Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց

Հոկտեմբեր 29,2005 00:00

Որտեղի՞ց գտնենք միջազգային այլ փորձագետներ Որ նաեւ բացասական կարծիքներով հավասարակշռենք այն քարոզչությունը, որ տանում են սահմանադրական փոփոխությունների օգտին միջազգային փորձագետները: Եվրոպայի խորհրդի Հայաստանի տեղեկատվական գրասենյակը երեկ կազմակերպել էր սեմինար՝ «Լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը եւ սահմանադրական հանրաքվեի լուսաբանումը» թեմայով: Քննարկման մասնակիցները հայ լրագրողներին հորդորում էին հանրաքվեի լուսաբանման ժամանակ պահպանել անաչառություն, ապահովել դրական եւ բացասական կարծիքների ներկայացման հավասարակշռվածություն: ԲԻ-ԲԻ-ՍԻ ընկերության քաղաքական բաժնի գլխավոր խմբագիր Աշոկ Ահիրն անգամ մի օրինակ բերեց, որ եթե հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ԲԻ-ԲԻ-ՍԻ զանգահարեն 20 հեռուստադիտող, որոնցից 19-ը կողմ արտահայտվի, իսկ 1-ը՝ դեմ, ապա հեռուստաընկերությունը եթեր կհեռարձակի միայն 1 դեմ եւ 1 կողմ արտահայտվողի: Եվ անխախտ կանոն է՝ քանի անգամ իրենք եթեր են տրամադրում Սահմանադրությանը «կողմ» քարոզողներին, նույնքան էլ պիտի արտահայտվելու հնարավորություն տան «դեմ» քարոզողներին: Նման հորդորներից հետո «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Պետրոս Ղազարյանը տարակուսեց՝ թե մեզ բացատրում եք, որ մեկնաբանությունները պետք է լինեն հավասարակշռված, սակայն ինչ սկսվել է հանրաքվեի քարոզարշավը՝ գրեթե օր չկա, որ եվրոպական որեւէ կառույցի ներկայացուցիչ միանշանակ հանդես չգա հօգուտ «այո»-ի: «Անգամ չեմ հիշում մեկի, որը կասեր, թե «ոչ»-ն էլ իր տեղն ունի,- ասաց Պետրոս Ղազարյանը՝ նման գործելակերպը բնորոշելով իբրեւ կոպիտ քարոզչություն:- Դուք ամեն օր կարծիք եք հայտնում՝ մենք էլ ամեն օր լուսաբանում ենք»: Ի պատասխան Աշոկ Ահիրը խորհուրդ տվեց առավել կենտրոնանալ մարդկանց, հանրության տեսակետների վրա: Իսկ «Ռադիո Սլովենիայի» ավագ խմբագիր Գոյկո Բերվարը հակադարձեց, թե լրագրողների դերն է, որ հավասարակշռեն կարծիքները ու ներկայացնեն նաեւ այլ փորձագետների տեսակետներ: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ քննարկման մասնակիցներն անդրադարձան «Հանրաքվեի մասին» օրենքի այն դրույթին, որն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է մասնակցել քարոզչությանը: Քաղաքական հետազոտությունների Թուրփանջյան կենտրոնի տնօրեն Լուսիկ Դանիելյանը, որ շուրջ 15 տարի է՝ բնակվում է Հայաստանում, սակայն ՀՀ քաղաքացի չէ՝ այս արգելքը դիտարկեց իբրեւ խոսքի եւ արտահայտվելու ազատության սահմանափակում: Եվ հույս հայտնեց, որ լրագրողները կարծարծեն այդ հարցը, թե ինչով են արդարացվում նման սահմանափակումները: Սակայն Աշոկ Ահիրը նշեց, թե Մեծ Բրիտանիայում էլ ընտրությունների ժամանակ չես լսի օտարերկրացու կարծիք, թեեւ օրենքով չկա նման սահմանափակում. «Եվրամիության մեջ էլ մի ազգը չի խառնվում մյուս ազգի ընտրությանը»: Իսկ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Օուեն Մասթերզը նկատեց, թե այստեղ կա մի նուրբ սահման՝ արդյոք արդյունավե՞տ է, որ օտարերկրացիները հուշեն, թե ինչն է լավ. «Մարդիկ չեն սիրում, որ այլ երկրներից իրենց ասեն, թե ինչպես պիտի քվեարկեն: Եվ եթե անցնես այդ գիծը՝ գործընթացը կարող է շրջվել հակառակ ուղղությամբ»: Վենետիկի հանձնաժողովի այս փորձագետը նշեց, թե սահմանադրական փոփոխությունների մասին իր տեսակետը հայտնել է նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը. «Եվ ոչինչ չեմ ասել «այո»-ի կամ «ոչ»-ի մասին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել