Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սուտ» եւ «ճիշտ» թվերը

Հոկտեմբեր 29,2005 00:00

Այսօր Ռոբերտ Քոչարյանն ավելի մեծ համբավ ու
վստահություն է վայելում երեւանցիների շրջանում, քան Ալիեւն ու Սահակաշվիլին՝ Բաքվի
ու Թբիլիսիի բնակիչների մոտ: Համենայնդեպս, այդպես են վստահեցնում
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի փորձագետները, որոնք 1 տարի շարունակ
հարցումներ էին անցկացրել միաժամանակ 3 երկրում՝ Հայաստանում Վրաստանում եւ Ադրբեջանում:
Սակայն այս դիտարկումը մի փոքր այլ կերպ պետք է ձեւավորված լիներ: Իլհամ Ալիեւի եւ
Միխայիլ Սահակաշվիլու նկատմամբ վստահությունն իջել է այս տարի, անցյալ տարի նրանց
վարկանիշը բնակչության շրջանում բավականին բարձր է եղել: Այնուամենայնիվ, երկու նախագահներին
էլ քաղաքացիները շարունակում են վստահել համապատասխանաբար 64.5 եւ 70.9 տոկոսով:
Իսկ Ռ. Քոչարյանի ցուցանիշային «նվաճումն» արդարացված է միայն 7 տոկոսով. նախորդ
տարի նրան վստահել է 30%-ը, այժմ՝ 37%-ը: Երեկ հարցման արդյունքները ներկայացնելիս
կազմակերպիչները հավաստիացրին, որ այս այլընտրանքային հետազոտությունը միանգամայն
տարբերվում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Ազգային վիճակագրական
ծառայության ուսումնասիրություններից. սրանք ճիշտ մեթոդաբանությամբ կազմված ճշգրիտ
տվյալներ են, որոնք, հյուրերից մեկի՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ հատկապես
կօգնեն հարեւան ընդդիմախոս երկրներին, որ համաշխարհային հանրությանը թյուրիմացության
մեջ չգցեն. «Փախստականների թվերի, օկուպացված տարածքների մասին սուտ-սուտ տվյալներ
են հրապարակում, մեզ էլ ներվային իրավիճակի մեջ գցում»: Պարոն Մարտիրոսյանն օրինակներ
բերեց նաեւ իսկական տվյալներից անտեղյակ հայ պաշտոնյաների ելույթներից. «Էն օրը մի
բարձրաստիճան պաշտոնյա ասեց, որ այս տարի Հայաստան է այցելել 300 հազար զբոսաշրջիկ:
Ստացվում է՝ օրական 1000 մարդ պիտի գա, բայց նման բան չի կարող լինել. մեր ինքնաթիռները
հաստատ օրական 1000 մարդ չեն տեղափոխում»: Ինչ վերաբերում է հարցման արդյունքներին՝
դրանք Հայաստանի համար տխուր էին հատկապես կրթության ոլորտում: Չնայած բոլոր 3 երկրներում
էլ բնակչության 30%-ից ավելին ունի տարրականից բարձր կրթություն, բայց պարզվում է՝
զուր ենք հարեւանների մոտ «գլուխ գովում», թե գրագետ ազգ ենք. Հայաստանում թերի բարձրագույն,
բարձրագույն եւ ետբուհական կրթություն ունի միայն 27%-ը, իսկ վրացիներն այս առումով
մեզնից առաջ են 15%-ով, ադրբեջանցիներն էլ ետ են ընդամենը 3%-ով: Հետազոտությունը
ցույց է տվել, որ միգրացիան մեր երկրում ավելի զգալի է, քան հարեւան երկրներում:
Ընդ որում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները հիմնականում գնում են աշխատանք գտնելու
ակնկալիքով՝ Ռուսաստան, իսկ վրացիները գնում են Եվրոպա՝ կրթվելու: Վրաստանում, ըստ
հարցման, դրական են վերաբերվում Հայաստանի հետ տնտեսական եւ քաղաքական համագործակցությանը,
բայց հայերն ավելի կողմ են Ադրբեջանի հետ «մերձեցմանը», քան Վրաստանի: Չնայած Վրաստանում
հանցագործությունների թիվը մյուս 2 երկրների համեմատ բավականին բարձր է, բայց այնտեղ
ոստիկանությանն ավելի շատ են վստահում, քան Ադրբեջանում ու Հայաստանում, որտեղ, ըստ
կազմակերպիչների, սովոր են վստահել միայն իրենց հարեւաններին ու բարեկամներին: Հարավային
Կովկասում՝ այդ թվում՝ Հայաստանում, բնակիչների մեծ մասը պատասխանել է, որ իրենց
տնտեսական պայմանները վերջին 3 տարիներին ավելի կամ էականորեն վատացել են. փաստորեն,
կառավարության արձանագրած տնտեսական աճի թռիչքային երկնիշ ցուցանիշներից բնակիչները
«խաբար» չեն: Ավելին՝ եթե ադրբեջանցիներն ու վրացիները հիմնականում հավատում են,
որ առաջիկա տարիներին գոնե երկրի վիճակը կբարելավվի, ապա Հայաստանում դրա հույսն
էլ չունեն. 58%-ն անորոշ է ու կառավարությունից ոչ մի սպասելիք՝ համենայնդեպս՝ լավ,
չունի: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել