Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՅԱՆ SEX-SHOP-Ն ԱՌԱՅԺՄ ԹԱՆԳԱՐԱՆ Է

Հոկտեմբեր 29,2005 00:00

Երեւանում
1994 եւ 98թթ. բացված սեքս խանութները կարճատեւ կյանք ունեցան: Վերջերս Թամանյան
1ա հասցեում բացվել է «Սեքս եւ կյանք» սրահը: Երեւանյան առայժմ միակ sex-shop-ի
տնօրեն Պետրոս Մովսեսյանը հարցազրույց ունեցավ մեզ հետ՝ ծանոթացնելով սրահի գործունեությանը
եւ այս ոլորտում «վերջին ճիչ» համարվող տեսականուն: Զրույցի սկզբում տնօրենը կեսկատակ-կեսլուրջ
ասաց. «Թեպետ սրահում արդեն շարժ կա, բայց առայժմ այն ծառայում է որպես թանգարան»:
Մեր հետաքրքրությանը, թե սրահը նախկին սեքս-խանութների ճակատագրին չի՞ արժանանա,
տնօրենը պատասխանեց. «Նախ ասեմ, որ մինչեւ 18 տարեկանների մուտքը սրահ արգելվում
է: Ժամանակին սեքս-խանութները փակվեցին տատիկների ու պապիկների բազմաթիվ բողոքների
արդյունքում: Բացման օրվանից մենք ունենք հաճախորդ մի պապիկ, որն այս ընթացքում իր
շրջապատում անվճար գովազդում է սրահը: Նրա ուղեկցությամբ մեզ մոտ են հաճախում իր
տարեկիցները, իսկ ինքը նրանց համար էքսկուրսավարություն է անում: Հուսով ենք, որ
պապիկները կարգելեն տատիկներին՝ բողոքելու մեր սրահի դեմ»: Նման սրահները
Եվրոպայում կրում են «Սեր եւ կյանք» անունը, որտեղ աշխատում են համապատասխան մասնագետներ՝
սեքսոպաթոլոգ եւ այլն: Այս առիթով տնօրենը մեզ հայտնեց, որ «Սեր եւ կյանքը» վերջին
հաշվով նույնն է, ինչ «Սեքս եւ կյանքը»: Քանի որ մեկն առանց մյուսի հնարավոր չէ պատկերացնել:
«Իսկ հայերի մասին երեւի թյուր կարծիք ունեք: Համակարգչային դարում եթե ոչ լիարժեք,
ապա հնարավորինս տեղեկացված ենք: Չեմ կարծում, որ սրահում մասնագետի կարիք կա: Միակ
աշխատակցուհին բավարար չափով տեղեկացված է ոլորտին եւ յուրաքանչյուր այցելուի սիրով
ու համբերատար, կատալոգների միջոցով ներկայացնում ու բացատրում է ամեն ինչ»,- պարզաբանեց
պրն Մովսեսյանը: Նկատելով ներկայացված տեսականու գները (1-2 հազար դրամից մինչեւ
«անվերջություն») եւ տեղեկացված լինելով, որ սրահում այս կամ այն «ապրանքը» կարելի
է ձեռք բերել պատվերով՝ նախապես որոշ գումար մուծելուց հետո, նրան խնդրեցինք մանրամասնել:
Պ. Մովսեսյանը հայտնեց, որ սրահն աշխատում է պատվերի սկզբունքով, իսկ իրերն իրենց
աքսեսուարներով ներկրվում են Ռուսաստանից ու Եվրոպայից. «Այցելուն վճարում է նախընտրած
նմուշի 30%-ը, մեկուկես ամսից պատվերն ուշանալու դեպքում սրահը կատարում է զեղչ:
Կարճ ասած, 30%-ի չափով մուծված գումարը վերադարձվում է պատվիրատուին»: Տնօրենը տեղեկացրեց
նաեւ, որ տեսականին հարուստ է սեքս-նորաձեւության վերջին ճիչերով, օրինակ՝ լույսով
պահպանակներ, սեռական օրգանների մկանները զարգացնելու համար հատուկ գնդիկներ, սեռական
ակտը կարգավորող եւ երկարաձգող դեզադորանտներ, քսուքներ, նաեւ էրոտիկ հուշանվերներ,
եւ այլն: Հարցին, թե Հայաստանում այդ ոլորտում հնարավո՞ր է ունենաք գործընկեր,
Պ. Մովսեսյանն ասաց. «Ծրագրեր ունենք ապագայում համագործակցել գիշերային ակումբների
հետ: Վստահ եմ՝ դա կլինի փոխշահավետ համագործակցություն»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Շուտով կկայանա «Սեքս եւ կյանք» սրահի պաշտոնական
բացումը: Հավանաբար, շնորհանդեսից հետո հետաքրքրվողների թիվը կաճի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել