Ամփոփվեց
կալանավորների ստեղծագործական մրցույթը «Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Միջազգային բանտային բարեփոխում»
կազմակերպության հետ համատեղ, բրիտանական կառավարության աջակցությամբ իրականացնում
է Հայաստանում ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը
նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձեւերի դեմ կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրության
ստորագրմանը եւ վավերացմանը ուղղված քարոզարշավ: Քարոզարշավի շրջանակներում ազատազրկման
4 վայրերում (արդարադատության նախարարության «Վարդաշեն», «Աբովյան», «Կոշ» եւ «Էրեբունի»
քրեակատարողական հիմնարկներ) անցկացվեց մարդկային արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունք, խոշտանգում, ազատազրկում եւ արժանապատվություն թեմաներին նվիրված էսսեների
մրցույթ: Ժյուրին ստեղծագործություններն ամփոփելուց հետո միայն տեղեկացավ (համարակալած
էին կալանավայրերից ուղարկած ստեղծագործությունները, որոնք նաեւ անանուն էին ներկայացվել),
որ 24 ստեղծագործությունների հեղինակներից 3-ը կին են, «Աբովյան» ՔԿՀ-ից: 10-ը «Վարդաշեն»
ՔԿՀ-ից էին, 5-ը՝ «Կոշ» ՔԿՀ-ից, մնացյալն՝ «Էրեբունուց»: Սակայն ուշադրության արժանի
էր այն, որ 24-ից 12-ը նախընտրել էին արժանապատվությանն ու ազատազրկմանը նվիրված
թեմաները: 5-ն էր վերաբերում խոշտանգմանը: 6-ն առհասարակ կալանավորների ապրելու իրավունքի
մասին մտորումներ էին՝ խոհափիլիսոփայական եզրահանգումներով: Միակ շեղումը, թերեւս,
«Առավոտից իրիկուն» բանաստեղծությունների շարքն էր, որը ներկայացրել էր խրախուսական
մրցանակի արժանացած «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտյոմ Սարգսյանը: «Եթե
գումար ունենայի, կտպագրեի 24 հեղինակների բոլոր գործերը: Նրանք արժանի են դրան»,-
ասում էր ժյուրիի անդամ, արձակագիր, հրապարակագիր Հրաչյա Մաթեւոսյանը, որի, ինչպես
եւ մյուսներիս համար դժվար խնդիր էր դարձել լավագույն հնգյակին որոշելը: Հետեւաբար՝
նախընտրեցինք թե հնգյակը գլխավորողների, թե խրախուսական մրցանակների արժանացածների
էսսեներից քաղվածքներ անել: 24-ի 24 ժամերը. Ակնթարթներ վավերագրական
էսսեներից Սեյրան Ղահիրյան, «Կոշ» «Խոշտանգումները հայերիս հետ կատարվել
է Շուշիի բանտում՝ ղարաբաղյան շարժման ժամանակ: 1990-1991թթ. ես՝ Սեյրան Ղահիրյանս,
ադրբեջանական օմօնականների կողմից ենթարկվել եմ մի
շարք խոշտանգումների: Նույն թվականներին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից
մեղադրվել եմ Քրեական օրենսգրքի 220 հոդվածի հիմունքներով: Այսինքն՝ անօրեն ճանապարհով
հայթայթել եւ կրել եմ զենք ու զինամթերք: Բոլոր հայերիս, առանց բացառության, ենթարկում
էին խոշտանգումների: Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի աշխատակից, միլիցիայի մայոր
Շահբազյանին այնպիսի խոշտանգումների ենթարկեցին, որ չդիմանալով վերքերին եւ վնասվածքներին՝
խցում մահացավ: Մեզ՝ հայերիս տանելով Շահբազյանի խուց, ցույց տվեցին դիակը եւ հայտնեցին,
որ բոլորիս նույն ճակատագիրն է սպասում: Խոշտանգում էին տարբեր առիթներով: Առաջին
հերթին՝ որ հայ ես: Ու որ զենք կրում ես ոչ թե քո ժողովրդի անվտանգությունն ապահովելու,
այլ միայն ու միայն ադրբեջանցի սպանելու համար… Մի քանի անգամ դիմեցի ինքնասպանության,
սակայն այն կանխվեց՝ լավ փորձ չունենալու պատճառով: Ինքնասպանության փորձ կատարելուց
հետո սաստկացնում էին ծեծն ու ջարդը: Մի օր էլ մոտակա հայկական գյուղերից սկսեցին
դղրդալ գնդացիրների կրակահերթերը: Գնդակները՝ շառաչելով, խոցելով բանտի պատերը, ահուսարսափ
էին ներշնչում շրջապատին: Միայն ուրախանում ու հրճվում էինք հայերս»: Գնել
Քարամյան, «Վարդաշեն» «Արդեն երեք տարի է, որ այդ կալանավայրի «բնակիչն» եմ
համարվում եւ որ ինձ ձերբակալող ՆԳ բաժնում արդեն ինձ կնքել էին «Բեն Լադեն» մականունը:
Երբ ինձ տանող մեքենան կանգնեց ոստիկանության բաժանմունքի մոտ, պատուհանից մի ոստիկան
մեզ տեսնելով, ասես երջանկացած, գոչեց. – Եկան, «Բեն Լադենին» բերի՜ն: Երգիծական
շեշտով նրա բացականչությունը ինձ մոտ ծիծաղ առաջացրեց ու դա եղավ դառնությունից զերծ
իմ վերջին ծիծաղը: Հանցագործությունը կատարված է. սպանել եմ մի տաքսիստի, որը ինձ
տեղափոխում էր իմ ուզած բնակավայրը: Գլխիս հարվածելով, քաշքշելով ինձ հրեցին
ոստիկանության հերթապահ մաս, որտեղ կազմուպատրաստ սպասում էին ինձ դիմավորողները:
Ինչպես հասցրի նկատել, ջրով լի շտապօգնությունը (դույլը) դրված էր ձախ կողմի պատի
տակ: Սկսվեց ութանկյունի մարտ առանց օրենքների: Քինգբոքսինգ, կարատե, սամբո, բոքս…
Չորս անկյուն ունեցող սենյակը վերափոխվել էր ութանկյունի: Հարվածում էին ամեն կողմից,
տարբերություն չդնելով մարմնիս անդամներին: Մարմնի կարեւոր օրգանների մասին անտեղյակ՝
ոստիկանները հարվածում էին ինչպես պատահեր: Եթե դաժանություն ծնող պատճառներ կան,
անշուշտ, դրանցից մեկն էլ անատոմիա չիմանալն է»,- պատմում է խոշտանգում ապրածը, շարունակելով.
«Երկինքը եթե պատռվեր, այնպես չէր որոտա, ինչպես որոտաց գերբնական ձայնով՝ պետ կոչվածը:
Նա որսը կորցնելու վտանգը զգացող վագրի պես ճանկեց ինձ մյուսների ձեռքից ու որքան
ուժ ուներ՝ գլխով հարվածեց ծնոտիս. գիտակցությունս կորցրած ընկա հատակին… Երբ ուշքի
եկա, ինձ թվաց, թե գործ ունեմ գանգամաշկ հանելու սովոր ապաչու հետ»: Այս
հեղինակի արժանապատվություն թեմայով էսսեն նույնպես մրցանակի է արժանացել: Ալեքսանդր
Գալոյան, «Վարդաշեն» «Կյանք կոչվող մեր այս խելացնոր վազքի ընթացքում արժե
գոնե մեկ-մեկ կանգ առնել եւ նայել շուրջը (եթե վախենում ենք նայել մեր մեջ): Ամենակատաղի
գիշատիչներից մինչեւ ամենաանվնաս խոտակերները, թռչուններն ու ջրային կենդանիները
ծնվում, գոյապայքար են մղում, հաճախ կեր դառնում, բայց միմյանց այլ տեսակի չեն խոշտանգում:
Քանզի դա նրանց բնության հիմքում դրված չէ, նրանց համար դա անբնական է»: Գնել
Քարամյան, «Վարդաշեն» «Հայրս իր դարավոր փորձն ինձ հանձնելիս միշտ խրատում
էր, որ պոզով ու պոչով սատանաներ չկան: Սատանան եռակերպ այն չարն է, որ կնոջ, փողի
ու պաշտոնի կերպարանքով գալիս է մեզ գայթակղեցնելու: Բոլորն էլ ցանկանում
են ազատ լինել: Բոլորն էլ թանկ բան ունեն կյանքում՝ ծնողներ, քույր, եղբայր, զավակներ:
Չկա սակայն որեւէ մեկը, որ պայքարի բոլոր այն անարդարությունների դեմ, որ վերջ դրվի
այն ամբողջ անօրինականություններին, որոնցից տուժում են կալանավորները, նրանց հարազատները
եւ եթե խորը մտածենք, նաեւ հասարակությունը»: Չափածո… էսսե՞ Արտյոմ
Սարգսյանի քառյակները նոր խոսք են «կամերային գրականության» սիրահարների համար: Մեկ
խելագար ես, մեկ էլ՝ գիտնական, Մեկ սիրահար ես, մեկ էլ՝ մարդասպան:
«Արդար-մեղավոր» կոչվող բանաստեղծության մեջ նա գրում է. Անունն ուղղիչ
աշխատանք՝ Կեղծանունը՝ տառապանք, Ֆիզիկապես չեն ճնշում- Լեշը
հոգիդ է մաշում: Իսկությունը չեն դատում, Անտերին են կործանում: Որը
կյանքով անթերի, Դարձնում են այն թերի: Խրախուսման արժանացավ Մարտիրոս
Աճեմյանի («Վարդաշեն») հեքիաթը՝ «Պատմություն տխուր վերջաբանով»: Ահա միայն քամու
գեղարվեստական նկարագրությունը. «Մոլեգին քամին կատաղորեն թափառելով ծառից ծառ, ծմակից
բաց դաշտեր, դաշտերից սարերի բարձունք եւ նորից շրջապտույտով վերադառնալով արդեն
իսկ պտույտ կատարած անսահմանությունները՝ դեղնած եւ չորացած տերեւներին ստիպում էր
իրենց տեղը զիջել անհամբեր սպասող ձյան սպիտակ փաթիլներին»: Ժյուրին շնորհակալագրերի
է արժանացրել Աշոտ Ավետիսյանին, Ռիմա Մուրադյանին, Նարինե Նալբանդյանին, Վրեժ Ստեփանյանին,
Ազնիվ Բաղդասարյանին, Մեսրոպ Ներսիսյանին, Վազգեն Կարապետյանին, Ջիվան Գրիգորյանին,
Վ. Դանիելյանին, Հայկ Վարդանյանին, Սամվել Տոնյանին, Անանյանին, Նաիրի Շահրամանյանին,
Վաչագան Սահակյանին, Արթուր Հակոբյանին: «Ես ոչինչ չգիտեմ եւ դեռ հոգեբուժական
բաժանմունքում ներարկել են պրեպարատներ, որ ես ոչինչ չհասկանամ եւ այսքանից հետո,
եթե հոդվածն իմ հաջող ստացվի, ապա դա պարզապես կլինի հայերենի ի բնե կատարյալ լինելու
արդյունք»,- ասել էր դատապարտյալ Մեսրոպ Ներսիսյանը, խնամքով ձեւավորելով (սահմաններ
հիշեցնող) իր էսսեն, որն ավարտվում էր այսպես. «Գաղափարախոսություն ստեղծելու կամ
եվրոպական ազատություն կորզելու փոխարեն, գիտենալով նրա վախճանը, կրելով իմ խաչը,
ձգտում եմ օգտակար լինել ինձ ծնած, սնած ազգ- ժողովրդին»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
R