Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

Հոկտեմբեր 29,2005 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ «Transparency International»-ի զեկույցի համաձայն՝ այս տարի Հայաստանը զիջել է դիրքերը կաշառառության դեմ պայքարի ոլորտում: 2004-ի համեմատությամբ՝ կոռուպցիայի ընկալման մակարդակը Հայաստանում աճել է. անցյալ տարի զբաղեցնում էինք 82-րդ տեղը, իսկ 2005-ին՝ 88-րդ հորիզոնականը: Մեր խնդրանքով մեկնաբանելով այս փաստը՝ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, որ զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ՝ ասաց. «Ուսումնասիրությունն այս անգամ անցկացվել է շատ ավելի մեծ թվով՝ շուրջ 159 երկրների մեջ, քան անցյալ տարի, երբ դիտարկվել էին 146 երկրներ: Մենք կոռուպցիայի ընկալման ցուցանիշով 3,0-ից իջել ենք 2,9-ի: Իսկ նախորդ տարի մեր այդ ցուցանիշն ավելացել էր 0,1 կետով: Չեմ կարծում, թե կա էական տարբերություն: Սա նաեւ ոչ թե կոռումպացվածության, այլ հասարակական ընկալման ցուցանիշ է, իսկ ընկալման վրա ներազդող բազմաթիվ գործոններ կան: Օրինակ, շատ երկրներում հայտնի են դեպքեր, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հետ միաժամանակ աճում է նաեւ հասարակական ընկալման սանդղակը: Այսինքն՝ հասարակությանն ինչքան շատ ես ասում, որ կատարվել են կոռուպցիոն հանցագործություններ, այնքան աճում է ընկալումը: Դա չի նշանակում, թե աճում է կոռուպցիան: Այս իմաստով սխալ էին գնահատականները, թե Հայաստանը հետընթաց է ապրել անցած տարվա համեմատ՝ կոռուպցիան ավելացել է: Կարծում եմ, սա կարելի է գնահատել որպես ուղղակի ապացույց, թե այս խնդրի մասին վերջին 2-3 տարիներին շատ ավելի բաց է խոսվում ու շատ ավելի խորությամբ է հասարակությանը ներկայացվում, թե ինչ է կոռուպցիան ու ինչ դրսեւորումներ կարող է ունենալ»: Հիշեցնենք, որ «Transparency International»-ի զեկույցի հեղինակները փաստել են. «Հակառակ տարբեր ճակատներում ձեռք բերված հաջողությունների, աշխարհի 70 երկրներ հավաքել են 3-ից պակաս միավոր, ինչը վկայում է, որ կոռուպցիան այնտեղ լուրջ պրոբլեմ է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել