Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ

Հոկտեմբեր 29,2005 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ «Transparency International»-ի զեկույցի
համաձայն՝ այս տարի Հայաստանը զիջել է դիրքերը կաշառառության դեմ պայքարի ոլորտում:
2004-ի համեմատությամբ՝ կոռուպցիայի ընկալման մակարդակը Հայաստանում
աճել է. անցյալ տարի զբաղեցնում էինք 82-րդ տեղը, իսկ 2005-ին՝ 88-րդ հորիզոնականը:
Մեր խնդրանքով մեկնաբանելով այս փաստը՝ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, որ զբաղվում
է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ՝ ասաց. «Ուսումնասիրությունն
այս անգամ անցկացվել է շատ ավելի մեծ թվով՝ շուրջ 159 երկրների մեջ, քան անցյալ տարի,
երբ դիտարկվել էին 146 երկրներ: Մենք կոռուպցիայի ընկալման ցուցանիշով 3,0-ից իջել
ենք 2,9-ի: Իսկ նախորդ տարի մեր այդ ցուցանիշն ավելացել էր 0,1 կետով: Չեմ կարծում,
թե կա էական տարբերություն: Սա նաեւ ոչ թե կոռումպացվածության, այլ հասարակական ընկալման
ցուցանիշ է, իսկ ընկալման վրա ներազդող բազմաթիվ գործոններ կան: Օրինակ, շատ երկրներում
հայտնի են դեպքեր, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հետ միաժամանակ
աճում է նաեւ հասարակական ընկալման սանդղակը: Այսինքն՝ հասարակությանն ինչքան շատ
ես ասում, որ կատարվել են կոռուպցիոն հանցագործություններ, այնքան աճում է ընկալումը:
Դա չի նշանակում, թե աճում է կոռուպցիան: Այս իմաստով սխալ էին գնահատականները, թե
Հայաստանը հետընթաց է ապրել անցած տարվա համեմատ՝ կոռուպցիան ավելացել է: Կարծում
եմ, սա կարելի է գնահատել որպես ուղղակի ապացույց, թե այս խնդրի մասին վերջին 2-3
տարիներին շատ ավելի բաց է խոսվում ու շատ ավելի խորությամբ է հասարակությանը ներկայացվում,
թե ինչ է կոռուպցիան ու ինչ դրսեւորումներ կարող է ունենալ»: Հիշեցնենք, որ
«Transparency International»-ի զեկույցի հեղինակները փաստել են. «Հակառակ տարբեր
ճակատներում ձեռք բերված հաջողությունների, աշխարհի 70 երկրներ հավաքել են 3-ից պակաս
միավոր, ինչը վկայում է, որ կոռուպցիան այնտեղ լուրջ պրոբլեմ է»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել