Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց գտնենք միջազգային այլ փորձագետներ

Հոկտեմբեր 29,2005 00:00

Որ նաեւ բացասական կարծիքներով
հավասարակշռենք այն քարոզչությունը, որ տանում են սահմանադրական փոփոխությունների
օգտին միջազգային փորձագետները: Եվրոպայի խորհրդի Հայաստանի
տեղեկատվական գրասենյակը երեկ կազմակերպել էր սեմինար՝ «Լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը
եւ սահմանադրական հանրաքվեի լուսաբանումը» թեմայով: Քննարկման մասնակիցները
հայ լրագրողներին հորդորում էին հանրաքվեի լուսաբանման ժամանակ պահպանել անաչառություն,
ապահովել դրական եւ բացասական կարծիքների ներկայացման հավասարակշռվածություն: ԲԻ-ԲԻ-ՍԻ
ընկերության քաղաքական բաժնի գլխավոր խմբագիր Աշոկ Ահիրն անգամ մի օրինակ բերեց,
որ եթե հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ԲԻ-ԲԻ-ՍԻ զանգահարեն 20 հեռուստադիտող, որոնցից
19-ը կողմ արտահայտվի, իսկ 1-ը՝ դեմ, ապա հեռուստաընկերությունը եթեր կհեռարձակի
միայն 1 դեմ եւ 1 կողմ արտահայտվողի: Եվ անխախտ կանոն է՝ քանի անգամ իրենք եթեր են
տրամադրում Սահմանադրությանը «կողմ» քարոզողներին, նույնքան էլ պիտի արտահայտվելու
հնարավորություն տան «դեմ» քարոզողներին: Նման հորդորներից հետո «Կենտրոն»
հեռուստաընկերության ներկայացուցիչ Պետրոս Ղազարյանը տարակուսեց՝ թե մեզ բացատրում
եք, որ մեկնաբանությունները պետք է լինեն հավասարակշռված, սակայն ինչ սկսվել է հանրաքվեի
քարոզարշավը՝ գրեթե օր չկա, որ եվրոպական որեւէ կառույցի ներկայացուցիչ միանշանակ
հանդես չգա հօգուտ «այո»-ի: «Անգամ չեմ հիշում մեկի, որը կասեր, թե «ոչ»-ն էլ իր
տեղն ունի,- ասաց Պետրոս Ղազարյանը՝ նման գործելակերպը բնորոշելով իբրեւ կոպիտ քարոզչություն:-
Դուք ամեն օր կարծիք եք հայտնում՝ մենք էլ ամեն օր լուսաբանում ենք»: Ի պատասխան
Աշոկ Ահիրը խորհուրդ տվեց առավել կենտրոնանալ մարդկանց, հանրության տեսակետների վրա:
Իսկ «Ռադիո Սլովենիայի» ավագ խմբագիր Գոյկո Բերվարը հակադարձեց, թե լրագրողների դերն
է, որ հավասարակշռեն կարծիքները ու ներկայացնեն նաեւ այլ փորձագետների տեսակետներ:
«Առավոտի» հարցին ի պատասխան՝ քննարկման մասնակիցներն անդրադարձան «Հանրաքվեի
մասին» օրենքի այն դրույթին, որն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է մասնակցել
քարոզչությանը: Քաղաքական հետազոտությունների Թուրփանջյան կենտրոնի տնօրեն Լուսիկ
Դանիելյանը, որ շուրջ 15 տարի է՝ բնակվում է Հայաստանում, սակայն ՀՀ քաղաքացի չէ՝
այս արգելքը դիտարկեց իբրեւ խոսքի եւ արտահայտվելու ազատության սահմանափակում: Եվ
հույս հայտնեց, որ լրագրողները կարծարծեն այդ հարցը, թե ինչով են արդարացվում նման
սահմանափակումները: Սակայն Աշոկ Ահիրը նշեց, թե Մեծ Բրիտանիայում էլ ընտրությունների
ժամանակ չես լսի օտարերկրացու կարծիք, թեեւ օրենքով չկա նման սահմանափակում. «Եվրամիության
մեջ էլ մի ազգը չի խառնվում մյուս ազգի ընտրությանը»: Իսկ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի
փորձագետ Օուեն Մասթերզը նկատեց, թե այստեղ կա մի նուրբ սահման՝ արդյոք արդյունավե՞տ
է, որ օտարերկրացիները հուշեն, թե ինչն է լավ. «Մարդիկ չեն սիրում, որ այլ երկրներից
իրենց ասեն, թե ինչպես պիտի քվեարկեն: Եվ եթե անցնես այդ գիծը՝ գործընթացը կարող
է շրջվել հակառակ ուղղությամբ»: Վենետիկի հանձնաժողովի այս փորձագետը նշեց, թե սահմանադրական
փոփոխությունների մասին իր տեսակետը հայտնել է նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը.
«Եվ ոչինչ չեմ ասել «այո»-ի կամ «ոչ»-ի մասին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել