Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱԼՆԻԻՍ ՄԵՋՏԵՂՈՒՄ ԾԱՌԸ ՉԷՐ ՆԱՅՎԻ»

Հոկտեմբեր 29,2005 00:00

Եթե առաջ կառուցապատողները «վիզ չէին
վերցնում», որ ծառ են հատել, հիմա «դուխով» խոստովանում են: Կուրղինյան
փողոցում, որն ավելի շատ հայտնի է Արարատյան զանգված անունով, վերջին 2-3 ամիսներին
բուռն շինարարություն է իրականացվում: Կառուցվում են հիմնականում բնակելի տներ ու
առեւտրի սրահներ: Նախկին կանաչապատ այդ տարածքում դեռ մի փոքր հատված մնացել էր անառիկ,
որտեղ կանգնած մի քանի հաստաբուն ծառեր հիշեցնում էին նախկին այգու մասին: Սակայն
օրեր առաջ կապույտ պաստառներով շրջափակվեց նաեւ այդ տարածքը, իսկ աչքներս չթարթած՝
ծառերից մնացին միայն կոճղերը: Խնդիրն այն է, որ բոլոր սեփականատերերն էլ
ունեն հողհատկացման եւ շինարարություն իրականացնելու քաղաքապետարանի թույլտվությունը:
Այնպես որ, երբ այս առնչությամբ հետաքրքրվում էինք, թե ինչո՞ւ են կտրել ծառերը, ասում
էին՝ «ուրեմն քաղաքապետարանը չգիտե՞ր, որ այստեղ ծառեր կային, եթե տարածքը տվել է
շինարարության համար, ուրեմն պարզ է, որ պիտի կտրեինք»: Ծառերից մեկը՝ 40-50-ամյա
վայրի թթենին դեռ նոր էր կացնահարվել, այն դեռ չէին հասցրել տանել: Բայց եթե անգամ
չկտրվեին էլ՝ շինարարները ծառերի արմատների վրա այնքան աղբ, ավազ ու երկաթբետոնե
ձողեր էին լցրել, որ մի քանի օր հետո դրանք իրենք իրենց տեղի կտային, կչորանային
ու կընկնեին: Շինարարներն ու մոտակա տարածքի սեփականատերերը «երդում-պատառ» կերան՝
պնդելով, որ թեեւ իրենց բանվորներն են հիմա շինարարական աշխատանքներ կատարում, բայց
այն տարածքը, որտեղ գտնվում է կացնահարված ծառը, իրենցը չէ. «Մենք դրա հետ կապ չունենք,
մեզ ծառերը չէին խանգարում»: Մինչ մենք հարցուփորձ էինք անում, թե գուցե տրակտորներն
են անզգուշաբար կոտրել, հարակից փողոցից ծեր ամուսիններ մոտեցան ու «քաջաբար» խոստովանեցին՝
«մենք ենք կտրել, ի՞նչ ես ասում»: Նրանց մեկնաբանությամբ՝ «տարածքում բնակելի տուն
ենք կառուցում, այստեղ մեր սպալնին պիտի լինի, իսկ սպալնիի մեջտեղով բարձրացող ծառը
մի տեսակ սիրուն չէր նայվի, դրա համար էլ կտրել ենք, ուզում եք՝ տամ՝ տարեք ձեր տան
մեջտեղը որպես դեկորացիա դրեք»: Ծառահատողը, որը մեզ ներկայացավ Հայկ Հունանյան,
«քաղաքապետարանից լավ դառնացած» էր. «Նոր եմ եկել էնտեղից, գնացի՝ Կամո Արեյանին
(փոխքաղաքապետին) մի լավ տեղը դրեցի, եկա»: Բնակչի պատմելով՝ դառնանալու պատճառը
հետեւյալն է. Կուրղինյան փողոցի հողատարածքները Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ
Վահան Զատիկյանի օրոք նախատեսված է եղել բաժանել Ղարաբաղի ազատամարտիկների ընտանիքներին:
Ըստ Հ. Հունանյանի՝ «ես անձամբ պատերազմին չեմ մասնակցել, բայց Արցախի ու Երեւանի
միջեւ ամբողջ սվյազն ապահովել եմ, իմ շնորհիվ են տեղափոխվել հանրապետությունից հանրապետություն»:
Բայց այնպես է ստացվել, որ ազատամարտիկների ընտանիքներին հողեր բաժանելիս Հունանյանին
չեն հիշել, ինչն էլ վրդովեցրել է «Ղարաբաղի համար ամեն ինչ արած» պապին. «Սաղ բաժանեցին
այնպիսի մարդկանց, ովքեր պատերազմի երես չէին տեսել, պատահական լակոտները դառան հողատեր,
ես մնացի»: Տեսնելով, որ իրեն ցուցակում չեն հաշվառել, Հ. Հունանյանը աճուրդով 3500
դոլարով գնել է Կուրղինյան փողոցի հողատարածքներից մեկը, որտեղ էլ կտրել է իրեն խանգարող
ծառերը: Հունանյանները հավաստիացնում են, որ քաղաքապետարանը չէր էլ կարող արգելել
իրենց կտրել ծառերը, որովհետեւ «Զախարյանն ինքը չի տնկել դրանք, բնական աճած թթենիներ
են»: Բացի այդ՝ նրանք ծառաջարդն արդարացնում էին այն հանգամանքով, որ տարածքը
ծայրամասում է. «Թող Հաղթանակի զբոսայգու, Նորքի այգիների մասին մտածեն: Մենք էլ
գեղեցկությունը սիրող-գնահատող անձնավորություններ ենք, Նորքով անցնելիս սրտներս
ճմլվում ա, սաղ այգիները ծառահատվել են, 150 տարեկան գյոզալական ծառերը կտրել, տարել
վառել են»: 40-ամյա թթենին կացնահարողներն իրենց մեղքը «քաված» էին համարում՝ բացատրելով,
որ մի հատ խանգարող ծառ կտրել են, փոխարենը՝ մյուս մայթի վրա, իրենց փոքրիկ առեւտրի
սրահի մոտ այգի են կառուցել. «Այնտեղ առաջ կռիսանոց ու աղբանոց էր, հիմա ընենց ենք
կանաչապատել, որ մարդիկ նստում, սեմչկա են չրթում ու հաճույք են ստանում: Բայց եթե
լինի մի ծառ, որ խանգարի քաղաքացիներից մեկին տնավորվելու, ծառ չէ՝ ինչ ուզում ա
լինի՝ պետք ա կտրվի»: «Գեղեցկությունը սիրող ու գնահատող» ծերունիները բողոքեցին
նաեւ Երեւանի ներկայիս տեսքից. «Մեկ-մեկ ուզում եմ տնից դուրս չգամ, որ չտեսնեմ՝
մեր քաղաքն ինչ օրի ա գցել: Բա քաղաքապետը չի տեսնո՞ւմ, որ քաղաքի դեմքը փոխվել ա,
Երեւանն էլ էն Երեւանը չի, նմանվել ա մի պճնված աղջկա»: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել