Մասնագետների
համոզմամբ՝ կիկլոպյան ամրոցներն ու դամբարանադաշտերը կարող են գրավել զբոսաշրջիկներին:
Հայաստանում արդեն երեք տարի Հռոմի պատմագիտական կամ հայագիտական
Լեչչեի համալսարանի ֆինանսավորմամբ իրականացվում են Ազատ գետի հովտի պատմամշակութային
հուշարձանների ուսումնասիրություններ, որոնք ավարտվել են վերջերս: Հնագիտական
արշավախմբի անդամներն են հայազգի հնագետներ Համլետ Պետրոսյանը, Ժորես Խաչատրյանը,
Լեչչեի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրայանան ու նրա ասպիրանտը՝ Ջան Ֆրանկո
Լեպոն: «Այս աշխատանքի նպատակը ոչ միայն հնագիտական է, այլեւ ազգագրական»,-
ասաց Ջուստո Տրայանան: Մասնագետները չափագրում են հուշարձանները, լուսանկարում, մակերեսից
հավաքում նյութական մշակույթի մնացորդները: Որոշում են հուշարձանի չափերը, նրա թվագրությունը:
Այս աշխատանքներից հետո նորագույն մեթոդներով ճշգրտվում է հուշարձանի տեղը քարտեզի
վրա, ներկայացվում գոնե այն, ինչ տեսանելի է այսօր: Կազմվել է կատալոգ, որտեղ տեղեկություններ
կան այս տարածքի յուրաքանչյուր հուշարձանի մասին: «Ոչ թե խնդիր է գնում միայն
հայտնաբերման, այլ վաղուց հայտնիները վավերացնելու մասին: Կարեւոր է հուշարձանների
հետազոտության միջոցով մի ամբողջ շրջանի պատմամշակութային բնութագիր ստեղծելը»,-
տեղեկացրեց արշավախմբի հնագետ Համլետ Պետրոսյանը: Ուսումնասիրություններն
ընդգրկում են Ազատ գետի եւ Ազատին կից Գետառի հովիտների ամբողջ տարածքը: «Այս տարածքում
շատ հետաքրքիր հուշարձաններ կան, հատկապես՝ ժայռապատկերներ, որոնք կոչվում են այծագրեր:
Կան ժայռապատկերներ, որոնք ամբողջ մի տեսարան են ներկայացնում, օրինակ՝ որսի, աշխատանքի:
Դրանց շնորհիվ տեղեկություն ենք ստանում մեր նախնիների աշխարհընկալման ու ապրելակերպի
մասին»,- ասաց Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի հնագիտության ամբիոնի
վարիչ Ժորես Խաչատրյանը: Շուտով լույս կտեսնի մի հատոր, որտեղ կամփոփվեն գիտնականների
ուսումնասիրությունների արդյունքները: Դրանց մասին ամռանը զեկուցումներ են եղել նաեւ
Իսպանիայում կայացած միջազգային կոնֆերանսում, ԳԱԱ հնագիտության ինստիտուտում պարբերաբար
կազմակերպվող գիտական նստաշրջաններում: «Քանի որ պետությունը չի կարող միջոցներ
տրամադրել մասնագետներին արտասահմանյան կոնֆերանսներին մասնակցելու համար, պիտի սպասենք,
թե ով մեզ կհովանավորի»,- նեղսրտեց Ժորես Խաչատրյանը: «Ազատ գետի հովիտը հարուստ
է հետաքրքիր պատմական հուշարձաններով՝ սկսած ուշ անտիկ շրջանից մինչեւ մերօրյա հուշարձանները:
Սակայն այս հովիտը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար էլ են հսկայական գումարներ
անհրաժեշտ: Հուշարձանների խումբ են կազմում կիկլոպյան ամրոցները, դամբարաններն ու
դամբարանադաշտերը: Դրանք երկրորդ հազարամյակի կեսերի հուշարձաններ են: Ավելի ուշ
շրջանի հուշարձաններ են Վիշապ կոթողները: Վավերացվել են նաեւ ուրարտական, վաղ հայկական,
հելլենական, միջնադարյան, նույնիսկ 19-րդ կամ 20-րդ դարի երեւույթներ»,- փաստեց հնագետ
Հ. Պետրոսյանը եւ տեղեկացրեց, որ ֆինանսավորման դեպքում ուսումնասիրությունները կշարունակվեն
նաեւ հնագույն Դվին, Արտաշատ մայրաքաղաքներում: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ