Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՈՒՄԸ

Հոկտեմբեր 29,2005 00:00

ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏ ՉԻ ԿԱՍԵՑՎԻ Բուհական խորհուրդների ձեւավորման վերջնաժամկետը լրանում է եկող շաբաթվա սկզբին, եւ կուլիսներում արդեն սաստկանում են մտահոգություններն այն մասին, թե ինչ ազդեցիկ դեմքեր կմտնեն բուհական խորհուրդներ եւ ինչ է սպասվում իրենց ու իրենց բուհի ինքնավարությանը: Մասնավորապես շահարկվում է ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ միանգամից մի քանի բուհում խորհրդի անդամ լինելու հանգամանքը: Այս առիթով մեզ հետ զրույցում նախարարը հայտնեց, որ ինքն իր թեկնածությունն առաջադրել է 2 բուհում, եւս 2-ում էլ՝ իրեն առաջադրել է կառավարությունը: Արդյունքում Ս. Երիցյանը 4 խոշորագույն բուհերի խորհրդի անդամ է. ԵՊՀ-ում, Բժշկականում, Տնտեսագիտականում եւ Ճարտարագիտականում: «Հարկ եմ համարել ներկայացված լինել խոշոր բուհերում: Նախարարը հնարավորինս տեղեկացված պետք է լինի բոլոր բուհերի գործունեությանը, իսկ խորհրդի անդամ լինելը կրկնակի է պարտավորեցնում՝ ավելի մոտիկից, ավելի առարկայական ու հասցեական ծանոթանալու համար, նախանձախնդիր լինելու եղած խնդիրներին: Նախկինում էլ այդ խոշոր բուհերի խորհուրդների անդամ եմ, սա նոր բան չէ ինձ համար: Բուհերը հին կարգով էլ կարող էին ներկայացուցիչներ ընտրել. օրինակ՝ Ճարտարագիտականում հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, այնպես որ, որեւէ բան այս առումով չի փոխվել»: Նախարարը ցրում է կառավարության հայտնի որոշման դեմ ելած այն բոլոր նախաձեռնող խմբերի հույսերը, թե հնարավոր է՝ որոշումը կասեցվի: «Այսօր արդեն հաստատված են բոլոր բուհերի կանոնադրությունները, առաջիկայում ամբողջությամբ խորհուրդների ձեւավորումը կավարտվի: Հաջորդ քայլը կլինի խորհուրդների նիստերի գումարումը»: Սերգո Երիցյանը դեռեւս ձեռնպահ մնաց հրապարակել հայտնի մարդկանց, գործարարների, մշակույթի գործիչների անուններ, որոնք ընդգրկված են բուհական խորհուրդների կազմում: Նշվեցին միայն ԿԳ փոխնախարարների անունները: Արա Ավետիսյանը առաջադրված է ԵՊՀ-ում, Արտակ Սահրադյանը՝ Ճարտարագիտականում, Նորայր Ղուկասյանը՝ Մանկավարժականում: Նախարարը ցրում է նաեւ մտավախությունները, թե որեւէ գործարար կամ ազդեցիկ մեկը կարող է ամբիոններ ու ֆակուլտետներ փակել, հեղափոխություն մտցնել բուհերում, ազդել բուհի ինքնուրույնությանը, ինչպես կարծում են որոշմանը դեմ արտահայտվողները: «Ես կարծում եմ, որ ընդհակառակը, յուրաքանչյուր պետական պաշտոնյայի, գործչի, ճանաչված մտավորականի, գիտնականի ներկայությունը, մասնակցությունը միայն ու միայն օգտակար կարող է լինել: Գործարարը կամ ցանկացած որեւէ մեկը, որ ընդգրկված է լինելու խորհուրդներում, ընդամենը օգտակար կլինի տվյալ բուհին: Օրինակ՝ գործարար է ընդգրկված Ճարտարագիտականի հոգաբարձուների խորհրդում՝ «Սինոփսիսի» ներկայացուցիչը, եւ այլ տնտեսական միավորների ներկայացուցիչներ, որոնք միայն օգնել են այդ ուսումնական հաստատությանը: Չմոռանանք նաեւ նեղ իրավասությունների շրջանակը, որ օրենքը տվել է այս խորհուրդներին, դրանք են՝ տարեկան գործունեության հաշվետվություն, բյուջեի քննարկում, ռազմավարական ուղղությունների քննարկում»: Նախարարն ավելացրեց նաեւ, որ խորհուրդները տարեկան ընդամենը 2 նիստ են ունենալու: Իսկ «Բուհական եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի դրույթներն ինքնին ամրագրում են, որ բուհի գործունեության բովանդակային մասը գիտխորհուրդների «մենաշնորհն» է: Ավելին՝ «Կարող են ինքնավարության այլ մարմիններ գործել, իրականացնել ինքնավարության ցանկացած գործընթաց, իսկ գիտխորհուրդը այն հզոր մարմինն է, որ կարող է ցանկացած հարց քննարկել, որոշումներ կայացնել»: Նախարարին հիշեցրինք դեռեւս գարնանը վարչապետի արած այն հայտարարությունը, թե մինչեւ տարեվերջ կազատվենք այն ռեկտորներից, որոնց պաշտոնավարման ժամկետը վաղուց լրացել է: «Ես ընդամենը կարող եմ ասել, որ այս փուլում կձեւավորվեն խորհուրդները, այլ բան չեմ կարող ասել»: Ավելացնենք, որ բոլոր բուհերի դեպքում, նախարարի ու բուհերի ղեկավարների փոխհամաձայնության արդյունքում, լիազոր մարմինը զիջել է իր տեղերի 50 տոկոսը՝ խորհուրդների կազմում բուհական ներկայացուցիչների բաժինը հասցնելով 62.5 տոկոսի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել