Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկու հոբելյան՝ Իսահակյանի «պատճառով»

Հոկտեմբեր 29,2005 00:00

«Առնո
Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 4-ին կկայանա երեկո՝ նվիրված Ավետիք Իսահակյանի
ծննդյան 130 եւ նրա անվան գրադարանի հիմնադրման 70-ամյա հոբելյաններին: «Առավոտը»
հանդիպեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին: Նա պատմեց, որ կարճ ժամանակահատվածում
քաղաքային գրադարանը (սկզբնական շրջանում ընդամենը երկու բաժնով եւ մեկ փոքրիկ ընթերցասրահով)
դարձավ գրքի սիրահարների հավաքատեղի: «Ազգային գրադարանից այն ժամանակ նվիրատվություն
ստացած 8000 կտոր գրականությունը դարձավ հանրապետության այն տարիների հանրային բնույթի
երկրորդ խոշոր գրադարանի հարստության հիմնաքարը: Այժմ գրադարանն իր պահոցներում ունի
մոտ 800.000 կտոր բազմալեզու գրականություն»,- նշեց տիկին Կարապետյանը: Նա փաստեց,
որ տարիների ընթացքում ընդարձակվեցին գրադարանի զբաղեցրած տարածքներն ու բաժինները,
ավելացավ ընթերցողների թիվն ու գրաֆոնդը: Նշեց նաեւ, որ գրադարանն այսօր Երեւանի
քաղաքապետարանի եւ համայնքային ենթակայության գրադարանների համար հանդիսանում է մեթոդ-մատենագիտական
համակարգող կենտրոն եւ մտահոգ է Երեւանի գրադարանային քաղաքականության ձեւավորմամբ:
«Մեր գրադարանը «Հայաստանի գրադարանային ասոցիացիայի» եւ «Գրադարանային կոնսորցիումի»
հիմնադիրներից է, Հայաստանի գրադարանների ավտոմատացման ցանցի կազմակերպիչներից մեկը,
համագործակցում է Հայաստանի եւ օտարերկրյա կրթական, մշակութային, տեղեկատվական կազմակերպությունների,
ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանատների հետ: Օրինակ՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ
մեր գրադարանում գործում է «Ամերիկյան անկյունը»՝ հագեցած ժամանակակից տեխնիկական
տեղեկատվական սարքավորումներով, անվճար ինտերնետ կապով ու բազմաթիվ գրադարանային
ծառայություններով»,- հայտնեց տնօրենը: Մեր դիտարկմանը՝ մի խոսքով հասել եք
աշխատանքային գործունեության կատարելության, տիկին Կարապետյանը հակադարձեց. «Հեռու
ենք այդ մտայնությունից: Այս պահին մեզ սպասում են նորանոր խնդիրներ ընթերցողների
բարձրակարգ սպասարկման, գրականության ձեռքբերման, շենքային ու աշխատանքային պայմանների
բարելավման, նոր տեխնոլոգիաների ներդրման գործում եւ ամեն օր՝ նորից ու նորից»: Տնօրենին
հարցրինք՝ երկու հոբելյանի համար քաղաքապետարանի հատկացրած 1 մլն դրամը կբավարարի՞:
Հ. Կարապետյանը պատասխանեց. «Այդ գումարով կատարած աշխատանքները, կարող եմ թվարկել՝
երկու ծավալուն ստենդ, որտեղ ներկայացված է գրադարանի պատմությունը, բուկլետներ,
օրացույցներ: Տպագրել ենք մեր «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների երկերով երկրորդ
գիրքը, «Համազգային» թատրոնի դահլիճում գրադարանի «Մարգարտահատիկներ» մանկապատանեկան
թատրոնը կներկայացնի «Խաղում ենք Իսահակյան» ներկայացումը, նկարահանված է տեսաֆիլմ՝
գրադարանի 70-ամյա պատմության մասին եւ այլն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել