Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ Է

Հոկտեմբեր 29,2005 00:00

«Մշակութային արժեքների արտահանման
եւ ներմուծման մասին» օրենքում այս տարի բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, որոնցով
նախատեսվում է հեշտացնել ՀՀ տարածքից մշակութային արժեքներ արտահանող, ինչպես նաեւ
դրանք դրսից Հայաստան ներմուծող քաղաքացիների գործը: Սակայն
թե՛ մաքսատների, թե՛ «Զվարթնոց» օդանավակայանի համապատասխան կետերի, թե՛ կենտրոնական
փոստի աշխատակիցները շարունակում են գործել իրենց հարազատ եղանակով՝ քաղաքացիների
համար ավելորդ քաշքշուկներ առաջացնելով: Այսպես, «Մշակութային արժեքների փորձագիտական
կենտրոնը» բազմաթիվ դիմումներ է ստանում, ուր քաղաքացիները խնդրում են համապատասխան
փորձագիտական եզրակացություն ու վկայական տալ այն իրերին, որոնք օրենքով նախատեսված
կարգով պետք է անվճար, առանց վկայականի տեղափոխվեն ՀՀ սահմաններից դուրս: Օրինակ՝
Սամվել Քարտաշյանը դիմել է վերոնշյալ կենտրոն՝ խնդրելով վկայական տալ, քանի որ Երեւանի
կենտրոնական փոստի ծանրոցների առաքման բաժինը հրաժարվում է թույլատրել իր հեղինակային
աշխատանքների տեղափոխումը: Արարատյան մաքսային կետում նման խոչընդոտներ են ստեղծել
նկարիչ Հրաչ Ավագյանի առջեւ: Թամարա Բաղրամյանի օրինական իրավունքները ոտնահարել
են արդեն «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային տեսուչները: Ճշտելու համար, թե «Մշակութային
արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հատկապես ո՛ր կետերն են փոխվել
եւ նորաստեղծ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային
կազմակերպությունը ինչ նոր լիազորություններ ունի, զրուցեցինք կենտրոնի տնօրեն Շողիկ
Ասոյանի հետ: Երբ խնդիր դրվեց ազատականացնել դաշտը եւ հնարավորինս նվազեցնել քաղաքացիների
անմիջական շփումները պետության հետ՝ ընդհանրապես եւ մաքսավորների հետ՝ մասնավորապես,
առաջացավ օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը: Այսպես, համաձայն
նախկին օրենքի՝ 100 եւ ավելի տարվա վաղեմություն ունեցող իրերը՝ անկախ իրենց մշակութային
նշանակության եւ արժեքի, արգելվում էր արտահանել: Նոր օրենքով նախատեսվում
է կիրառել մշակութային արժեք եւ մշակութային առարկա հասկացությունները՝ անկախ տվյալ
արժեքի ստեղծման տարիքից: Նոր օրենքում առաջարկվել է մտցնել եւս 3 հասկացություն՝
ա) առանձնահատուկ նշանակություն ունեցող մշակութային արժեք, որոնց անգամ ժամանակավոր
արտահանությունը երկրից խստիվ արգելվում է: Տիկին Ասոյանը բերեց Լճաշենի սայլի օրինակը.
«Սա համաշխարհային մշակութային արժեք ներկայացնող եզակի ցուցանմուշ է: Եվ եթե որեւէ
երկրում ցուցադրվելու պատճառով այն վնասվի կամ, Աստված մի արասցե, տեղափոխող ինքնաթիռը
կամ գնացքը աղետի ենթարկվեն, մեծ կորուստ կլինի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային
մշակույթի համար»: Նշենք, որ այս կատեգորիայի մեջ ընդգրկվել է 23 ցուցանմուշ: Երկրորդ՝
բ) խմբում պահպանական ցուցակում ընդգրկման արժանի իրերն են: Եթե պետությունը այս
խմբում ընդգրկված իրերն արտահանել ցանկացող քաղաքացուց մեկամսյա ժամկետում չի գնում
այն, ուրեմն քաղաքացին իրավունք ունի այն արտահանել: Գ) խմբում են մշակութային
արժեք ունեցող այնպիսի իրերը, որոնք քաղաքացին հանգիստ կարող է արտահանել՝ ունենալով
միայն արտահանման իրավունքի վկայական: Փորձագետի տված եզրակացության հիման վրա գործակալությունը
որոշում է՝ արտահանման ենթակա իրը նշված երեք խմբերից որին է պատկանում: Եթե իրը
պատկանում է «բ» խմբին, քաղաքացին վճարում է հաստատագրված պետգույք՝ 5 հազար դրամ,
ստանում արտահանման վկայագիր եւ դրանով առանց խոչընդոտների հատում ՀՀ մաքսային սահմանը:
Նախկին օրենքով՝ քաղաքացին վճարում էր 100 տարվա վաղեմություն ունեցող իրերի արժեքի
50 տոկոսը, ավելի «երիտասարդ» իրերի արժեքի 20 տոկոսը: Օրինակ՝ եթե Այվազովսկու նկարը
գնահատվել էր 120 000 ԱՄՆ դոլար, դրա 50 տոկոսը քաղաքացին պետք է վճարեր պետությանը,
իսկ, ասենք, 30 կամ 50 հազար դոլար գնահատված Սարյանի նկարի 20 տոկոսը: Այժմ,
փաստորեն, քաղաքացին վճարում է միայն հաստատագրված 5000 դրամը եւ փորձագետի մատուցած
ծառայության դիմաց՝ գնահատված իրի արժեքի 5 տոկոսը: Եվս մեկ կարեւոր կետ՝ եթե նախկին
օրենքով ՀՀ ներմուծված մշակութային արժեքի համար քաղաքացին վճարում էր ԱԱՀ՝ ներմուծված
իրի արժեքի 20 տոկոսի չափով եւ 10 տոկոս մաքսատուրք, ապա այժմ մշակութային արժեք
կամ առարկա ներմուծող քաղաքացին ԱԶԱՏՎԱԾ Է թե՛’ ԱԱՀ-ից, թե՛’ մաքսատուրքից: Այսինքն՝
նա մաքսային սահմանը հատելիս ոչ մի լումա չպետք է վճարի: ԼԻԼԻԹ
ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել