Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ առողջ թոռնիկներ ունենալ»

Հոկտեմբեր 29,2005 00:00

Ալավերդցիների երեխաները
ծնվում են արատներով: Պատճառը, ըստ իրենց՝ աղտոտված մթնոլորտն է: Ալավերդու
Սանահին թաղամասի 21-ամյա բնակչուհի Սիրամարգ Մխիթարյանի վեցուկես ամսվա հղիությունը
հոկտեմբերին քաղաքի ծննդատանն արհեստականորեն ընդհատվեց։ Գերձայնային հետազոտության
ապարատը պարզել էր, որ նրա երեխան կրում է կյանքի հետ անհամատեղելի արատ. բացակայում
էր երեխայի ուղեղի հատվածը։ Ալավերդու ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանը նշում է,
որ սա արհեստական պարտադրված ծննդալուծման այս տարվա 3-րդ դեպքն է։ Հայտնաբերվել
են անենցեֆալիա (բացակայում է ուղեղի հատվածը), հիդրոցեֆալիա (ուղեղի թաղանթներում
ջուր է կուտակվում), ողնուղեղի ճողվածք, որոնք ծանր արատներ են եւ անբուժելի։ 2004թ.
Ալավերդու ծննդատանը գրանցվել էր արատավոր 7 երեխա, որից 4-ն է համարվել կենսունակ։
Այս տարվա 7 դեպքը, փաստորեն, գրանցվել է անցած 9 ամիսներին։ Ընդ որում՝ կենսունակ
է համարվել 2-ը։ Վերջին 5 տարիներին ընդհանուր առմամբ Ալավերդու ծննդատունը գրանցել
է արատների 37 դեպք։ Ա. Ազատյանը համոզված է, որ դրանց թիվը Ալավերդիում աճման միտում
ունի. «Չեմ խոսում փոքր արատների մասին, որոնք միշտ էլ կան։ Բայց այս տարի զգալի
է կյանքի հետ անհամատեղելի արատների թվի աճը»: Ա. Ազատյանը նշում է, որ այս
արատներն առաջանում են, եթե ամուսիններից մեկը թմրամոլ է կամ չարաշահում է ալկոհոլը,
եթե կինը հղիության առաջին կեսում հիվանդացել է գրիպով, սթրեսների, ժառանգականության
ու սոցիալական պայմանների, ինչպես նաեւ՝ սննդում թունաքիմիկատների առկայության հետեւանքով։
«Պատճառներից մեկն էլ էկոլոգիան է։ Մեզ մոտ չի բացառվում նաեւ դրա ազդեցությունը»,-
ասում է ծննդատան տնօրենը։ Սիրամարգ Մխիթարյանն ամուսնու եւ նրա ծնողների
հետ ապրում է քաղաքի Սանահին գյուղական թաղամասում։ Զբաղվում են մանր բիզնեսով (փայտամշակմամբ),
մեղվաբուծությամբ, հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Սոցիալական պայմաններից
չեն դժգոհում։ Ամուսինը երբեւէ թմրանյութ չի օգտագործել։ Սթրեսների առիթներ նույնպես
չեն ունեցել։ Հարեւանների հավաստմամբ` օրինակելի ընտանիք են։ Ունեն երկու տարեկան
առողջ աղջնակ։ Ասում են, որ ժառանգական արատներ չունեն հարազատների ու նախնիների
շրջանում։ Սրանք բացառում են արատներ ծնող առաջին պատճառները։ Սիրամարգի հարազատները
պատճառը վերագրում են Ալավերդու օդի աղտոտվածությանը։ Ըստ նրա սկեսրայր Կառլեն Էվոյանի՝
քաղաքի էկոլոգիական վիճակը հասել է ծայրահեղության։ Նա համոզված է, որ Ալավերդիում
սերունդը գնալով հիվանդանում է։ «Մինչեւ ե՞րբ պետք է գործարանի ղեկավարությունը մեզ
խաբի։ Մինչեւ ե՞րբ պետք է մենք աղտոտված օդ շնչենք։ Մինչեւ ե՞րբ պետք է հանդուրժենք
մեր երեխաների դժբախտությունը։ Ես ուզում եմ առողջ թոռնիկներ ունենալ»,- ասում է
Կ. Էվոյանը։ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության
մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ այս տարվա հուլիսին Ալավերդու օդային ավազանում
փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի նորմը գերազանցել է 1.3 անգամ, ծծմբի
երկօքսիդինը՝ 9.6 անգամ։ ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝
www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել