Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՔԵՐՆԵՐՆ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՉԵՆ

Հոկտեմբեր 29,2005 00:00

Բողոքում են «Բամբիռի» տղաները «Ռոքը
Հայաստանում ե՞րբ ներկա ունի, որ ապագա էլ ունենա»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ
նման հարց հնչեցրեց «Բամբիռ» խմբի անդամ Նարեկ Բարսեղյանը: Խմբի մյուս անդամը՝ Արման
Քոչարյանն էլ ավելացրեց. «Ռոք-շարժմանը հայ հասարակությունը չգիտես ինչու բացասաբար
է վերաբերվում, ռոքը համարում են ոչ հայեցի: Երբեմն այլմոլորակայինների տեղ են դնում
ռոք երաժիշտներին ու ռոք սիրողներին: Միեւնույն ժամանակ՝ մարդիկ լսում են ռաբիս ու
ասում՝ ախպերս, էսի հայկական ա: Դրա ի՞նչն ա հայկական՝ բոշայական-ժողովրդական ժանր
ա: Բայց պատկերացրեք, ասենք մի տեղ քեֆ ա, Թաթա են լսում, մեկը միջամտում ու ասում
ա՝ էս երաժշտությունը փոխեք ու Բեթհովեն լսեք: Սեղանակիցները հաստատ կասեն՝ էդ մարդը
խելառ ա»: «Առավոտի» հարցին՝ իրավիճակը ուղղելու հույս կա՞, Նարեկը պատասխանեց. «Երբ
ինձ նման հարց են տալիս, ես միշտ կատակում եմ: Հույս չկա, անհույս վիճակում ենք»:
Տղաները բողոքեցին, որ այսօր ռոք խմբերը նվագում են միայն մեկ-երկու ակումբներում,
որտեղ ամենաշատը 80 մարդ է տեղավորվում: «Մի քանի տարին մեկ էլ փառատոներ են կազմակերպվում
ու դրանք պարզապես քաղցր հիշողություններ են դառնում ռոքի սիրահարների համար: Լավ
կլիներ, որ նման համերգներ այնքան հաճախ կազմակերպվեին, որ մեր երաժշտասերների կյանքը
միշտ նորություններով լցված լիներ»,- ասաց Արմանը: Նա փաստեց, որ աշխարհի տարբեր
երկրների ռադիոկայանները, հեռուստատեսությունները ռոք երաժշտության պրոպագանդման
շնորհիվ մեծ գումարներ են աշխատում, մինչդեռ Հայաստանում ռոքին խեթ են նայում: Նա
հիշեցրեց «Բիթլզի» առաջին հեռուստաելույթը, որը ամբողջ աշխարհի ուշադրությունն էր
գրավել: «Հիմա մեր հեռուստաեթերներում հանդես են գալիս կիսամերկ աղջիկներ, որոնք
անիմաստ երգեր են երգում: Նայում ես՝ արտաքինից սիրուն աղջիկ է, բայց իր երգը ոչ
մի ասելիք չունի»,- նկատեցին տղաները: Նրանք հիշեցին, որ տարիներ առաջ ռոք
լսելու հետ կապված բազմաթիվ արգելքներ են ունեցել իրենց ծնողները: «Չնայած այդ ժամանակ
ռոքով հետաքրքրվող մարդիկ ամեն կերպ գտել են իրենց հետաքրքրող նյութերը, ձայներիզները:
Այսօր, երբ նման արգելքներ կարծես թե չկան, ռոքի մասին ավելի քիչ են խոսում ու այն
չեն պրոպագանդում: Ես առաջարկում եմ, որ Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող
«զիբիլ» փոփ տեսահոլովակների կողքին ցուցադրվեն նաեւ «զիբիլ» ռոք տեսահոլովակներ,
համոզված եմ՝ վերջիններս ավելի լավը կլինեն»,- ասաց Արմանը: Նա պատմեց, որ
երբ իրենք մասնակցում էին ազգային մրցանակաբաշխությանը, շատերն են զարմացած հարցրել,
թե ինչպես են համաձայնել հանդես գալ փոփ երգիչների մրցույթին. «Երկու տարի շարունակ
լավագույն ռոք խումբ ընտրվեցինք: Անձամբ ես ուրախ էի, որ հաղթեց ռոքը, մեր երկրում
դա նրա առաջին հաղթանակն էր: Լավ էր, որ գոնե ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում
սահմանված էր նաեւ ռոքին վերաբերող անվանակարգ»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել