում շնթռած էդ ծրագրային ու պատվերային մի քանի ոտանավորները, փաստորեն, երաշխավորում ու ապահովում էին հաջորդող մյուս բոլոր բանաստեղծությունների գոյության ու կյանքի իրավունքը: Հռիփսիկի մեքենագրած երկրորդ օրինակը ես պարտադիր տալիս էի Արշակյանին, որպեսզի վերջինս իմ էդ բանաստեղծություններով զարմացներ իր գրական շրջապատին, եւ իր գրական շրջապատն իսկապես ու մշտապես զարմանում ու հիանում էր իմ ոտանավորներով, որովհետեւ Արշակյանն էդպես էր կամենում: Հիմա ես դժվարանում եմ հիշել, թե Հռիփսիկի մեքենագրելուց հետո ձեռագիր օրինակս ինչ էի անում. ընդամենը հիշում եմ, որ հետս տուն չէի տանում, որ հանկարծ մերոնց ձեռքը չընկնի, բայց հիմա որ մտածում եմ, ես էլ եմ զարմանում, որ ես իմ էդ գրածները մերոնցից էդքան խորն էի թաքցնում, բայց Հռիփսիկին, Արշակյանին, Ումառյանին, Մելոյանին ու «Գարունի» պոեզիայի բաժնի վարիչ Միլիտոնյան Էդիկին ցույց էի տալիս: Կյանքն էր, փաստորեն, ստիպում: Նույն էդ կյանքն ինձ չէր ստիպել գրածներս Խաչիկ Հրաչյանին ցույց տալ, ու ես իրեն ոչ մի անգամ գրածներս ցույց չէի տվել, չնայած հենց ի՛նքն էր կյանքում հանդիպածս առաջին գրողը, եւ երբ ինքը «Գարունի» շարքս կարդաց ու շատ հավանեց, ես փոխանակ ցնծայի ու փառավորվեի, ամոթից գետինն էի մտել, որովհետեւ կյանքում մոտիկից տեսածս առաջին գրողը «Գարունում» տպածներս ոչ միայն չափից ավելի գովեց, այլեւ դրանք գովեց սեղանի շուրջ ու հրապարակավ՝ ծնողներիս ու ազգականներիս ներկայությամբ: Խաչիկ Հրաչյանը ոչ միայն տեսածս առաջին գրողն էր, այլեւ ինքն առհասարակ իսկական գրող էր հենց թեկուզ էն իմաստով, որ ընթերցողները Հրաչյանի գրքերն ու հերոսներին շատ ավելի լավ գիտեին, քան իրեն՝ հեղինակին, եւ դա գրողական ամենաիսկական բախտ ու երջանկություն էր, բայց Հրաչյանին ոչ մի կերպ չէր հաջողվում իր իսկ գրողական երջանկությունն ընկալել ու ըմբռնել, եւ երբ տարիներ անց երկուսով գրողական հանդիպումների էինք գնում հանրապետության շրջաններ ու գյուղեր, եւ երբ էդ հանդիպումների ժամանակ Խաչիկ Հրաչյանին ներկայացնում էին որպես հանրահայտ «Փնթի Սեթի» հեղինակ, ինքը փոխանակ ուրախանար, ընդհակառակը, սրտնեղում էր, ու իր սրտնեղելն ինձ ու բոլորի համար անհասկանալի էր, ու չնայած ես գիտեի, որ ինքը Մայակովսկուց ու Սարոյանից արած հրաշալի թարգմանություններ ուներ, ինչպես նաեւ՝ «Ուրցի Մարան» եւ այլ արժեքավոր գործեր, այդուհանդերձ, «Փնթի Սեթի» առիթով իր էդ սրտնեղելը ոչ մի կերպ չէի կարողանում ըմբռնել ու հասկանալ, մանավանդ որ՝ արդեն միանգամայն հասկանում ու ըմբռնում էի, որ գրողի համար շատ մեծ բան է, երբ իրեն իր գրածներով են ճանաչում եւ ոչ թե, ասենք, անունով ու ազգանունով: Ինչեւէ. Թորամանյան փողոցում մի ամբողջ տարի վարձով ապրելով՝ ես ոչ միայն իսկական գրողների մոտիկից տեսա, այլեւ առնչվեցի պոեզիայի աննախադեպ գոհարների, որովհետեւ իմ էդ վարձով մի տարվա մանկության ընկեր Հարութիկի սասունցի ու թալինցի Նանե տատն առավոտից իրիկուն բոլորի հետ հանգավոր էր խոսում եւ իր բոլոր մտքերը հանգավոր էր ձեւակերպում եւ իմ էդ մի տարվա մանկության ընկեր ու իր թոռ Հարութիկին հաճախ էր դիտողություն անում՝ ասելով. «Գետին ճղվի՝ մտնիս մեջ, էդ մայկեդ դիր տրուսիկիդ մեջ»: Բայց վերադառնանք Արշակյանին, ավելի ճիշտ՝ Ումառյանին: Ումառյանն, ի դեմս ինձ, ճարահատյալ ու, փաստորեն, Արշակյանի պարտադրանքով առնչվում էր նորագույն պոեզիային եւ, առնչվելով հանդերձ, օր օրի փոխվում էր, ու եթե ամենասկզբում ինքն ուղղակի զզվում էր իմ ու իմ տարեկիցների գրածներից, ապա մի քանի ամիս անց, երբ թղթապանակս հաստացել եւ արդեն երկրորդ թղթապանակիս անհրաժեշտությունն էր առաջացել, Ումառյանն արդեն ոչ միայն գրածներովս հիանում էր, այլեւ գործից հետո իջնում էր «Պապլավոկ», եւ, փաստորեն, իմ շնորհիվ, Ումառյանն իր սերնդի գրողներից միակն էր, որ, ուրեմն, «Պապլավոկում» ու «Սկվազնյակում» նստում էր ու դրանով արդեն իսկ տարբերվում էր Արշակյանից, Հրաչյանից ու իր տարեկից ուրիշներից, բայց Ումառյանը Հրաչյանին նման էր նրանով, որ իր «Բաղաբերդ» պատմավեպը ժողովրդին ավելի էր հայտնի, քան ինքը՝ Ումառյանը, բայց Ումառյանը Հրաչյանից ու բոլորից տարբերվում էր նրանով, որ շատ էր սիրում իր գրածներից ու հատկապես «Բաղաբերդից» մեջբերումներ անել, եւ եթե Արշակյանի ու իր տարեկիցների շրջապատում չէր համարձակվում այդ անել, «Պապլավոկում» կամ «Սկվազնյակում» ջահելներիս ներկայությամբ ուղղակի ամեն րոպե ու ամեն առիթով էր այդ անում, եւ երբ մեզանից մեկն, ասենք, ասում էր՝ «էս Վալյան էլի կոֆեն շատ քաղցր ա արել», Ումառյանն անմիջապես ասում էր. «Ես էդ մասին իմ «Բաղաբերդում» մանրամասն գրել եմ»: Ումառյանը շատ շուտ մերվեց «Պապլավոկին» ու «Սկվազնյակին» եւ շուտով ինքն առանց ինձ էր արդեն «Պապլավոկ» ու «Սկվազնյակ» իջնում, եւ երբ իրեն մեր տղերքի հետ նստած տեսնում էի՝ ինձ շատ լավ էի զգում, որովհետեւ ես ինձ շատ եմ լավ զգում, երբ իմ միջոցով ծանոթացած մարդիկ հետո առանց ինձ իրար հետ ընկերություն են սկսում անել, եւ Ումառյանի առթիվ հատկապես էի ինձ լավ զգում, որովհետեւ մինչ այդ ես մեր կուրսի Սերգեյի շնորհիվ էի «Պապլավոկում» շրջապատի տեր դառել, եւ Ումառյանն առաջինն էր, որ անձամբ իմ շնորհիվ «Պապլավոկի» մեր ընդհանուր համայնքին գումարվեց, եւ գումարման էդ գործողությունից երկու կողմերն էլ հավասարապես շահեցին, որովհետեւ իմ շնորհիվ, փաստորեն, Ումառյանն առաջին անգամ մոտիկից առնչվեց իր սերնդակիցների կողմից շարունակաբար մերժվող նոր սերնդի գրողներին, եւ իմ շրջապատի ջահել գրողները հաճախ էին իրենց գրածներն իրեն ցույց տալիս, եւ Ումառյանի կարծիքը մերոնց համար ոչ միայն կարեւոր հրատարակչի կարեւոր կարծիք էր, այլեւ ըստ էության էր կարեւոր, որովհետեւ իմ արդեն մեկուկես թղթապանակ բանաստեղծություններին առնչվելուց հետո նորագույն պոեզիան Ումառյանի համար արդեն ամենեւին էլ անծանոթ ու օտար մոլորակ չէր, ու «Պապլավոկի» ջահել գրողներն իսկապես լուրջ էին ընդունում Ումառյանի կարծիքն ու շատ հաճախ նաեւ հաշվի էին առնում նրա դիտողությունները, եւ նույնիսկ հազար տեսակ մարդ ու գրող տեսած իմ ընկեր Սերգեյի մոտ էր Ումառյանը հետաքրքրություն առաջացնում, որովհետեւ էդ աշուն արդեն Սերգեյի հետաքրքրություններն արտասահմանյան գրականությունից մանրից տեղափոխվում էին հայ ժողովրդի պատմության ասպարեզ, իսկ Ումառյանը հայոց պատմության իսկական շտեմարան էր եւ որպես պատմավիպասան մշտապես հակված էր նորաբանությունների ու նորամուծությունների, եւ, եթե հիշողությունս չի դավաճանում, իր «Բաղաբերդը» մեր թվարկությունից առաջվա հայոց դեպքեր ու իրադարձություններ էր ներառում, եւ Ումառյանը մեր թվարկությունից առաջ տեղի ունեցած դեպքերի ու իրադարձությունների մասին էնքան ոգեւորված ու տպավորված էր պատմում, ասես իր սեփական աչքով էր տեսել էդ ամենը, եւ ինքն ութսուն թվականի հրատարակչական պլանի ու մեր թվարկությանը նախորդած դեպքերի մասին նույն կրքով էր խոսում, եւ երբ ջահել ու սկսնակ գրողներն իրեն գանգատվում էին, ասելով, որ գրողական հին սերունդը գրողական նոր սերնդի առջեւ ոչ մի կերպ չի ուզում դռները բաց անել, Ումառյանը մերոնց հետ համաձայնվելով՝ ասում էր. «Ես էդ ամեն ինչի մասին իմ «Բաղաբերդում» մանրամասն գրել եմ»: Գլուխ յոթերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել