Բուհական
խորհուրդների ձեւավորման վերջնաժամկետը լրանում է եկող շաբաթվա սկզբին, եւ կուլիսներում
արդեն սաստկանում են մտահոգություններն այն մասին, թե ինչ ազդեցիկ դեմքեր կմտնեն
բուհական խորհուրդներ եւ ինչ է սպասվում իրենց ու իրենց բուհի ինքնավարությանը: Մասնավորապես
շահարկվում է ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ միանգամից մի քանի բուհում խորհրդի անդամ
լինելու հանգամանքը: Այս առիթով մեզ հետ զրույցում նախարարը հայտնեց, որ ինքն
իր թեկնածությունն առաջադրել է 2 բուհում, եւս 2-ում էլ՝ իրեն առաջադրել է կառավարությունը:
Արդյունքում Ս. Երիցյանը 4 խոշորագույն բուհերի խորհրդի անդամ է. ԵՊՀ-ում, Բժշկականում,
Տնտեսագիտականում եւ Ճարտարագիտականում: «Հարկ եմ համարել ներկայացված լինել խոշոր
բուհերում: Նախարարը հնարավորինս տեղեկացված պետք է լինի բոլոր բուհերի գործունեությանը,
իսկ խորհրդի անդամ լինելը կրկնակի է պարտավորեցնում՝ ավելի մոտիկից, ավելի առարկայական
ու հասցեական ծանոթանալու համար, նախանձախնդիր լինելու եղած խնդիրներին: Նախկինում
էլ այդ խոշոր բուհերի խորհուրդների անդամ եմ, սա նոր բան չէ ինձ համար: Բուհերը հին
կարգով էլ կարող էին ներկայացուցիչներ ընտրել. օրինակ՝ Ճարտարագիտականում հոգաբարձուների
խորհրդի անդամ եմ, այնպես որ, որեւէ բան այս առումով չի փոխվել»: Նախարարը
ցրում է կառավարության հայտնի որոշման դեմ ելած այն բոլոր նախաձեռնող խմբերի հույսերը,
թե հնարավոր է՝ որոշումը կասեցվի: «Այսօր արդեն հաստատված են բոլոր բուհերի կանոնադրությունները,
առաջիկայում ամբողջությամբ խորհուրդների ձեւավորումը կավարտվի: Հաջորդ քայլը կլինի
խորհուրդների նիստերի գումարումը»: Սերգո Երիցյանը դեռեւս ձեռնպահ մնաց հրապարակել
հայտնի մարդկանց, գործարարների, մշակույթի գործիչների անուններ, որոնք ընդգրկված
են բուհական խորհուրդների կազմում: Նշվեցին միայն ԿԳ փոխնախարարների անունները: Արա
Ավետիսյանը առաջադրված է ԵՊՀ-ում, Արտակ Սահրադյանը՝ Ճարտարագիտականում, Նորայր Ղուկասյանը՝
Մանկավարժականում: Նախարարը ցրում է նաեւ մտավախությունները, թե որեւէ գործարար
կամ ազդեցիկ մեկը կարող է ամբիոններ ու ֆակուլտետներ փակել, հեղափոխություն մտցնել
բուհերում, ազդել բուհի ինքնուրույնությանը, ինչպես կարծում են որոշմանը դեմ արտահայտվողները:
«Ես կարծում եմ, որ ընդհակառակը, յուրաքանչյուր պետական պաշտոնյայի, գործչի, ճանաչված
մտավորականի, գիտնականի ներկայությունը, մասնակցությունը միայն ու միայն օգտակար
կարող է լինել: Գործարարը կամ ցանկացած որեւէ մեկը, որ ընդգրկված է լինելու խորհուրդներում,
ընդամենը օգտակար կլինի տվյալ բուհին: Օրինակ՝ գործարար է ընդգրկված Ճարտարագիտականի
հոգաբարձուների խորհրդում՝ «Սինոփսիսի» ներկայացուցիչը, եւ այլ տնտեսական միավորների
ներկայացուցիչներ, որոնք միայն օգնել են այդ ուսումնական հաստատությանը: Չմոռանանք
նաեւ նեղ իրավասությունների շրջանակը, որ օրենքը տվել է այս խորհուրդներին, դրանք
են՝ տարեկան գործունեության հաշվետվություն, բյուջեի քննարկում, ռազմավարական ուղղությունների
քննարկում»: Նախարարն ավելացրեց նաեւ, որ խորհուրդները տարեկան ընդամենը 2 նիստ են
ունենալու: Իսկ «Բուհական եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի դրույթներն
ինքնին ամրագրում են, որ բուհի գործունեության բովանդակային մասը գիտխորհուրդների
«մենաշնորհն» է: Ավելին՝ «Կարող են ինքնավարության այլ մարմիններ գործել, իրականացնել
ինքնավարության ցանկացած գործընթաց, իսկ գիտխորհուրդը այն հզոր մարմինն է, որ կարող
է ցանկացած հարց քննարկել, որոշումներ կայացնել»: Նախարարին հիշեցրինք դեռեւս
գարնանը վարչապետի արած այն հայտարարությունը, թե մինչեւ տարեվերջ կազատվենք այն
ռեկտորներից, որոնց պաշտոնավարման ժամկետը վաղուց լրացել է: «Ես ընդամենը կարող եմ
ասել, որ այս փուլում կձեւավորվեն խորհուրդները, այլ բան չեմ կարող ասել»: Ավելացնենք,
որ բոլոր բուհերի դեպքում, նախարարի ու բուհերի ղեկավարների փոխհամաձայնության արդյունքում,
լիազոր մարմինը զիջել է իր տեղերի 50 տոկոսը՝ խորհուրդների կազմում բուհական ներկայացուցիչների
բաժինը հասցնելով 62.5 տոկոսի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ